HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուբվենցիոն ծրագրեր. համայնքապետերի մերձավորները՝ մրցույթների հաղթողներ

Կառավարությունը 2020թ.-ին հաստատել է սուբվենցիոն 580 ծրագիր, որոնց աշխատանքներն իրականացնելու համար անցկացվել են մրցույթներ։ Ինչպես նախկինում, այս անգամ էլ մրցույթներում հաղթող են ճանաչվել ոչ պատահական ընկերություններ:

Կառավարությունը նշված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 14 մլրդ 310 մլն դրամ է հատկացրել պետական բյուջեից։ Համայնքների համաֆինանսավորման չափը կազմել է 11 մլրդ 69 մլն դրամ, իսկ այլ կազմակերպությունների ու մասնավոր ներդրումների չափը՝ 742 մլն դրամ:

Հետք Մեդիա Գործարանի թիմն ուսումնասիրել է երեք՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Նշված մարզերի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020թ. պատերազմի հետևանքով այս մարզերի զգալի թվով համայնքներ դարձել են սահմանամերձ, իսկ սուբվենցիոն ծրագրերի մի մասը չի իրականացվել:

Սյունիքի մարզ. քաղաքապետի մերձավորից մինչև «Տաշիր Գրուպ»

Սյունիքի մարզում Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերից շատերը շարունակվելու են այս տարի։ Սյունիքի մարզպետարանի տվյալների համաձայն՝ մարզում 2020թ. պետք է իրականացվեր 6 մլրդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, սակայն դրանցից ոչ բոլորն են ավարտին հասցվել՝ պայմանավորված պատերազմով։

26 սուբվենցիաները ներառում էին համայնքների համար աղբատար մեքենաների ձեռքբերման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) վերանորոգման, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման, խմելու ջրագծի և կոյուղագծերի կառուցման, մշակույթի տների, մանկապարտեզների, և կրթական նշանակություն ունեցող կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Այդ ծրագրերի մեծ մասը Կապան, Գորայք, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Տաթև և Գորիս համայնքներում են իրականացվում, որոնցից տասը խոշորներն իրականացվել են Կապան, Սիսիան և Քաջարան համայնքներում։

Մասնավորապես՝ Կապան համայնքում սուբվենցիոն ծրագրեր իրականացվել են 7 բնակավայրում, այդ թվում նաև սահմանամերձ Դավիթ Բեկում։ 

Համայնքապետի հոր ընկերությունը՝ սուբվենցիոն ծրագիր իրականացնող

Kapan_subvention1.png (133 KB)

Կապան համայնքի 961 մլն դրամ արժեքով «Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում» ծրագիրն իրականացնողները «Կապանի ՃՇՇ», «Կաոլին» և «Կապանի նորոգշին» ընկերություններն են։ «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի տնօրենը համայնքապետ Գևորգ Փարսյանի հայրն է՝ Ռազմիկ Փարսյանը, որն ընկերությունը ղեկավարում է 2008 թ.-ից։

Այս ընկերությունն իրականացրել է նաև Կապան քաղաքի թիվ 8 և Դավիթ Բեկ բնակավայրի ՆՈՒՀ-երի շենքերի վերանորոգման և Վարդավանք բնակավայրում այլընտրանքային ՆՈՒՀ-ի համար նախատեսվող շենքի վերանորոգման աշխատանքները։

Կապան համայնքի 211 մլն դրամ արժեքով «Եղվարդ գյուղի խմելու ջրագծի կառուցում և Ագարակ գյուղի ջրագծի վերանորոգում ու ՕԿՋ-ի կառուցում» ծրագիրն իրականացնող ընկերությունը «Շին աշխարհ» ՍՊԸ-ն է, որի շարժական գույքի վրա 2021թ. արգելանք է դրվել։

Գորիսի նախկին քաղաքապետին փոխկապակցված ընկերությունն է իրականացրել սուբվենցիոն ծրագիրը

Goris_subvention.png (126 KB)

Սուբվենցիոն ծրագիր իրականացնող մեկ այլ ընկերություն էլ՝ «Ավա-Բիլդինգ» ՍՊԸ-ն, կապված է Գորիսի նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ: Վերջինս համայնքը ղեկավարել է 2017թ. հուլիսից մինչև սեպտեմբեր։ 2015-2018թթ. ընկերությունը ղեկավարել է Վաչագան Ադունցի կինը՝ Վարդուհի Փարսադանյանը։ Իսկ 2018-ի հունվարից Վաչագան Ադունցն է ստանձնել ընկերության ղեկավարի պաշտոնը։

«Ավա-Բիլդինգ» ՍՊԸ-ն 6 այլ ընկերության հետ իրականացրել են 240 մլն դրամի «Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում» սուբվենցիոն ծրագիրը։

Սյունիքի խոշորագույն սուբվենցիոն ծրագիրն իրականացրել է գործարար Սամվել Կարապետյանին փոխկապակցված ընկերությունըQajaran_subvention.png (118 KB)

Սյունիքի մարզի սուբվենցիոն ամենախոշոր ծրագիրը Քաջարան համայնքի 1 մլրդ 706 մլն դրամ արժեքով «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագիրն է։

«Հետք»-ի հետ զրույցում, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը նշեց, որ այս ծրագիրը կենսական նշանակություն ունի համայնքի համար։

«Էներգախնայողության հարցը մեզ համար առաջնահերթություն է»,- ասաց Գաբրիելյանը։

Այս ծրագիրն իրականացնող ընկերությունը «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն է, որը նաև աշխատանքներ է իրականացրել Մեղրի համայնքում։ «Տ-քնսթրաքշն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2016թ․-ի ապրիլին։ Պետռեգիստրից ձեռք բերած կանոնադրության համաձայն՝ ընկերությունը պետական գրանցման պահին մեկ բաժնետեր է ունեցել՝ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն։ «Տաշիր Կապիտալ»-ը պատկանում է ռուսաստանաբնակ տաշիրցի գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին։

Քաջարան համայնքի 766 մլն դրամ արժեքով «Համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում, բարեկարգում» ծրագիրը իրականացրել են  «Կապանի Նորոգշին» և «Ապառաժ» ՍՊԸ-ները։ 246 մլն դրամ արժեքով «Համայնքի բնակավայրերում պուրակների, մարզահրապարակների և խաղահրապարակների կառուցում, վերակառուցում» ծրագիրն իրականացրել է «Թունել» ՓԲԸ-ն։

Նախկին ՀՀԿ-ական պատգամավորն է իրականացրել Սիսիանի սուբվենցիոն ծրագիրը

sisian_subvention.png (80 KB)

Սիսիան համայնքում սուբվենցիոն ծրագրերը գրեթե ամբողջությամբ ավարտված են։

Սիսիան համայնքում 565 մլն դրամ արժեքով «Սայաթ-Նովա, Շահումյան, Ա, Մանուկյան փողոցները, Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածի և Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցի հիմնանորոգում» ծրագիրն իրականացնող «Հիդրո» ՍՊԸ-ն կապված է 2017-2018թթ. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ավետ Սարգսյանի հետ, որն ընկերության տնօրենի պաշտոնը թողել է պատգամավորական մանդատ ստանալուց հետո։ «Հիդրո» ՍՊԸ-ն, բացի Սիսիան համայնքից, սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել նաև Գորայքում՝ կատարելով կոյուղագծերի և խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզ. մրցույթներում հաղթող է ճանաչվել քաղաքապետի կնոջ ընկերությունը

2020թ. ընթացքում Գեղարքունիքի մարզի 50 համայնքում և բնակավայրերում իրականացվել է 100-ից ավելի ծրագիր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Գեղարքունիքը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է:

2020թ. ընթացքում մարզում ամենամեծ պայմանագրային արժեք ունեցող  ծրագրերից մեկը նախատեսված է եղել իրականացնել Գեղամասար խոշորացված համայնքում (կենտրոնը՝ Սոթք): Սակայն «Գեղամասար համայնքի 12 բնակավայրում խմելու ջրի ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կառուցում կամ վերակառուցումը», որի համար նախատեսված էր տրամադրել  մոտ 240 մլն 186 հազար դրամ, մասամբ չի իրականացվել ռազմական դրության պատճառով:

Գեղամասարի համայնքապետի խորհրդական Դավիթ Շահնազարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ համայնքում թերի մնացած բոլոր աշխատանքներն ավարտին չեն հասցվել պատերազմի պատճառով: 3 գյուղում՝ Սոթք, Արեգունի, Նորաբակ, մասամբ է իրագործվել ծրագիրը, իսկ Փոքր Մասրիկում ընդհանրապես չի կառուցվել:

Մարտունիում 2020թ. իրականացվել է 3 ծրագիր: 4 մանկապարտեզի և մարզադպրոցի շենքերի տանիքներին արևային ջրատաքացուցիչներ և համայնքապետարանի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրումը 29 մլն 510 հազար դրամով իրականացրել է «Արմեն-Մար» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է Մարտունիի համայնքապետ Արմեն Ավետիսյանի կնոջը՝ Մարինա Հովեյանին: 

Martuni subvention.png (117 KB)«Հետքի» հետ զրույցում Արմեն Ավետիսյանն ընդգծեց, որ որդին արդեն 3 տարուց ավել է, ինչ զբաղվում է ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ, և նմանատիպ ծրագիր իրականացրել է նաև Ջերմուկում: 

«3-4 ընկերություն մասնակցել է մրցույթին: Մանրամասները չգիտեմ, բայց իմ տղան շուրջ 9 միլիոն իջել է և իր քաղաքի համար ինքնարժեքով է տեղադրել կայանը: Նման գին գոյություն չունի ոչ մի համայնքում, այսինքն՝ ինքն ավելի սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել: Եթե ես համայնքապետ եմ, իմ տղան իրավունք չունի՞ բիզնեսով զբաղվելու: «Արմեն - Մարն» ինչ էլ որ շահել է, ամեն ինչ արել է, որ ի շահ համայնքի լինի», - ասում է համայնքի ղեկավարը:

Նախկին փոխմարզպետին փոխկապակցված ընկերությունն է իրականացրել  սուբվենցիոն ծրագիրը

Martuni_subvention1.png (122 KB)130 մլն 115 հազար դրամ արժեցող «Մարտունու Երևանյան փողոցի երթևեկելի հատվածի ասֆալտապատում և մայթերի կառուցում» ծրագիրն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Արմեն Ղուկասյանի եղբայրը՝ Արտուշ Ղուկասյանը, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետն է (2003-2012 թթ.): Արտուշ Ղուկասյանի մյուս եղբայրը՝ Ռուբիկ Ղուկասյանը, երկար տարիներ զբաղեցրել է իրանց ծննդավայր Վերին Գետաշենի համայնքապետի պաշտոնը: Բացի այս ծրագրից, «Շանթ-Սեյրանը» Գեղարքունիքի ևս 5 համայնքում է ծրագիր իրականացրել 2020 թվականին:

Ամենամեծ պայմանագրային արժեք ունեցող ծրագրով (247 մլն 781 հազ. դրամ), նախատեսվում է Ներքին Գետաշեն համայնքի փողոցների ասֆալտապատում։

Համայնքապետ Կարո Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ եղանակային վատ պայմանների պատճառով աշխատանքները հետաձգվել էին, մնացել է մոտ 200 մետր, որ ավարտին հասցնեն։

Ներքին Գետաշենի գլխավոր հիմնախնդիրներից է կոյուղու բացակայությունը, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով նախապատվություն է տրվել այլ ծրագրի. «Այս խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատում ենք, սակայն կոյուղիների ծախսը շատ-շատ է: Միայն կայանը մի քանի միլիոն դոլար արժե` չհաշված գծերը: Ընդհանուր մեծ գումար է, դրա համար դիմել ենք մի քանի անգամ, ասում են՝ մի քիչ համբերեք, տեսնենք: Պետության կողմից ներկայացվելիք գումարը շատ-շատ է, որ պետք է տրվի: Մեր գյուղն էլ «Վեոլիան» է սպասարկում: «Վեոլիայի» համաձայնությունն է պետք, իրենք էլ պետք է ներդրում ունենան»,- ասում է համայնքապետը:

Ծակքարում 2020 թվականին իրականացվել է 3 սուբվենցիոն ծրագիր:

«ՎՄՎ քամփնի» ՍՊԸ-ն 2020թ.-ին 2 ծրագիր է իրականացրել Ծակքար համայնքում. «Բնական կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցում և լուսավորում» և «Համայնքի 6-րդ փողոցի ասֆալտապատում»: Համայնքապետ Գվիդոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները չեն կատարվել, քանի որ այդ մասում նախ ջրագծերը պետք է փոխվեն: 

Ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններն են իրականացրել սուբվենցիոն ծրագրերը

Tsakqar_subvention.png (77 KB)«3-րդ և 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցումը» Ծակքարում իրականացրել է հենց այս համայնքում գրանցված «Ալ-Մասքա» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնետերը մինչև 2020թ. ապրիլը եղել է Մեսրոպ Ալեքսանյանը, որը նաև համայնքի ավագանու անդամ է: Պարզաբանելով այս իրավիճակը՝ համայնքապետը նշեց, որ մրցույթ է հայտարարվել. ով դիմել և շահել է, նա էլ իրականացրել է աշխատանքները:

Ծովագյուղում 2020թ. իրականացվել է երկու ծրագիր: Երկուսն էլ ավարտին են հասցվել: Ծովագյուղ համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը կատարել է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն, որը գրանցված է համայնքում: Ծրագրի պայմանագրի արժեքը 97 մլն 327 հազար դրամ է: Ուշագրավ է, որ ընկերության տնօրեն Նորիկ Սիմոնյանի որդին՝ Արամ Սիմոնյանը, համայնքի ավագանու անդամ է:

Tsovagyugh subvention.png (122 KB)Համայնքապետ Վահրամ Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մրցույթը կազմակերպել է մարզպետարանը, հետևաբար որևէ կոռուպցիոն ռիսկ չի կարող լինել: Մարզպետարանի քաղաքաշինության բաժնի ղեկավար Արմեն Զոհրաբյանը հաստատեց, որ ճանապարհաշինական ծրագրերի մրցույթները, որոնց նախագծային արժեքը չի գերազանցում 150 միլիոն դրամը, կազմակերպում է մարզպետարանը: 

Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունն է իրականացրել սուբվենցիոն ծրագիրը

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ն 2 ծրագիր է իրականացրել Գեղարքունիքի մարզում՝ Սարուխանում և Զոլաքարում:

Զոլաքարում ընկերությունը խմելու ջրի ներքին ցանց է կառուցել 114 մլն 900 հազար դրամ արժեքով, իսկ Սարուխանում 47 մլն 133 հազար դրամ պայմանագրային արժեքով իրականացրել է թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգումը /1-ին փուլ/: 

Zolakar subvention.png (120 KB)

Վայոց Ձոր. նախկին մարզպետի ընկերությունն է իրականացրել սուբվենցիոն ծրագրեր

2020թ. Վայոց Ձորի մարզում իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է 1 մլրդ 186 հազար դրամ, որից 436 մլն 250 հազար դրամը եղել է համայնքների մասնաբաժինը, իսկ մնացածը՝ Կառավարության:

2019 թվականին Արենի, Գլաձոր, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ, Մալիշկա, Վայք, Ջերմուկ համայնքներում իրականացված սուբվենցիայի ծրագրերից որոշները չեն իրականացվել կամ հետաձգվել են տեխնիկական կամ թերի կատարված աշխատանքների պատճառներով։ Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի համար ընկերություններին տրվել է 592 մլն 820 հազար դրամ։ Դրանց ֆինանսավորման մի մասը եղել է համայնքի մասնաբաժինը (249 մլն 250 հազար դրամ), իսկ մնացյալը համաֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներից (343 մլն 570 հազար դրամ)։

Արենի համայնքում խոշոր ծրագրեր է իրականացրել Մհեր Սեդրակյանի որդու «Բիդեք» ՍՊԸ-ն։ Արենի բնակավայրում իրականացվել են մեքենատրակտորային պարկի կառուցումը, Աղավնաձոր բնակավայրում 2 հենապատի, ինչպես նաև Արենի համայնքի Ագարակաձոր, Ելփին, Խաչիկ, Ռինդ բնակավայրերի ոռոգման ջրագծերի կառուցումը։ Ընդհանուր գումարը կազմել է 116 մլն 540 հազար դրամ։

«Արմեն-Մար» ՍՊԸ-ն Ջերմուկ համայնքում իրականացրել է մինչև 300 կվտ/ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում, գումարը կազմել է 82 մլն 62 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2020թ., սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ավարտվել են 2021թ.-ին: Պետական բյուջեի մասնաբաժինը վճարվելու է աշխատանքների արդյունքի ընդունումից հետո:

Հիշեցնենք, որ «Արմեն-Մար» ՍՊԸ-ի տնօրենը Մարինա Հովեյանն է, որը Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի կինն է։

«Մավշին» ՍՊԸ-ն և «Շինաշխարհ» ՍՊԸ-ն Զառիթափ համայնքում իրականացրել են Զառիթափ և Սարավան բնակավայրերի աղբյուրների գլխամասային կառույցների, ջրագծերի և ջրատարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ, և երկու ընկերության կապալառուի հետ կնքված պայմանագրի գումարի չափը կազմել է 83 մլն 340 հազար դրամ, որից «Մավշին» ՍՊԸ-ինը՝ 65 մլն 700 հազար դրամ, իսկ «Շինաշխարհ» ՍՊԸ-ինը՝ 17 մլն 630 հազար դրամ։

Նշենք նաև, որ «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մաթևոսյանին պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորության հանգամանքով մեղադրանք էր առաջադրվել, ըստ որի՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք էր դրվել նրան պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:

Խոշոր ծրագրեր են իրականացվել Գլաձոր համայնքում։ «Լայն շին» ՍՊԸ-ն և  Ժիլյո Ա/Կ-ն Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում կատարել են ցամաքուրդի (դրենաժ) կառուցում և Վերնաշեն բնակավայրում ջրաչափական հորերի կառուցում։ Ծրագրի համար ֆինանսավորվել է 46 մլն 22 հազար դրամ։ Ժիլյո Ա/Կ-ն Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում կատարել է մշակույթի տան դահլիճի նորոգում՝ մշակութային միջոցառումների իրականացման համար նոր իրականացվող կցակառույց։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր ծրագրերը իրագործվել են, սակայն հանդիսությունների սրահի կցակառույցի ծրագիրը բարդ է, դեռ ընթացքի մեջ է, և նաև նոր տենդերներ են անհրաժեշտ։ Վերջինս ֆինանսավորվել է 25 մլն 590 հազար դրամ:

«Լայն Շին» ՍՊԸ-ն կատարել է Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի որոշ փողոցների գազիֆիկացման համալրում, Գլաձորի մշակույթի տան և Վերնաշենի մանկապարտեզի գազիֆիկացում: Այս ծրագրին հատկացվել է 29 մլն 810 հազար դրամ։  

Gladzor subvention.png (124 KB)

«Լայն Շին» ՍՊԸ-ի տնօրեն Մասիս Շամիլյանի կինը՝ Լուսինե Բեկչյանը, «Իմ քայլը» խմբակցության փորձագետ է:

Արենի համայնքում մի քանի ընկերությունների հետ սուբվենցիայի ծրագրեր է իրականացրել նաև «Արփա Շին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը մինչև 2018թ.-ի օգոստոս ամիսը կոչվել է «Սաղաթելյան եղբայրներ», իսկ դրանից հետո՝ «Արփա շին»։ Ընկերության միանձնյա բաժնետեր Արագած Սաղաթելյանը եղել է Վայքի նախկին քաղաքապետ, Վայոց Ձորի նախկին մարզպետ։ Մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թ. հունիսի մեկին, իսկ հոկտեմբերի 3-ին՝ հրաժարվել պաշտոնից։   

Areni subvention.png (85 KB)

Հեղինակներ՝ Լուսինե Ոսկանյան, Սուսինա Խաչատրյան, Գոհար Պետրոսյան

Համակարգող՝ Գրիշա Բալասանյան

Մեկնաբանություններ (2)

Արամ
Վայոց ձորում Բոլոր շինարարներն էլ նվիրված են աշխատել։ Շատ եք չարչարվել, կապեր չեք գտել որեւէ մեկի հետ: Մավշինի վրա տակառ մի գլորեք; Քրտինքով աշխատող մարդիկ են, ամեն բան հերքվել է:
Մխիթար
ՄԱՎՇԻՆ,, ՍՊԸ _ի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար ներեղություն կխնդրեք ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter