Համայնքների ղեկավարների նկատմամբ Կառավարութունը խտրական մոտեցում է դրսևորել
Հայաստանում վերջին անգամ տեղական ինքնակառավարման մարմինների լայնամասշտաբ ընտրություններ տեղի են ունեցել 2016թ.-ին, և այդ համայնքներում այս տարի լրանում է ՏԻՄ-երի պաշտոնավարման հինգ տարին: Բազմաթիվ համայնքներում արդեն իսկ լրացել է ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների ժամկետը: Կառավարությունն այդ համայնքների մի մասում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել, մի մասում՝ պաշտոնավարման ժամկետները լրացած համայնքների ղեկավարներին թույլատրվել է շարունակել իրենց գործունեությունը մինչև ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան:
Ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվելուց հետո կամ՝ որոշում է կայացվել երկարաձգել նրանց գործունեության ժամկետը մինչև նոր ընտրություններ, կամ՝ վաղաժամ դադարեցվել է: Բազմաթիվ համայնքներ մեկ տարուց ավելի է ավագանի չունեն, իսկ ընտրված համայնքի ղեկավարին փոխարինել են ժամանակավոր պաշտոնակատարով։ Այսինքն՝ այդ համայնքներում տեղական ինքնակառավարումը դադարեցվել է և կառավարումն իրականացվում է գործադիրի նշանակած պաշտոնակատարների միջոցով։
2016թ. ապրիլի 22-ին ՏԻՄ ընտրություններ էին տեղի ունեցել Հանրապետության 24 համայնքում, այդ համայնքապետերի պաշտոնավարման շրջանը նույնպես ավարտվել է: Անցնող ամիսներին Արարատի մարզի 5 գյուղական համայնքից 3-ում, լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ, Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել նոր անձանց: Երկուսում պաշտոնակատար են նշանակվել գործող համայնքապետերը:
Արմավիրի մարզի 10 համայնքից 8-ում համայնքների ղեկավարների պաշտոնավարման ժամկետը լրացել է, և մարզպետի որոշումով երկարաձգվել է նրանց պաշտոնավարման շրջանը: Արմավիրի մարզի ևս երեք համայնքում՝ Ամբերդ, Նորապատ, Դողս, նոր պաշտոնակատարներ են նշանակվել:
Լրացել է նաև Արագածոտնի մարզի Թալին և Վերին Սասնաշեն համայնքների ղեկավարների պաշտոնավարման շրջանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով առաջիկայում Թալինը խոշորացվելու է նախկին շրջանով: Սակայն մինչև ընտրությունները, վարչապետը Թալին համայնքի նոր պաշտոնակատար նշանակեց Տավրոս Սափեյանին, իսկ Վերին Սասնաշեն համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց:
Կոտայքի մարզի Քանաքեռավան և Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքներում պաշտոնակատարներ նոր անձինք նշանակվեցին:
Լոռու մարզում պաշտոնակատարներ են նշանակվել Սպիտակ և Սարամեջ համայնքներում: Սպիտակ համայնքը նույնպես խոշորացվելու է առաջիկայում, բայց մինչ այդ, վարչապետի որոշումով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար նշանակվեց:
Նշենք, որ Լոռու մարզի քաղաքային համայնքների մի քանիսում դեռևս անցյալ տարվանից վարչապետը պաշտոնակատարներ է նշանակում: Համայնքներից մի քանիսում նաև ավագանու լիազորություններն են վաղաժամկետ դադարեցվել և այդ համայնքներում, ըստ էության, տեղական ինքնակառավարում չի իրականացվում։
Ստեփանավան համայնքում 2020թ. նոյեմբերի 24-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց, իսկ ավագանու լիազորությունները մինչ այդ՝ 20.08.2020թ.-ին, դադարեցվել էր: Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց առաջ ավագանու 9 անդամից 6-ը հրաժարական էր ներկայացրել, ուստի այս համայնքում նույնպես ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էր: Գյուլագարակ խոշորացված համայնքում նույնպես համայնքի ղեկավարի պաշոնակատար է նշանակված։
Սահմանադրական դատարանը կքննի համայնքապետերի դիմումը
Համայնքների ընտրված ղեկավարներին պաշտոնակատարներով փոխարինելու տենդենցը սկսվել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: Համայնքների գործող ղեկավարներին հրաժարական տալ են հարկադրել քրեական գործեր հարուցելու միջոցով, քաղաքական հետապնդումների հետևանքով և վերջապես լիազորությունների ժամկետը լրանալու հիմքով: Այս ընթացքում եղան համայնքներ, որտեղ նաև պաշտոնակատարին նոր պաշտոնակատարով փոխարինեցին՝ Տաթև, Արամուս և այլ համայնքներում:
Այս տարվա փետրվարի 26-ին լիազորությունների ժամկետը լրանալու հիմքով համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ նշանակվեցին Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքներում, իսկ ավագանու լիազորությունները երկարաձգվեցին: Նշված երեքը Հանրապետությունում առաջին խոշորացված համայնքներն են եղել, որտեղ 2016թ. փետրվարի 14-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն տեղի ունեցավ: Փետրվարի 14-ին այդ համայնքներում լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների ժամկետը, սակայն նոր ընտրություններ չնշանակվեցին, քանի որ մեր երկրում 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը պահպանվում էր:
Նշենք, որ Դիլիջան, Թումանյան, Տաթև, Տաշիր, Ալավերդի, Արթիկ համայնքների ղեկավարները Կառավարության այս մոտեցումը խտրական վերաբերմունքի դրսևորում համարեցին և փետրվարի 14-ին դիմեցին Սահմանադրական դատարան (ՍԴ): Համայնքների ղեկավարները վիճարկում են 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1. մասիև 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ, 9-րդ, 179-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
Ավելի ուշ ՍԴ նույն բովանդակությամբ դիմում ներայացրեց Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի արդեն նախկին ղեկավար Արման Ղազարյանը և ՍԴ-ն որոշեց միավորել համայնքների ղեկավարների դիմումները և քննել 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ գրավոր ընթացակարգով։
Հավանաբար, ՍԴ-ն կքննի ոչ միայն ավագանու և համայնքների ղեկավարների նկատմամբ Կառավարության դրսևորած խտրական վերաբերմունքը, այլև համայնքների ղեկավարների միջև դրսևորված խտրականությունը, երբ առանց հիմնավորելու մեկին թույլատրվեց շարունակել պաշտոնավարումը, իսկ մյուսին՝ ոչ:
Աշնանը ՏԻՄ ընտրութուններ կանցկացվեն
Երկարատև ընդհատումից հետո, 2021թ. հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման ընտրություններ տեղի կունենան մեր երկրում: Համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են նշանակված Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Այս համայնքներում ազգային փոքրամասնություններ են բնակվում՝ Շամիրամն ու Ֆերիկը եզդիական համայնքներ են, իսկ Ֆիոլետովոն մոլոկանների բնակավայրն է:
2021թ. հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ տեղի կունենան նաև Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս,Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:
Հիշեցնենք, որ Գորիս և Մեղրի համայնքների ղեկավարները, որոնք ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի աջակիցներն են և պատգամավորներ ընտրվեցին, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կալանավորվեցին: Սյունիքի մարզի Տեղ, Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրությունները տեղի են ունեցել 2016թ.-ին, և քանի որ դրանք արդեն խոշորացված համայնք են, հերթական ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան:
2016թ. հոկտեմբերի 2-ին առաջին անգամ համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ տեղի ունեցան Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Այս անգամ ընտրություն է նշանակված միայն Գյումրի քաղաքում, քանի որ Վանաձորը միավորվելու է այլ համայնքների հետ, խոշորացնելու նախագիծն արդեն հրապարակել է ՏԿԵ նախարարությունը:
Մեկնաբանել