
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Ըստ ԱԱԾ-ի՝ նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Այս մասին առաջինը երեկ գիշեր ահազանգել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ եւ հրաժարվում են բացել:
«Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:
Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:
Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ-ը:
Թաթոյանի տեղեկություններով՝ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:
«Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել»,- նշել է Պաշտպանը:
Վաղ առավոտյան նա այս միջադեպով հատուկ հաղորդումներ է ուղարկել համապատասխան միջազգային մարմիններին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել