HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նրա եղբայրը կահույք են մատակարարում պետական մարմիններին

Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ու իր եղբայրը իրենց պատկանող երկու ընկերություններով կահույք են մատակարարում պետական տարբեր գերատեսչություններին։ Վահան Նարիբեկյանը՝ մինչև բարձր պաշտոնին նշանակվելն էլ սերտ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ, նա խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի ընկերն է։

Վերը նշված երկու ընկերությունները «Արգավանդ կահույք» և «Դամկար» ՍՊԸ-ներն են։ Իրավաբական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 14-ին։ Ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը Վահան Նարիբեկյանն է։ Մինչև վերջերս նա նաև ընկերության տնօրենն էր, սակայն օգոստոսի 12-ին տնօրենի պաշտոնը նա փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, քանի որ օգոստոսի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Վահան Նարիբեկյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

Տասնյակ գնումներ՝ 2018-ի իշխանափոխությունից հետո

Ընկերության անվանումից արդեն իսկ հասկացվում է, որ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում Արարատի մարզի Արգավանդ համայնքում։ Թեպետ ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, սակայն պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ պետգնումների գործընթացին սկսել է մասնակցել միայն 2017 թվականից, և այդ ժամանակվանից մինչև օրս մոտ 151 գնման պայմանագիր է կնքել պետական տարբեր մարմիններ հետ, այդ թվում նաև Ազգային ժողովի։

«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հաճախորդների թվում են նաև վարչապետի աշխատակազմը, ոստիկանությունը, ՊԵԿ-ը, տարբեր նախարարություններ և այլն։

Հարկ է ընդգծել, որ վերը նշված 151 պայմանագրերից ընդամենը երեքն են կնքվել 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ։ Մնացած գնումները կատարվել են այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության հասավ նախ գործադիր, ապա նաև օրենսդիր մարմնում։ Պայմանագրերով նախատեսված ընդհանուր գումարը գերազանցում է 250 միլիոն դրամ։

Այդ պայմանագրերից ամենախոշորը կնքվել է 2019 թվականի հուլիսին։ 37 միլիոն դրամի դիմաց ընկերությունը պարտավորվել է Երևանի պետական համալսարանին կահույք մատակարարել։ Իսկ ամենավերջին պայմանագրերը կնքվել են արդարադատության նախարարության (ԱՆ) և արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ։ 2021թ․ հուլիսի 13-ին կնքված պայմանագրով՝ «Արգավանդ կահույք» ընկերությունը ԱՆ-ին 4 մլն դրամի դիմաց գրասենյակային գույք է մատակարարել։ Օգոստոսի 3-ին էլ կահույք է մատակարել է ԱԻՆ-ին՝ 800 հազար դրամի դիմաց։ 

2020 թվականի փետրվարի 2-ին Արգավանդ գյուղում տեղի է ունեցել «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի նոր խանութ-սրահի բացման միջոցառումը, որին մասնակցել է նաև այն ժամանակ դեռևս ԱԺ փոխխոսանկի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

Մյուս ընկերությունը, որը մասնակցում է պետական գնումների գործընացին, «Դամկար» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի հուլիսի 30-ին։ Ընկերության տնօրենն ու միակ սեփականատերը Վահան նարիբեկյանի եղբայրն է՝ Գարիկ Նարիբեկյանը։ Հիմնադրվելուց 4 ամիս անց «Դամկար» ՍՊԸ-ն սկսել է համագործակցել պետության հետ։ 2018 թվականի մինչև այժմ ընկերությունը պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է 60 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 70 մլն դրամ։

Գնման պայմանագրերից ամենավերջինը կնքվել է ոստիկանության հետ՝ 2021թ․ օգոստոսի 12-ին։ «Դամկար» ՍՊԸ-ն պարտավորվել է 3 միլիոն դրամից դիմաց ոստիկանությանը մատակարարել բազկաթոռներ և փոքր բազմոցներ։

«Դամկար» ՍՊԸ-ի հաճախորդներից են նաև Ազգային ժողովը, վարչապետի աշխատակազմը, Երևանի քաղաքապետարանը, ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն և այլն։

Վահան Նարիբեկյանն ասում է՝ նախկինում իրենց խոչընդոտել են

«Հետքի» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հաստատեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, և վերջինիս ճանաչում է 2000-ական թվականներից։ Վահան Նարիբեկյանի խոսքով՝ թե՛ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը, թե՛ դրանից հետո մշտապես եղել է գործող թիմի կողքին, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Հարցին, թե արդյոք Ալեն Սիմոնյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունները չե՞ն նպաստել, որ իրեն պատկանող ընկերությունը շահի պետգնումների մրցույթներում, Վահան Նարիբեկյանը բացասական պատասխան տվեց։ Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ գնումներում սկսել է հաղթել առավելապես 2018-ի իշխանափոխությունից հետո, ԱԺ աշխատակազմի ղեկավարը հետևյալ պատասխանը տվեց․

«Իմ ընկերների իշխանության գալով երկրում շատ մեծ բան է փոխվել։ Մինչև հեղափոխությունը մոնոպոլիա հասկացությունը եղել է։ Մենք փորձել ենք ինչ-որ ձևով մասնակցել գնումների գործընթացին, բայց միշտ եղել են խոչընդոտներ: Այն ժամանակ, երբ ինչ-որ ապրանք ուզում էիր մատակարարել, միշտ ասում էին՝ սա չի լինի, սա լավը չի, չենք կարող։ Զանգում, ասում էիր, որ ուզում ես մասնակցել գնումներին, պատասխան էր գալիս՝ եղբա՛յր, արի՛ դու էդ ապրանքը մի՛ մատակարարի, մենք արդեն ունենք, թե ումից պետք է առնենք։ Արհեստականորեն մեր դեմ պատնեշներ էին ստեղծել։ Այդ է պատճառը, որ մենք չէինք կարողանում մտնել շուկա»։

Ըստ Նարիբեկյանի՝ նախկինում պետական գնումների գործընթացում եղել են կոռուպցիոն ռիսկեր, դաշտը կարգավորված չի եղել, ծրագրային ապահովումը թերի էր, վերահսկողություն չկար, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո համակարգը պարզեցվել է։ Վահան Նարիբեկյանը պնդում է՝ գնումներում հաղթել են միայն առաջարկած ցածր գների և որակյալ ապրանք մատակարարելու շնորհիվ։ 

Վահան Նարիբեկյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու է նրա եղբորը պատկանող ընկերությունը հիմնադրվել հենց իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին։ Այդ առնչությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց հետևյալը․

«Ցանկացած ընկերություն, եթե ճիշտ է կառավարվում, աճ է ունենում։ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ներկրող է, և որպեսզի ներկրումն ու արտադրությունը չխառնենք, եղբորս պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն սկսեց արտադրությունը»։

Վահան Նարիբեկյանը նշեց նաև, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո դադարել է զբաղվել բիզնես գործունեությամբ, և «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի կառավարումը հանձնել է եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին։

Ի դեպ, 2020-ի տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրության հիման վրա «Դամկար» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու ընթացակարգ է նախաձեռնել։ 2020թ․ փետրվարի 24-ի որոշմամբ՝ ընթացակարգը բավարարվել է, և «Դամկար» ՍՊԸ-ն 2 տարով զրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից։ Սակայն դատարանի որոշմամբ՝ ֆինանսների նախարարությանը պարտավորեցվել է «Դամկար» ՍՊԸ-ին հանել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկից, և ընկերությունը շարունակելու է մասնակցել պետգնումների գործընթացին։

Գլխավոր լուսանկարում՝ Վահան Նարիբեկյանն ու Ալեն Սիմոնյանը «Արգավանդ կահույքի» խանութ-սրահի բացմանը, 02․02․2020թ․ / © bravo.am

Մեկնաբանություններ (2)

Արմեն
Այս ընկերությունների հետ առնչվել եմ նորմալ աշխատում են: Դատարանի որոշումն ել արդար է եթե չեք հավատում։ Կարդացեք բողոք քննող անձի Տարօրինակ վճիռը: Գնումներն էլ էլեկտրոնային են, բացառվում է անձի միջՄտությունը:
Ruben M
Discussing….. put Pashinyan and his friends in jail.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter