Փաշինյան․ «Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրությունը մեզ համար անկանխատեսելի չէր»
Կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ճանապարհների փակմանը։ Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։
«Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այդ ընթացքում աշխատել ենք նաև ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել։ Սակայն Էյվազլի և Չայզամիի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»- ասաց Կառավարության ղեկավարը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմը պնդում է, թե ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող։ Նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ․
«Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի, պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներրի մասնակցությամբ»։
Վարչապետի խոսքով՝ Սյունիքում պետք է իրականացվեն միջպետական ճանապարհների հիմնանորոգման Կառավարության ծրագրերը, մասնավորապես՝ մինչև տարեվերջ պետք է ավարտվի Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը։
«Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրականով կպատասխանենք»,- եզրափակեց Փաշինյանը։
Մեկնաբանել