HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քաբուլի ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Քաբուլի օդանավակայանի մոտ օգոստոսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը, որոնց թվում կան ամերիկացի 13 զինծառայողներ։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ 

ԶԼՄ-ների տվյալներով՝ մոտ 1300 մարդ տուժել է։ Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ առնվազն 18 քաղաքացի վիրավորվել է։ «Նրանց բոլորին տարհանում են Աֆղանստանից հատուկ կահավորված C-17 ինքնաթիռով, որտեղ կան նաև վիրաբուժական ապարատներ»,- Fox News-ին հայտնել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունից։

Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Վաշինգտոնը թալիբներին է ներկայացրել ամերիկացիների և աֆղանների ցանկը, որոնք համագործակցել են ԱՄՆ-ի հետ կամ ունեցել գրին քարտ և որոնց ամերիկյան իշխանությունները ցանկանում էին տարհանել։ Սակայն գրոհայիններին կոնկրետ անունների փոխանցումը ԱՄՆ օրենսդիր իշխանության և զինվորականների շրջանում դժգոհությունների է հանգեցրել։ «Փաստացի, նրանք ուղղակի բոլոր աֆղաններին մտցրել են մահապարտների ցուցակը»,- պարբերականին հայտարարել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը։ 

Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, ԱՄՆ-ում թալիբներին բարեկամ չեն համարում։ «Ես չեմ փորձում գունավորել թալիբների վերաբերյալ մեր տեսակետը։ Դա այն խմբավորումը չէ, որին մենք վստահում ենք, նրանք մեր ընկերները չեն, մենք այդպիսի բան երբեք չենք ասել։ Սակայն իրականությունն այն է, որ «Թալիբան»-ը վերահսկում է Աֆղանստանի մեծ մասը»,- հայտարարել է նա։ 

Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած երկու պայթյուններից հետո նախագահ Ջո Բայդենը հրամայել էր զինվորականներին հարվածներ պատրաստել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների և օբյեկտների ուղղությամբ։ «Մենք կգտնենք ձեզ և կստիպենք հատուցել»,- հայտարարել է նա։ Բայդենի կարծիքով՝ թալիբները կապ չունեն ահաբեկչությունների հետ։ 

Հիշեցնենք, որ նախօրեին վեց պայթյուն էր տեղի ունեցել Քաբուլի տարբեր հատվածներում, մեծապես Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, իսկ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Barron հյուրանոցի մոտ։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

«Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի տարածքի մեծ մասն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը հանել Աֆղանստանի տարածքից։ Օգոստոսի 15-ին թալիբները իրենց վերահսկողության տակ էին առել նաև մայրաքաղաք Քաբուլը։ Նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը և գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Լուսանկարը՝ Wakil Kohsar/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter