HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնավանում 6-րդ օրն է՝ խմելու ջուր չկա․ «‎Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից հայտնում են՝ ջրամատակարարումը համայնքում կատարվում է

Արարատի մարզի Եղեգնավան համայնքում 6-րդ օրն է՝ խմելու ջուր չկա։ Բնակիչների խոսքով՝ ջրանջատումների մասին նրանց նախօրոք չեն զգուշացրել։ Հիմա եղեգնավանցիները խմելու ջուր գնում են կամ բերում հարևան համայնքերից, կենցաղային կարիքների համար օգտագործում են արտեզյան ջրեր։

Վալենտինա Խաչատրյանը Եղեգնավանում ապրում է արդեն 30 տարի, նրա խոսքով՝ վերջին տարիներին համայնքում ջուր գրեթե միշտ եղել է։ Մինչև 2007 թվականը Եղեգնավանում խմելու ջուր վաճառում էին մեքենաներով։ 5 տարի է՝ համայնքի բոլոր բնակիչներն իրենց տներում ունեն խմելու ջուր, նախքան այդ՝ 2007-ից գյուղի սկզբում ու վերջում եղել են ծորակներ, որտեղից բնակիչները ջուր են վերցրել։ 

Վալենտինան ասում է, որ ամռան այս օրերին խմելու ջրի բացակայությունը շատ դժվարություններ է առաջացնում, կենցաղային գործեր անել չեն կարողանում։ Գյուղում ոչ բոլորն ունեն արտեզյան ջրի ավազան։ Ամբողջ օրը հարևանները մեկը մյուսի տնից ջուր են տանում։ 

Կնոջ խոսքով՝ նախորդ տարիներին օգոստոս ամսին մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ ջրամատակարարումը դադարեցրել են 1-2 օրով, բայց նման դեպք, առաջին անգամ է, երբ ջրամատակարարումը դադարեցվում է այդքան երկար ժամանակով։

Եղեգնավանցիները դիմել են «‎Վեոլիա ջուր» ՓԲԸ, որտեղից նրանց տեղեկացրել են, որ համայնքի ջրամատակարարումը պատշաճ կատարվում է, և թերացումը համայնքապետարանինն է։

Բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում նաև, որ ջրի ուղղությունը փոխում և ուղղում են դեպի Ավշարի գինու գործարան։ Գործարանին ուղղված զանգերն անպատասխան մնացին, տեղեկությունը ճշտել չհաջողվեց։

«‎Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից մեզ հայտնեցին, որ համայնքին ջուր տրամադրվում է մեծածախ տարբերակով, այսինքն՝ բաժանորդ հանդիսանում է Եղեգնավանի համայնքապետարանը, որն էլ իր հերթին բնակիչներին է ջուր տրամադրում։ Ըստ «‎Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի՝ 12-ժամյա ռեժիմով համայնքին շարունակվում է ջուր տրամադրվել, թե որտեղ է ուղղվում տրամադրված ջուրը, պետք է պարզել համայնքապետարանից։ Նրա խոսքով՝ Եղեգնավանը այն 76 համայնքներից է, որտեղ ջուրը տրամադրվում է համայնքապետարաններին աննախադեպ ցածր՝ 36 դրամ արժեքով, այսինքն՝ բաժանորդ հանդիսանում է ոչ թե բնակիչը, այլ համայնքապետարանը։ Եթե բաժանորդ դառնան համայնքի բնակիչները, խորանարդ մետրի համար պետք է վճարեն 156 դրամ։ Այս դեպքում համայնքապետարանն է որոշում, թե ինչ արժեքով ջուր վաճառի բնակիչներին։

«‎«‎Վեոլիա ջուր»-ը ոչ մի պարտավորություն, իրավասություն չունի մուտք գործել նրանց իրավասության տարածք, ու ինքը որոշի՝ որն ինչպես անի, մենք ջուր ենք հասցնում գյուղի ներքին ցանցին՝ գյուղապետարանին, ջրաչափ է դրված, ըստ ջրաչափի՝ մեզ վճարում է ոչ թե բնակիչը, այլ՝ համայնքապետարանը»,- ասաց Մուրադ Սարգսյանը։

Այցելեցինք նաև Եղեգնավանի համայնքապետարան։ Համայնքապետ Հովսեփ Ղազարյանն արձակուրդում էր։ Մեր հարցերին պատասխանեց աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարիետա Համբարձումյանը։ Վերջինս նշեց, որ ջրանջատումների մասին բնակիչների կողմից ահազանգեր եղել են առաջին օրից։ Համայնքապետարանի աշխատակիցներին «‎Վեոլիա ջուր» ընկերությունից  հայտնել են, որ հարցը պարզաբանեն համայնքապետարանի ներսում, քանի որ ընկերությունը գյուղի ջրամատակարարումը կատարում է։

«Հետքարքիր է, որ երբ բնակիչները զանգահարում են «‎Վեոլիա ջուր», այնտեղից մեղքը բարդում են համայնքապետարանի վրա, այնինիչ համայնք ջուր չի մտնում»- նշեց համայնքապետարանի աշխատակիցը։

Մարիետա Համբաձումյանի խոսքով՝ այսօր նա ևս կապ է հաստատել «‎Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներից մեկի հետ, որի անունն ու պաշտոնը մտաբերել չի կարողանում, վերջինս նշել է, որ պոմպերը մաշվել են ու շարքից դուրս եկել, վերանորոգման կարիք ունեն։

«Ինչ որ կաբելներ են պատռվել, այսինքն՝ համայնք ջուր մտնում է, բայց ինքնահոս է, ու ճնշումը չի բավականեցնում, որ հասնի բոլոր փողոցներ ու տներ, հարցրի, թե երբ կկարգավորվի, ասաց մոտակա ժամանակները, բայց ջրամատակարարումը կդառնա ժամով»,- ասաց նա։

Այսօր առավոտյան Եղեգնավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրվել, որ համայնքի ջրամատակարարման աշխատանքների վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Եղեգնավանի համայնքային մանկապարտեզը ևս հայտարարություն է տարածել, որ ջրանջատումների պատճառով  դադարեցրել է իր աշխատանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter