
Նոր վարժական հավաքներ՝ 869 պահեստազորայինի մասնակցությամբ․ որոշումն ընդունվեց
Կառավարության սեպտեմբերի 2-ի հերթական նիստում հավանության արժանացավ 2021թ․ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը 869 պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու՝ Պաշտպանության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։
Ռազմական գերատեսչությունը ցանկանում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել։ Նպատակը, ըստ ՊՆ-ի, քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումն է։
Պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, զինվորական 10 մասնագիտություններով վերապատրաստման համար՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանություն, կապ, հետախուզություն, ռադիոէլեկտրոնային պայքար, ինժեներական, տեխնիկական, թիկունքային և տեղագրական։
«Որոշման նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը»,- ասվում է Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 18-ին էլ Կառավարության որոշմամբ հաստատվել էր օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը 2169 պահեստազորայինի մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու նախաձեռնությունը։ Այդ հավաքներն արդեն իսկ մեկնարկել են, և անհրաժեշտության դեպքում պահեստազորայինները կարող են ընդգրկվել մարտական հերթապահությունում։ Այսօր ընդունված որոշման մեջ քաղաքացիներին մարտական հերթապահությունում ընդգրկելու մասին դրույթ չկա։
Մեկնաբանել