HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «Ռուսաստանը պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»

Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև տեսնում է դրական ազդակներ երկու երկրների միջև։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մենք արձանագրել ենք Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը, նկատի ունենք արձանագրել այն համատեքստում, որ տեսել ենք այն և ի գիտություն ընդունել։ Մենք այժմ էլ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա»,- հայտարարել է Զախարովան։

Ինչպես նշել է ռուս դիվանագետը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների համատեքստում «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ֆոնին»։ 

Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը և ակտիվ մասնակցություն ունեցել այդ գործընթացում։ «Ի դեպ, մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին։ Այսպես, մենք նպաստել ենք 2009 թվականին Ցյուրիխում, այսպես կոչված, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը։ Վերջինս ենթադրում էր փուլ առ փուլ, առանց նախապայմանների առաջքաշման, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավում։ Իրավամբ, Ռուսաստանը ոչ միայն միջնորդի, այլև գործնական, արդյունավետ դեր դեր է ունեցել, որն այդ հանդիպման ժամանակ հանգեցրել է դրական արդյունքների։ Ցավոք, նախաձեռնությունները, որոնք կողմերը հասել էին Ռուսաստանի միջնորդության արդյունքում, չիրագործվեցին։ Բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում։ «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրականով կպատասխանենք»,- նշել էր Փաշինյանը։

Ի պատասխան դրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման հայտարարությունների ֆոնին։

«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է կառուցողական մոտեցում։ Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանական հարաբերությունների զարգացումը պետք է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ինքնաթիռում լրագրողներին հայտարարել էր Էրդողանը՝ Սարաևո կատարած այցից վերադարձի ճանապարհին։

Նրա խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվել և համագործակցության համար պայմաններ ստեղծել կարելի է միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։ «Հենց այդ տրամաբանությամբ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սկսել բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագրին հասնելու համար։ Նման մոտեցման շնորհիվ Հարավային Կովկասի զարգացման համար ի հայտ կգան նոր հնարավորություններ։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր երկրների հետ, որոնք ցանկանում են օգտագործել այդ պատմական հնարավորությունը»,- նշել էր Թուրքիայի նախագահը։

Վերջինս հավելել էր, որ օրակարգում է «Հինգի հարթակ»-ի կամ «Վեցի հարթակ»-ի ստեղծման առաջարկը, որին կմասնակցեն Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ «Մենք առաջարկել ենք այստեղ ներառել նաև Վրաստանին։ Եթե այդպիսի հարթակ կազմակերպվի, տարածաշրջանում ավելի հանգիստ իրավիճակ կլինի»,- հավելել էր Էրդողանը։ Նա նաև նշել էր, որ հարցը քննարկել է Պուտինի ու Ալիևի հետ, իսկ առաջիկայում այդ մասին պատրաստվում է խոսել նաև Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter