HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաճառքն արգելվում է. հայաստանյան սոցցանցերում վաճառվում է 159 չգրանցված հավելում

Հետք Մեդիա Գործարանի թիմն ուսումնասիրել է հայաստանյան շուկայում սոցիալական ցանցերի միջոցով ազատ վաճառվող կենսաբանական ակտիվ հավելումներն ու հայտնաբերել 190 անուն հավելում, որոնցից գրանցված են ու, հետևաբար, վաճառքի թույլտվություն ունեն միայն 31-ը։

Չնայած սրան՝ ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 3 տարում՝ 2018-2021թթ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ԿԱՀ ոլորտում հայտնաբերել է ընդամենը 5 չգրանցված հավելում, որոնցից մեկն էլ՝ «Հետք»-ի հրապարակման հիման վրա։

 

Կենսաբանական ակտիվ հավելումները համարվում են սնունդ և վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից, կարգավորվում՝ Մաքսային միության՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով։

Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում իրացվելու համար դրանք պետք է ունենան պարտադիր պետական գրանցում, առանց որի դրանց վաճառքն արգելվում է։

Պետական գրանցումը ենթադրում է, որ այդ ապրանքներն անցել են համապատասխանության գնահատման փուլերը, փորձաքննվել են, անվտանգ են և ունեն շուկայում հայտնվելու ու վաճառքի իրավունք։

Ցավոք, հայկական շուկայում այսօր կարելի է գնել բազմաթիվ հավելումներ և վիտամիններ, որոնք գրանցված չեն և ազատ իրացվում են՝ հատկապես սոցիալական ցանցերի միջոցով։

Իսկ վիտամինները, օրինակ, կախված չափաքանակից, կարող են լինել կամ կենսաբանական ակտիվ հավելում, կամ դեղորայք, ինչը պետք է ընդունել համապատասխան բժշկի նշանակմամբ, քանի որ վիտամինների գերդոզավորումը ևս վտանգավոր է, և գոյություն ունի օրական թույլատրելի չափաբաժին։

Բացի այդ, դեղի դեպքում միջոցն ունի ավելի մեծ ազդեցություն, քիմիական բաղադրատարրեր, բուժիչ հատկություն և վերահսկվում է Առողջապահության նախարարության կողմից։ Իսկ ակտիվ հավելման հիմքը բուսական է, կիրառվում է պրոֆիլակտիկ նպատակներով։

Հետք Մեդիա Գործարանի թիմը մոտ երեք ամիս՝ 2021թ. մարտ-մայիս ամիսներին, ուսումնասիրել է կենսաբանական ակտիվ հավելումներ վաճառող 16 էջ` 14-ը «Ֆեյսբուք»-ում.

  1. Vitamin House
  2. Vitamin.am
  3. Vitaminner.com
  4. Grocery Store Natural
  5. VITA Shop
  6. Վիտամիններ և հավելումներ
  7. Healthcare, Vitamins for Life
  8. All in one
  9. Օնլայն բժիշկ
  10. Vitaneed
  11. PH Luxe
  12. NEW VITA
  13. My vitamins
  14. All In One Online Shop

2-ը՝ «Ինստագրամ»-ում.

Այս էջերի մեծ մասը ստեղծվել է 2020 թվականին և, հաշվի առնելով, թե COVID-19-ի ակտիվ շրջանում որքան տարատեսակ դեղամիջոցներ ու վիտամիններ էին խորհուրդ տրվում ընդունել (օրինակ՝ վիտամին D և ցինկ)՝ չկանոնակարգվող այս բիզնեսը ծաղկում է ապրել։

Ի դեպ, այդ շրջանը շարունակվում է մինչ օրս, ինչի ապացույցն այդ էջերում եղած հարյուրավոր մեկնաբանությունները, արձագանքներն ու տարածումներն են. էջերը հաճախ նաև գովազդներ են տեղադրում։

Սոցցանցերի միջոցով վաճառվում են ինչպես հավելումներ, այնպես էլ սպորտային համարվող հատուկ սնունդ և չլիցենզավորված դեղորայք։ 

Մենք ուսումնասիրել ենք նշված էջերում վաճառվող ԿԱՀ-երը՝ 190 անուն (կրկնվող ապրանքները չեն ներառվել որպես առանձին ԿԱՀ), որոնցից պետական գրանցում և վաճառքի թույլտվություն ունեն ընդամենը 31-ը՝ 3-ի գրանցումն էլ արված է խախտումներով:

Դրանցից են՝  Doctor’s Best ընկերության 2 վիտամին՝ 188-360 կապսուլաներով, վիտամին D 5000IU գրանցվել է որպես հավելում, թեև ունի դեղորայքի չափաքանակ (այս վիտամինների և չափաքանակի մասին առավել մանրամասն՝ ներքևում

Մեկ այլ ԿԱՀ-ի դեպքում էլ՝ Now ընկերության արտադրության Black Walnut Hulls 500 mg, 100 veg, պետական գրանցում ունի 605-615 mg չափաքանակը, իսկ տուփի վրա նշված է 500 mg, ինչը խախտում է. գրանցման ժամանակ տուփի վրայի նշվածը պետք է համապատասխանի ռեեստրում նշվածին, այլապես դա համարվում է այլ ապրանք, քանի որ փաթեթը նույնականացված չէ։

Այսպիսով, հայտնաբերվել է 159 անուն չգրանցված ԿԱՀ։ Ստացվում է՝ սոցիալական ցանցերի էջերի միջոցով իրացվող հավելումների 84%-ը չունի պարտադիր պետական գրանցում։

BUD_Armenia.png (146 KB) vitamins_Armenia.png (132 KB)

Վիտամին D. առանց գրանցման՝ թույլատրելիից 2,5-10 անգամ բարձր դոզայով

Ինչպես նշեցինք, հատկապես վիտամինների դեպքում կարևոր է դրանց դոզավորման չափը, քանի որ, կախված քանակից, դրանք կարող են լինել նաև դեղ։

Ամենամեծ տարածումն ու պահանջարկն ունի չգրանցված վիտամին D3-ի վաճառքը։

Մեր ուսումնասիրության ժամանակ առանձնացրել ենք 26 անուն վիտամին D, որից 9-ը, պարզվել է, դեղորայք է, քանի որ բարձր դոզայով է. 6 հատի դոզան եղել է 5000IU (միջազգային միավոր), դրանք են՝

  • Doctor's Best ապրանքանիշ, Vitamin D3 5000IU,125 mcg, 180 softgels, վաճառող՝ Vitamin House ֆեյսբուքյան էջ։ 
  • Doctor's Best ապրանքանիշ, Vitamin D3 5000IU, 125 mcg, 360 softgels, վաճառող՝ Vitaminner.com
  • Now ընկերություն, Vitamin D-3 5000 IU, 120 softgels, վաճառող՝ Vitamin House, 
  • California Gold Nutrition ապրանքանիշ, Vitamin D3 125 mcg (5000 IU), 360 Fish gelatin softgels, վաճառող՝ Vitaminner.com
  • California Gold Nutrition ապրանքանիշ, Vitamin D3 125 mcg (5000 IU), 90 fish gelatin softgels, վաճառող՝ Vitaminner.com
  • Solgar ապրանքանիշ, Vitamin D3 5000 IU, 100 softgels, վաճառող՝ Vitaminner.com

Ավելին, սոցցանցերում վաճառվում է նաև մեկ վիտամին D3՝ 10000 IU (Now ապրանքանիշ, վաճառում է Vitamin.am էջը) և երկու 50000 IU (Forest Leaf ապրանքատեսակ, վաճառում է PH Luxe էջը և Super Nutrition ընկերություն, վաճառում է Vitaminner.com էջը ), որոնք արդեն բարձր բուժիչ դեղաչափեր են, և խորհուրդ չի տրվում ընդունել՝ առանց բժշկի նշանակման։ 

 

Վիտամինների գները սոցցանցերում մոտ 4 անգամ ավելի էժան են, քան դեղատներում

Սոցցանցերում վիտամինների գները մոտ 4 անգամ ավելի էժան են, քան դեղատներում։ Օրինակ՝ ամերիկյան Doctor’s Best-ի 5000IU դոզավորմամբ, 180 կոճակն «Ալֆա Ֆարմ»-ում արժե 27 000 դրամ, սոցցանցերում՝ 7000 դրամ, իսկ արտերկրի օնլայն հարթակներում դրանք շատ ավելի էժան են (նույն՝ Doctor’s Best-ի 5000IU դոզավորմամբ և 180 կոճակն Amazon-ում արժե 6-6,6$, 2900-3200 դրամ

Այսպես, մենք որոշեցինք կապ հաստատել ԿԱՀ-երի վաճառքով զբաղվող էջերից մի քանիսի հետ՝ ներկայանալով որպես գնորդ։

Vitamins for Life էջն ունի 1871 հետևորդ, իսկ նկարագրության բաժնում գրված է՝ միայն օրիգինալ վիտամիններ ու սննդային հավելումներ ԱՄՆ-ից։ Մեզ հետ զրույցում վաճառողը ներկայացավ որպես ներկրող՝ ասելով, որ հենց ինքն է ԱՄՆ-ից պատվիրում բոլորը՝ արտադրողի կայքերից, ուստի «կեղծ լինելը բացառվում է»։

Էջը վաճառում է 3 տարբեր բրենդի արտադրության վիտամին D՝ Doctor's Best (5000 և 2000 IU), California Gold Nutrition (5000 IU) և Now foods (5000)։

Նշվածներից միայն առաջինն է (Doctor's Best, Vitamin D3, 5000) գրանցված ապրանքանիշ, այն էլ` խախտումով, քանի որ ՄՄ ՏԿ 021/2011 կանոնակարգի համաձայն՝ վիտամինի դոզավորումը չպետք է գերազանցի «թերապևտիկ դոզայի 50%»-ը (արդեն բուժիչ համարվող դոզան է)։

Տարբեր բժշկական տեղեկատուներում և աշխատություններում բուժիչ դոզա է համարվում 2000ՄՄ-ը։ Այսինքն, 5000ՄՄ վիտամին D-ն չի կարող համարվել պրոֆիլակտիկ դոզա, այն դեղորայք է, ոչ թե հավելում։ Սա հաստատել է նաև «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։

Doctor's Best, Vitamin D3, 5000 վիտամինը, վաճառող-ներմուծողի խոսքով՝ Հայաստանում ամենաշատ սպառվողն է։ Մեր զրուցակիցն ասաց, որ բոլոր այդ ապրանքատեսակները դեղատներում վաճառվում են 23-28 հազար դրամով։

Այն հարցին, թե ինչ տարբերություններ կան դոզավորումների, տվյալ դեպքում՝ 2000 IU-ի և 5000 IU-ի միջև, վերջինս նախ հետաքրքրվեց, թե ինչ նպատակով ենք ընդունելու հաբերը, անալիզներ հանձնե՞լ ենք, թե՞ պրոֆիլակտիկ ենք ուզում։

Պատասխանեցինք՝ պրոֆիլակտիկ, ինչին ի պատասխան, վաճառողը խորհուրդ տվեց 5000 IU դոզան, եթե մինչ այդ վիտամին D չենք խմել։

Նշեցինք, որ ստամոքսի խնդիր ունենք, վաճառողն ասաց, որ այն ոչ մի հակացուցում չունի, կօգնի ամեն բանի․ «Անգամ ես կարդացել եմ, որ ստամոքսի համար էլ է լավ։ [Վիտամին D-ն] հիմա հաստատ գրեթե բոլորի մոտ պակաս է»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ վաճառվող միջոցները դեղե՞ր են, թե՞ կենսաբանական հավելումներ, պարզ դարձավ, որ վաճառողն ինքը տեղյակ չէ դրանցից, քանի որ այդ միջոցներն անվանեց «հորմոններ»՝ նշելով, որ «հավելում» էլ են ասում։

Խնդրեցինք ուղարկել ապրանքի սերտիֆիկատը, որին ի պատասխան վաճառողը տրամադրեց «Doctor’s Best» ապրանքանիշի պաշտոնական կայքը, իսկ «Califrnia Gold Nutrition»-ի սերտիֆիկատի փոխարեն ուղարկեց «Amazon» կայքում վաճառվող ապրանքի էջը։

Հատված վաճառողի հետ խոսակցությունից. 

- Ես այս դեղը նայել եմ ԵԱՏՄ պետական գրանցման պետական ռեեստրում ու չեմ գտել, կօգնե՞ք գտնեմ։

- Ամերիկյան է, միգուցե այդ պատճառով չկա։ Ո՞րն եք նայել, Կալիֆոռնիա գո՞լդը, թե՞ Դ3:

- California gold-ը։ Դրանից համարյա ոչ մի ապրանքատեսակ գրանցված չէ։ Doctor's best-ն էլ է ամերիկյան, բայց 5000-ը գրանցված է, իսկ մյուսը՝ ոչ։

- Չգիտեմ, ինքը այհերբյան բրենդերից է։ 2000 գրանցված չէ՞։

- Ոչ։

- Իսկ դա ո՞վ է գրանցում։ Ներմուծո՞ղը։

- Այո, դուք էլ եք ներմուծող, չէ՞։ Հայաստանում 2000-ից բարձրը դեղամիջոց է համարվում, որի վաճառքի համար անհրաժեշտ է լիցենզիա։ ԿԱՀ-երի համար էլ է պետք լիցենզիա։ Կուղարկե՞ք այդ լիցենզիան:

- Մենք ի վիճակի չենք լիցենզավորել, դա արժե 2 000 000 դրամ, մենք մի քանի հատ ենք բերում։

- Բերել կարող եք անձնական օգտագործման համար, բայց ոչ՝ վաճառքի։

- Ներմուծող ֆիրման, որ լիցենզիա է հանում, այդ ապրանքի գինը արդեն դառնում է 25-29000 դրամ:

Վաճառողն ի վերջո ասաց, որ Ստեփանակերտից է եկել, պատերազմից հետո է սկսել ԿԱՀ-երի վաճառքի գործը։ Սակայն նշենք, որ «Vitamins for Life» էջը «Ֆեյսբուք»-ում ստեղծվել է դեռևս 2020 թվականի օգոստոսի 29-ին, իսկ ապրանքների առաջին խմբաքանակը վաճառքի է ներկայացվել մինչ պատերազմը՝ 2020թ. սեպտեմբերի 18-ին։

Հաջորդ վաճառողը, որի հետ զրուցել ենք, «VITA Shop Վիտամիններ և հավելումներ» ֆեյսբուքյան էջն է, ստեղծվել է 2019-ի մարտի 3-ին, ունի 3330 հետևորդ։

Այստեղ վիտամին D-ի տեսականին մի փոքր այլ էր. դոզավորումները՝ 5-10 անգամ ավելի բարձր էին, քան թույլատրելի է հավելումների դեպքում։

Դրանց շարքում կային նաև արդեն հիշատակված Doctor's Best, Vitamin D3, 5000 UI-ն ու California Gold Nutrition, Vitamin D3, 5000-ը, ինչպես նաև՝ Solgar Vitamin D3 10000-ն ու նույն դոզավորմամբ Now Foods արտադրության ապրանքանիշերը։

Մեր՝ «բարձր ի՞նչ դոզավորումներ ունեք» հարցին պատասխանեցին, որ ունեն նաև վիտամին D 50 000 IU՝ առանց բրենդը հստակեցնելու։

Սկզբում զրույցը նախորդի պես էր շարունակվում․ մեզ հավատացնում էին, որ մարսողության խնդիրներին վնաս չի լինի, «հակացուցումներ, որպես այդպիսիք, չկան», սակայն դեղամիջոցն ընդունելու համար նոր տարբերակ առաջարկեցին, այն է՝ սնունդի հետ խմելը, քանի որ այն «սննդային հավելում է»։

Սակայն, երբ ասացինք, որ վիտամին D-ի 2000IU-ից բարձր դեղաչափը Հայաստանում համարվում է ոչ թե կենսաբանական հավելում, այլ դեղորայք, պարզվեց, որ վաճառողն ինքը տեղյակ չէ սահմանված պահանջներից և նորմերից։

Մեջբերենք նրանց պատասխաններից մի քանիսը․ 

— Ո՞ վ ա Ձեզ էդպիսի բան ասել։

— Դուք որտեղի՞ց եք տեղյակ, որ 2000 IU-ն համարվում է դեղ։ Կարդացե՞լ եք ինչ-որ տեղ, թե՞ ասել են։

— Ինչ ստանդարտների մասին է խոսքը։ Տարբեր տեսակի չափորոշիչներ կան, որոնք Ձեր ասածի հետ կապ չունեն։

Երբ ուղարկեցինք այն փաստաթղթերը, որոնք փաստում են տվյալ սահմանումների, պահանջների ու նորմերի մասին, մեր խոսակցությունն էլ ավելի ագրեսիվ տոնով զարգացավ, իհարկե, միակողմանի։ 

«Օրինակ՝ ինչի՞ եք այդ ամենը համացանցում ման գալիս, ոչ թե խանութից գնում»,- ասացին մեզ, կամ «ոնց որ ցանկանաք ինքնահաստատվել ինչ-որ հարցում» և այլն։

Մեր երկխոսությունը փակուղի մտավ, որովհետև վաճառող էջի անունից խոսող անձը պատասխանեց, որ մեր խնդիրը չէ, թե իրենք ինչ են վաճառում, ունեն համապատասխան լիցենզիա, թե ոչ, և որ իրենք մեզ ոչինչ չեն վաճառել, ուստի իրենք էլ ոչ մի օրենք չեն խախտել։

Բացի վիտամիններից՝ սոցցանցերի միջոցով վաճառվում են նաև միջազգայնորեն դեղորայք ճանաչված իբուպրոֆեն ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղանյութ պարունակող միջոցները։

Մեր ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք 5 այդպիսի միջոց՝

  • Advil ընկերության՝ Liqui-gels, Solubilized Ibuprofen Capsules 200 mg, 120 capsules, վաճառող՝ Vitaminner.com ֆեսյբուքյան էջ։
  • Advil ընկերության Liqui Gels, Solubized Ibuprofen Capsules, 200 mg, 160 liquid filled capsules, վաճառող՝ VITA Shop ֆեյսբուքյան էջ։
  • equate ընկերության Ibuprofen 200 mg, 200 coated tablets, վաճառող՝ Healthcare ֆեյսբուքյան էջ։
  • Advil ընկերության՝ Ibuprofen tablets, վաճառող՝ Vitaneed  ֆեյսբուքյան էջ։
  • KIRKLAND Signature ընկերության՝ IBUPROFEN IB TABLETS, վաճառող՝ PH Luxe ֆեյսբուքյան էջ։


ՍԱՏՄ-ն 3 տարում հայտնաբերել է 5 չգրանցված հավելում

Մեր 3-ամսյա ուսումնասիրությանը զուգահեռ հարցում էինք ուղարկել նաև ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով հայտնել, թե 3 տարում՝ 2018-2021թթ, ՍԱՏՄ-ն ի՞նչ խախտումներ է արձանագրել ԿԱՀ շուկայում։

ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ 2018-2021թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են չգրանցված՝ «համապատասխանության գնահատման չենթարկված» 5 հավելում։

Մասնավորապես, 2020թ. ՍԱՏՄ-ն հայտնաբերել է «Պենոկսալ ֆորտե» և «Պեն ԲՋ» ԿԱՀ-երը, իսկ 2021թ.-ին՝ «Doctor’s Best» ապրանքանիշի «Վիտամին D3 5000IU» և «Վիտամին D3 1000IU» հավելումները։

ԿԱՀ-երից մեկն էլ՝ չգրանցված «Միցելիքսը», ՍԱՏՄ-ն հայտնաբերել է «Հետք»-ի հրապարակումից հետո, որի վերաբերյալ նյութերը փոխանցվել են Ոստիկանություն, և հարուցվել է քրեական գործ։

Անհամապատասխանությունների մասով ՍԱՏՄ-ն հիմնականում կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ տուգանքներ, նախազգուշացումներ և այլն։

ՍԱՏՄ-ից նաև հետաքրքրվել էինք, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում պետական գրանցում չունեցող, բայց սոցիալական ցանցերով ակտիվորեն վաճառվող տարաբնույթ ԿԱՀ-երի վաճառքի դեմ, ինչպե՞ս է վերահսկվում դրանց անվտանգությունը։

Մեզ հայտնել էին, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրով կարող են զբաղվել՝ միայն որպես ձեռնարկատեր հաշվառված լինելու և էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում։ ՍԱՏՄ-ն քանիցս դիմել է սոցցանցերում վաճառք իրականացնողներին, սակայն նրենք հրաժարվել են որևէ տեղեկություն տրամադրել իրենց գործունեության վայրի և ձևի մասին.

«ՍԱՏՄ-ի կողմից ձեռնարկել են միջոցներ՝ պարզելու առցանց առևտրով զբաղվող կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևը և գործունեության վայրը, որը, սակայն, հնարավոր չի եղել, քանի որ էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով կենսաբանական ակտիվ հավելումներ վաճառողները ոչ մի տեղեկատվություն չեն տրամադրում իրենց գործունեության վերաբերյալ»։

էլեկտրոնային հարթակների միջոցով վաճառվող ԿԱՀ-երի մասով ՍԱՏՄ-ն իր հավաքած տեղեկությունները 2020թ. տրամադրել է Ոստիկանությանը։

 

Հեղինակներ՝  Քրիստիան Գինոսյան, Լիլիթ Ալեքսանյան, Մերրի Անդրասյան

Համակարգող՝ Տաթև Խաչատրյան

Մեկնաբանություններ (1)

Աղասի
Նույն իրավիճակն է տիրում նաև դեղատների զգալի մասում։ Կարելի է ասել մեծ մասում։ Վաճառում են չգրանցված, անհասկանալի ծագում ունեցող, ոչ մի ստուգում չանցած ապրանքներ՝ վիտամիններ և ԿԱՀ։ Նույնիսկ եթե ընդունենք, որ դրանք շատ որակյալ են ու անօրինական ներմուծման ժամանակ պահպանվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչը խիստ կասկածելի է, նման անձինք և կազմակերպությունները վնասում են բարեխիղճ տնտեսվարողներին։ Չվճարելով որևէ հարկ ու տուրք, ստանում են գնային առավելություն օրինապահ հարկատու տնտեսվարողների նկատմամբ՝ ու վաճառելով ավելի էժան մյուսներին տանում են սնանկացման։ ԵՒ վաճառելով ոչ մի ստուգում չանցած, անհայտ ծագման և որակի վիտամիններ, դեղեր և ԿԱՀ , վտանգ են ստեղծում մարդկանց կյանքին ու առողջությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter