HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սակավաջուր Ախուրյան գետի վրա 6-րդ հէկի կառուցման հայտ է ներկայացվել

Շիրակի մարզի Ախուրյան գետի ձախ ափին նախատեսվում է նոր հէկ կառուցել՝ «Ախուրյան փհէկ-2»-ը։ Չնայած գետի վրա արդեն 5 հէկ է կառուցվել, եւ ջրի սակավության պատճառով դրանցից որոշները չեն շահագործվում, «Մուսահա» ՍՊԸ-ն նոր հէկի նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության գնահատմանն ու փորձաքննությանը:

Ինչ է նախատեսված նախագծով

Գետի 1767,4 մ հատվածում է նախատեսվում կառուցել պատվարային ջրընդունիչը։ 1,4 կմ երկճյուղ մետաղական ճնշումային խողովակաշարով այն կմիացվի էլեկտրաէներգիայի արտադրման հիմնական կայանին։ Տարեկան արտադրվելու է 13,86 մլն կՎտժ։

Կարդացեք նաև՝ 

«Ախուրյան» փհէկ-2-ի կառուցման դեպքում Երևանի նոր կառուցված շոգեգազային շրջափուլով աշխատող ՋԷԿ-ում տարեկան չի այրվի 4200 տոննա վառելիք։ Համաձայն նախագծի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանի ՋԷԿ-ում գազային վառելիքի այրման ժամանակ, այս հէկի կառուցման դեպքում, շրջակա միջավայր չի արտանետվի 38,1 կգ ծծմբի օքսիդ, 36235,7 կգ ազոտի օքսիդ։

7 մարդ հիմնական աշխատանք կունենա հէկի շահագործման պարագայում։

Ինչո՞ւ է Ախուրյանը կռվախնձոր

Ամասիա համայնքի վարչական տարածքում 4 հէկ է կառուցվել: 3-ը գործում են, մեկը կառուցման փուլում դադարեցրել է շինաշխատանքները: Գործող հէկերը սնվում են Ախուրյան գետից: Սակայն նրանցից մեկն առավելություններով է «օժտված», ինչի հետևանքով մնացյալ 2-ը գրեթե չեն կարողանում գործել և հայտնվել են դժվարին վիճակում:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ Ախուրյան գետի վրա արդեն 5 հէկ է կառուցվել (1-ը չի շահագործվում), սա կլինի 6-րդը։ Ախուրյանի վրա գործում է «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» հէկը, «Էլբիստ» ՍՊԸ-ի «Մարմաշեն» հէկը, «Լայթեկո» ՍՊԸ-ի «Փարոս» հէկը, «Էրսդեդ» ՍՊԸ-ի «Ամասիա» հէկը։ «Ֆենհալ» ՍՊԸ-ի «Կասկադ» հէկը ևս կառուցվել է, սակայն ջրի սակավության պատճառով չի շահագործվում։

Հիշեցնենք, որ Ախուրյանի վրա կառուցված հէկերի առնչությամբ դատական և քրեական գործեր կան, որոնք մինչ օրս ընթանում են։ Պատմությունը ջրի սակավության պատճառով է ծագել․ ջուրն ամռան ամիսներին չի հերիքում գործող հէկերին, և նրանք իրենց ներդրումներն ու վարկերը ձախողելու վտանգի առաջ են։

Ովքեր են օգտագործում Ախուրյանի ջուրը

Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի (մահացել է 2020-ին) նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանի ընտանիքին պատկանող «Անի» ԲԲԸ-ն 2009թ.-ի հուլիսի 15-ին ստացել է 5930 ԿՎտ հզորության «Ջրաձոր» հէկի շահագործման լիցենզիա: «Անի» ԲԲԸ-ն հէկը կառուցել է Ախուրյան գետի աջափնյա՝ Ջրաձոր ոռոգման ջրատարի վրա:

Ախուրյան գետի բնականոն հունով հոսող հատվածում 2009-2013թթ. սկսվել է երեք այլ հէկերի կառուցումը՝ ջուրը վերցնելով մի կետից և փոխանցելով մյուս հէկին:

Այդպիսով, ջուրն առաջինը վերցնում է «Լայթէկո» ՍՊԸ-ի «Փարոս» հէկը, որը պատկանում է Գևորգ Գասպարյանին: Վերջինս սփյուռքահայ գործարար, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ներդրումներով վերաբացված Մարալիկի բամբակամանվածքային գործարանի սեփականատերն է: Այնուհետև ջուրը վերցնում է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին պատկանող «Էրսդեդ» ՍՊԸ-ի «Ամասիա» հէկը։

Նրանց պիտի հաջորդեր այժմ չշահագործվող «Ֆենհալ» ՍՊԸ-ի «Կասկադ» հէկը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով ընտրված նախկին պատգամավոր, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի ընտանիքինն է: Պաշտոնապես հէկը կնոջ՝ Վարդանուշ Գրիգորյանի անվամբ է։

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամ Արտակ Ադամյանին պատկանող «Էլբիստ» ՍՊԸ-ի «Մարմաշեն» հէկը ամենավերջինն է՝ 1500 նիշի վրա։

«Մուսահա» ՍՊԸ-ն գրանցվել է 2007թ․-ին։ Դրա բաժնետոմսերի 42.5 %-ը պատկանում է նույն՝ «Մարմաշեն» հէկը շահագործող Արտակ Ադամյանին, 7,5 %-ը՝ կնոջը՝ Մարինա Խաչատրյանին։ Մնացած 42,5 %-ը ընկերության տնօրեն, գյումրեցի Սաշա Անդրիասյանինն է, իսկ 7,5 %-ը նրա հետ նույն հասցեում հաշվառված Սիրանուշ Ամիրջանյանինը։

Նախատեսվող հէկը գրեթե նույն նիշի վրա է լինելու, ինչ «Անի» ԲԲԸ-ի հէկը, որը 1 773,0 նիշն է զբաղեցնում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հէկի կառուցման լիցենզիան արդեն տրամադրել է։

«Մուսահա» ՍՊԸ-ի ինժեներ Արշավիր Ղլղաթյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ կառուցվող հէկը ոռոգման կամ ջրարբիացման աշխատանքներին չի խանգարում, այն սնվելու է Ախուրյան գետից և «Ջրաձոր» հէկից թափվող ջրից և թափվելու է մինչև Կապսի ջրամբարը։ Ինժեները վստահ է, որ իրենք ոչ մեկին չեն խանգարելու։  

Հանրային լսումները

Սեպտեմբերի 13-ին` ժամը 12։30-ին, Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի շենքում տեղի կունենան փոքր հէկի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter