
Ալեն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել հունական կղզում հանգստի ու Արցախ չգնալու մասին խոսակցությունները
Օրհներգի հնչյունների ներքո այսօր մեկնարկեց ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց՝ հնչեց այն օրհներգը, որը ջանասիրաբար առաջարկում էր փոխել ԱԺ գործող նախագահը: Մանուկյանը պնդեց, թե նախորդ նստաշրջանում Ալեն Սիմոնյանը գերազանցել է իր լիազորությունները և կամայական դիտողություններ արել ընդդիմադիր պատգամավորներին: Մանուկյանը հույս հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հետայսու այդպես նիստը չի վարի՝ համոզմունք հայտնելով, որ Սիմոնյանը հունական կղզում լարվածությունը թոթափած կլինի, ինչի վերաբերյալ համացանցում լուսանկարներ կային:
Այս խոսքերից հետո Սիմոնյանը չարձագանքեց։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց հատուկ նիստով քննարկել Սյունիքի անվտանգային հարցերը, և մասնավորապես՝ նախօրեին ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերն է ստուգում:
Մինասյանը պնդեց, որ չնայած ադրբեջանցիներն ակնհայտ ապօրինություններ են անում, սակայն իշխանություններն ընդգծված կրավորական կեցվածք են որդեգրում։ Նա առաջարկեց ԱԱԾ տնօրենին հրավիրել խորհրդարան, որպեսզի հասկանան Սյունիքում տիրող վիճակը:
Այս հարցը բարձրացրեց նաև խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` հետաքրքրվելով, թե արդյոք ԱԺ նախագահը պատրաստվում է ԱԱԾ տնօրենին հրավիրել խորհրդարան: Ալեն Սիմոնյանն արձագանքեց` որդեգրել է քաղաքականություն, ըստ որի՝ հնարավորության դեպքում չպիտի մերժի որևէ առաջարկ` չբացառելով, որ նման քննարկում կարող է լինել:
Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնացել Արցախի Հանրապետություն, իր խոսքով` «այն, ինչ մնացել է Արցախից», անկախության 30-ամյակի տոնական միջոցառումներին, այլ դրա փոխարեն ՔՊ-ական երկու պատգամավորի հետ հունական կղզում են հանգիստն անցկացրել:
Մանուկյանը հարցրեց` Ալիևի նախազգուշացումից են վախեցել, թե՞ գերի ընկնելու հեռանկարից:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց` Արցախ բավականին ներկայացուցչական պատվիրակություն է գնացել, ապա հավելեց` ինչ վերաբերում է իր մասնավոր կյանքին ու դեղին մամուլին, չի մեկնաբանում:
Արեգնազ Մանուկյանը հակադարձեց` Սիմոնյանի եկամուտների հայտարարագրի համաձայն` վերջինս նման թանկարժեք հանգիստ չէր կարող ունենալ, Մանուկյանը հետաքրքրվեց, թե Սիմոնյանը որքան գումար է ծախսել հունական կղզում` նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել:
«Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»,- ասաց Սիմոնյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս անդրադարձավ Սյունիքում ստեղծված վիճակին` նշելով, որ այդ հարցը հրատապ է: Գրիգորյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հարցրեց, թե արդյոք քաղաքացիները կարող են Կապան-Գորիս ճանապարհով երթևեկել, արդյոք այդպես անվտանգ է:
Սիմոնյանը կոչ արեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը և հավելեց` գործող իշխանությունը մշտապես որդեգրել է ամենաբաց աշխատանքի տրամաբանությունը: Աննա Գրիգորյանն արձագանքեց` իշխանության գաղտնի որոշումների հետևանքն է Սյունիքում ստեղծված իրավիճակը:
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ արդեն չորս ամիս է՝ ինչ Սև լճի հատվածում ադրբեջանցիներ են, և հետաքրքրվեց, թե ինչ բանակցություններ են ընթացել այս ընթացքում, և ինչ արդյունք են տվել: ԱԺ խոսնակ Սիմոնյանն արձագանքեց` ճիշտ չէ ուղիղ եթերով մանրամասներ հայտնել բանակցություններից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել