HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայկ Կոնջորյանը հրաժարվեց Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական անցակետի մասին հարցերին պատասխանելուց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի ցանկանում մեկնաբանել Որոտանում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ այնտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանական անցակետ, ադրբեջանցի ոստիկաններն ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը:

«Այս պահին ես կսահմանափակվեմ ԱԱԾ տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի: Երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, մեր համապատասխան կառույցները հանդես կգան հայտարարությամբ, և եթե կարիք լինի հավելյալ մեկնաբանության, ես կամ մեր պատգամավորները հավելյալ մեկնաբանություն կանենք: Թույլ տվեք այս պահին սահմանափակվել ԱԱԾ հայտարարությամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կոնջորյանը:

Չնայած թեմայի վերաբերյալ մեկ տասնյակ հարցեր հնչեցին, սակայն իշխող մեծամասնության ներկայացուցիչը հրաժարվեց որևէ մեկնաբանությամբ հանդես գալ` նշելով, որ ԱԱԾ հայտարարությունից զատ չի կարող մեկնաբանություն անել:

Դիտարկմանը, որ հասարակությունում վրդովմունք կա այն հարցի շուրջ, որ ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիներ կան, և այդ խնդիրները չկարգավորած՝ կառավարությունը մտադիր է անկախության տոնին գունագեղ միջոցառում կազմակերպել, Կոնջորյանն ասաց.

«Միանշանակ է, որ իշխանություներն ամեն ինչ անում են, որ օր առաջ Հայաստանի տարածքային ամբողջականությունը… սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի, բայց մյուս կողմից գիտեք, որ անկախության 30-ամյակն է լրանում, և մենք՝ որպես պետություն, անցնելով ծանր դժվարությունների միջոցով, ունենալով պատերազմի հետևանքները՝ այնուհանդերձ պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետականության ընթացքը և հանուն մեր ընկած հերոսների որպես հանրություն, պետություն պարտավոր ենք շարունակել մեր պայքարը»:

Հայկ Կոնջորյանի կարծիքով` նման միջոցառումներով իմաստավորվում է անկախությունը, և այդկերպ պետությունն իր խոնարհումն է հայտնում ընկած հերոսներին:

«Որովհետև նրանք ընկել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայության, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորացմամբ և ժողովրդի բարեկեցությամբ»,- ասաց Կոնջորյանը` հավելելով, որ որոշ շրջանակներ փորձում են այս զգայուն հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter