HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցապատողը փորձում է նախագիծ փոխել, շահառուներն իրենց խաբված են համարում

«Ն և Ս քոնսթրաքշն» և «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները Դավթաշեն թաղամասի Անաստաս Միկոյան 64 հասցեում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր են կառուցում` պայմանական «Դավթաշեն Սիթի» թաղամաս անվամբ: Այդ համալիրի բակային հատվածում նախատեսված են եղել կանաչ տարածք, երեխաների համար խաղահրապարակ, շատրվաններ, թենիսի կորտեր և ազատ տարածքներ: Շահառուների մեծ մասին հենց բակային համալիրի այդպիսի ընդարձակությունն ու կազմակերպվածությունն է գայթակղել:

Վերջերս, սակայն, կառուցապատողները նոր տեսանյութ են տեղադրել ֆեյսբուքյան էջում, որտեղ ամբողջությամբ փոխվել է բակային հատվածի հատակագիծը, ավելացել են առանձնատներ, ճանապարհ` առանձնատների և բազմաբնակարան շենքերի մեջտեղում, իսկ խաղահրապարակները, կանաչ գոտիները և մնացած հատվածները գրեթե վերացել են:

Շահառուներն անակնկալի են եկել: Նրանք այժմ փորձում են կառուցապատողից և Երևանի քաղաքապետարանից պարզաբանումներ ստանալ, թե ինչպես և ինչու է փոխվել արդեն հաստատված նախագիծը, որի հիման վրա իրենք կառուցապատողի հետ կնքել են առքուվաճառքի պայմանագրերը:

Կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը: Հիշեցնենք` «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի և 4 հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր։

«ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, հիշեցնենք, Ֆիրդուս թաղամասի կառուցապատողներից է: Դրա քույր` «ԿաԷռ մայնինգ» ՍՊԸ-ն 2-րդ, 4-րդ և 5-րդ լոտերի սեփականատերն է:  

Ինչ են պատմում շահառուները

Մասնավոր բնագավառում աշխատող, նորապսակ Հայկ Սմբատյանը 1 քմ-ը 850 դոլարին համարժեք դրամով այդ բազմաբնակարաններից մեկի շահառուն է: 20 օր առաջ ծանոթներից տեղեկացել է, որ կառուցապատողը նախագծի փոփոխություն է նախատեսել: Այդ մասին տեսանյութ է հրապարակվել նաև կառուցապատողի կայքում, որը, սակայն, ավելի ուշ հեռացվել է:

«Հունվար ամսին մոտեցել եմ իրենց գրասենյակ, որտեղ դրված էր կառուցվող համալիրի մակետը: Ինձ ներկայացրել են, թե ինչ պետք է լինի, այսինքն` ամբողջությամբ կանաչապատ բակ, լողավազան, մանկապարտեզ, թենիսի կորտ, այսինքն՝ այն ամենը, ինչ եղել է մակետում: Մարտի 19-ին կնքել ենք գնման իրավունքի առուվաճառքի պայմանագիր: Եղել են շատ տարբեր առաջարկներ` այլ տեղերում կառուցվող շենքերից բնակարան ձեռք բերելու, բայց ընտրությունը կանգնել է հենց այս համալիրի վրա միմիայն բարեկարգ տարածքի համար: Երբեք խոսք չի եղել այլ նախագծի կամ նախատեսվող այլ շինությունների մասին»,- պատմում է Հայկ Սմբատյանը:

Վերջինս մնացյալ շահառուների նման դիմել է պատկան մարմիններին` բողոք-դիմումներ է գրել Երևանի քաղաքապետարան, Շրջակա միջավայրի նախարարություն և այլ տեսչական մարմիններ:

«Մոտ 50 շահառուով գնացել ենք իրենց գրասենյակ՝ մեր բողոքն արտահայտելու, և արդեն իրենց գրասենյակում մեզ ներկայացրել են, որ, այո, իրենք նախատեսում են այդ կանաչապատ տարածքում, որը ի սկզբանե ներկայացվել է որպես բակային կանաչապատ տարածք, կառուցել 8 հատ երկհարկանի քոթեջ և այդ քոթեջները սպասարկող ճանապարհ: Նաև նախատեսվել է շենքերի շքամուտքերի դիմաց կառուցել ավտոկայանատեղիներ, իսկ դրանց վրա մի փոքր կանաչապատ տարածք»,- շարունակում է Հայկ Սմբատյանը:

Ներկայացրած տեսահոլովակով այդ ճանապարհը կառուցվում է գրեթե նույն հարթության վրա, ինչ շենքի 2-րդ 3-րդ հարկերն են:

Առքուվաճառքի պայմանագրում տարօրինակ երկու կետ կա, որը, ըստ Հակի, նախորդ տարիներին կնքած շահառուների պայմանագրերում բացակայում է: Մասնավորապես, 3,5-րդ կետով սահմանվում է, որ գնորդը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ վաճառողի կամ շենքի կառավարման մարմնի կողմից շենքի սպասարկման հողամասից մաս առանձնացնելու, շենքի սպասարկման հողամասի օտարման, ընդհանուր օգտագործման տարածքներից առանձին տարածքների օտարման (ներառյալ առանձնացված գույքային միավորին միացման), առանձնացված գույքային միավորի վերածման, շենքում կցակառույցների, լրացուցիչ հարկերի, վերնահարկերի, կառուցման դեպքերում շենքի սպասարկման հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ գնորդի ունեցած բաժնեմասի փոփոխությունները գրանցվեն Կադաստրում առանց գնորդի համաձայնության և դիմումի, պայմանով, որ նման փոփոխությունները կլիեն ողջամիտ սահմաններում:

Հաջորդ կետն էլ սահմանում է, որ գնորդը տեղյակ է անշարժ գույքը ներառող շենքին հարակից տարածքներում ընթացող և նախատեսվող այլ շենքերի կառուցապատումներին և առարկություն չունի կառուցման նախագծերի համաձայնեցման և կառուցման աշխատանքների իրականացման հարցում` անկախ նոր շենքերի կառուցմամբ անշարժ գույքի բնական լուսավորության և լուսամուտներից բացվող տեսարանի վրա ազդեցության աստիճանից, շինարարական աշխատանքների իրականացմամբ պատճառվող անհարմարությունների բնույթից ու տևողությունից: Ինչպես նաև մինչև կառուցման ավարտը շենքի ճարտարապետաշինարարական նախագծի փոփոխություններ կատարելու հարցերում բոլոր տեսակի որոշումներն ընդունվում և համապատասխան գործողությունները կատարվում են առանց գնորդի նախական կամ հետագա համաձայնությունը ստանալու:

«Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ կարգին է իրենց մասով, այսինքն` ես տեղեկացված եմ եղել, որ ինչ-որ բաներ են կառուցելու, բայց իրականում այդպես չէ: Պայմանագրի կնքման պահին չի եղել որևէ այլ նախագիծ կամ նախագծի փոփոխություն, որին իբր ես պետք է ծանոթ լինեի»,- ասում է Հայկ Սմբատյանը և կառուցապատողի վարքը խարդախություն որակում:

Բազմաբնակարանի շահառուներից է նաև Դավիթ Պետրոսյանը: Ինչպես բնակիչների մեծ մասին, նրան նույնպես բնակարան գնելիս ցույց են տվել կանաչապատ ու մեծ բակային տարածքը:

«Մի քանի շաբաթ առաջ facebook-ում տեսնում եմ տեսահոլովակ, բակային տարածքի նոր տարբերակը, որտեղ գրեթե ամբողջ տարածքը զբաղեցնում են 8 քոթեջ և դրանց սպասարկող մեքենայի ճանապարհ, որն, ի միջի այլոց, անցնելու է անմիջապես շքամուտքի դիմացով,- պատմում է Դ. Պետրոսյանը: -Մի քանի տասնյակ hարևաններով հավաքվեցինք, գնացինք կառուցապատողի գրասենյակ՝ մեր դժգոհությունը հայտնելու և պահանջելու, որ կառուցվի այն բակը, որը մեզ ներկայացրել են, և որը տեսնելով՝ որոշում ենք կայացրել գնել բնակարան»:

Շահառուներին պատասխանել են, որ իրենց դժգոհությունները հասկանալի են, և նախագիծը կվերանայեն: Մի քանի օր անց ցուցադրել են նոր տեսանյութ, որտեղ չնչին փոփոխություններ են եղել:

«Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ այդ հոլովակում ցուցադրվածը և իրական տեղանքը չափերով չեն համապատասխանում: Խնդրեցինք ներկայացնել հստակ չափերով գծագիր: Մի քանի անգամ խոստացան, որ կներկայացնեն մի քանի օրից, դրանից հետո ևս 2-3 շաբաթ ձգձգեցին և վերջում հրաժարվեցին ներկայացնել՝ պատճառաբանելով, որ մեր վերաբերմունքը իրենց դուր չի եկել, այնինչ այդ ընթացքում որևէ շփում այդ թեմայով իրենց հետ չի եղել: Այժմ մեր հետ բանակցելուց հրաժարվում են՝ ասելով, որ այդ տարածքը իրենցն է, և միևնույն է այդ քոթեջները և ճանապարհը կառուցվելու են»,- շարունակում է Դ. Պետրոսյանը:

Էլմիրա Մովսիսյանն այստեղ 950 դոլարին համարժեք դրամով բնակարան է ձեռք բերել: Ամուսինը` Արմենը, ասում է, որ իրենք նույնպես ընդարձակ բակի պատճառով են այնտեղ բնակարան գնել, այլապես այդ գնով նույնիսկ կենտրոնում կարելի էր բնակարան գտնել:

Ինչ են պատասխանում պատկան գերատեսչությունները

Բնակիչները փորձել են քայլեր ձեռնարկել և դիմել են տարբեր գերատեսչությունների: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գ. Գաբրիելյանը նրանց պատասխանել է, որ նշված կառուցապատման փոփոխված նախագիծը չի ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նույնպես ուսումնասիրել է բնակիչների դիմումը: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աշոտ Շահբազյանը հայտնել է, որ Տեսչական մարմնի մասնագետները տեղազննություն են իրականացրել և պարզել են, որ շինաշխատանքներն իրականացվում են քաղաքապետի տրամադրած շինթույլտվության համապատասխան:

«Տեղազննության պահին իրականացվում էին համաձայնեցված նախագծով նախատեսված շինարարական աշխատանքներ»,- հայտնել է Աշոտ Շահբազյանը:

Բացի դրանից, Տեսչական մարմինը հարցում է կատարել Երևանի քաղաքապետարանին նշված հասցեում համալիրի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ, և տեղեկացվել է, որ համալիրի գլխավոր հատակագծի փոփոխություն չի կատարվել, և փոփոխման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում այդ պահին դիմում չի եղել:

Շահառուների դիմումներին մինչ այսօր Երևանի քաղաքապետարանը չէր պատասխանել: Միայն մեր հարցումից հետո նրանք նույնպես պատասխան ստացան, որ տարածված նյութերն ու հոլովակներն առնչություն չունեն նախագծի հետ: Քաղաքապետարանը բնակիչներին այսօր ուղարկել է նաև հետևյալ հատակագիծը.

Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանը փոքր-ինչ այլ պատասխան է տվել. մասնավորապես, որ կառուցապատող ընկերությունը նախագծային փոփոխության համար դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն դիմում-հայտը փոփոխության չի ենթարկվել: Համալիրի կառուցապատումն իրականացվելու է համաձայն արդեն հաստատված նախագծի:

«Ն և Ս քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Սամվել Մանիջոյանի հետ զրուցել չկարողացանք: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ տնօրենը ծանրաբեռնված է և մեզ հետ զրուցելու ժամանակ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter