HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գ. Ջհանգիրյան. «Թե ես ու գործադիրի ղեկավարն ինչ հարաբերությունների մեջ ենք, իմ ու իր անձնական խնդիրն է»

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի,  Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Խորհրդարանն այս երեք թեկնածուից ընտրելու է մեկին:

Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին, նկատեց, որ վերջինիս անվան հետ կապված պարբերաբար մտահոգիչ տեղեկություններ է ստանում, որ դատավորները նրա հետ են համաձայնեցնում վճիռները:

Ջհանգիրյանն արձագանքեց` քաղաքական գնահատականներից պետք է զերծ մնալ, սակայն պատգամավորն իր հասցեին կոնկրետ մեղադրանք է հնչեցնում: Նա հիշեցրեց, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, և խորհրդի նախագահը որևէ առանձին լիազորությամբ օժտված չէ, ԲԴԽ-ն նույնիսկ որևէ դատավարական գործառույթով օժտված չէ:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը պնդեց` քրեական մասնագիտացմամբ որևէ դատարանի համալրում չի եղել իր պաշտոնավարման շրջանում, այժմ այն դատավորներն են պաշտոնավարում, որոնք նշանակվել են առաջին, երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ:

Նա բարձրաձայնեց նաև պատգամավորի հետ ունեցած հեռախոսային խոսակցության մասին. «Ձեզ կալանավորներից որևէ մեկն ասել է, որ ես ճնշել եմ դատավորի: Ես երկրորդ, այնուհետև երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում հանիրավի անցկացրել եմ բանտում, 12 տարի անց արդարացվել, չեմ պատկերացնում ինչպես ես կարող եմ  ճնշել դատավորներին, որ ապագայում ևս ՀՀ-ում հանիրավի դատապարտված մարդիկ լինեն»,-ասաց նա:

Թովմասյանը մանրամասնեց` խոսել է կալանավորված պատգամավոր Արմեն Չարչյանի հետ, վերջինս է ահազանգել, որ իր նկատմամբ խոշտանգումներ են իրականացվում Ջհանգիրյանի ցուցումով: Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդեց, թե ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ժամանակ առ ժամանակ դատավորների է հյուրընկալում իր սենյակում և համապատասխան ցուցումներ տալիս:

Ջհանգիրյանը զարմացավ` ո՞վ այցելի ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, եթե ոչ դատավորները, ապա պնդեց, որ վերջիններս դատարանների առջև ծառացած խնդիրներն են իրեն զեկուցում: Ասաց՝ նորանշանակ դատավորն աշխատանքի առաջին օրը տեղեկանում է, որ իրեն մակագրվել է 954 քաղաքացիական գործ, այդ իրավիճակում ո՞ւմ առջև պետք է իր խնդիրը բարձրաձայնի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց, որ Ջհանգիրյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, երկար տարիներ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, ինչպես է հաջողացրել հայտնի թաղամասում առանձնատուն կառուցել, որի ինքնարժեքն իջեցնելու համար այն անվանել է գոմ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս տեղեկացված է, որ Իրաքի դեսպանատունն է այդ գոմում գործունեություն ծավալում, և վերջիններս առանձնատունը վարձակալելիս գիտե՞ին այդ մասին, թե՞ ոչ:

Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց` առանձնատունը վարձակալել են ոչ թե իրենից, այլ որդուց, ապա հիշեցրեց, որ ԲԴԽ անդամ ընտրվելիս մանրամասն ներկայացրել է իր առանձնատան ձեռք բերման պատմությունը:

«Ես գոմ անվանեցի, որովհետև ապարանքներ են մեր տան հարևանությամբ, դրանց համեմատ համեստ տուն է, թող ներեն Իրաքի դեսպանատան աշխատակիցները, որ նման պայմաններում են բնակվում»,- ասաց Ջհանգիրյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց Ջհանգիրյանի և վարչապետ Փաշինյանի երբեմնի վատ հարաբերությունները, երբ Փաշինյանը վերջինիս անվանում էր իշխանությունների հաճախորդ, իսկ Ջհանգիրյանն էլ Փաշինյանի հեղինակած Սերժ Սարգսյանին իմպիչմենտ ներկայացնելու նախագիծը որակել էր անգրագիտություն: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել նման հարաբերություններից հետո համագործակցությունը:

«Թե ես ու գործադիրի ղեկավարն ինչ հարաբերությունների մեջ ենք, իմ ու իր անձնական խնդիրն է, չեմ պատրաստվում այդ խոհանոցը ձեր առաջ բացել»,- արձագանքեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հեղինակած որոշման նախագծին, Ջհանգիրյանն ասաց, որ պատգամավորը մեկ կարևոր բառ մոռացել է հիշատակել, ինքն ասել է իրավաբանորեն անգրագիտություն, իսկ թե նման որոշման նախագիծ ով էր գրել, Ջհանգիրյանը չգիտեր:

Հիմնական զեկուցողն ասաց, որ իր թեկնածությունն առաջադրել էր նախորդ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, ունեցել է նաև ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն, որ կընտրեն իրեն, սակայն «ինչ-ինչ և ում արգելքներից հետո գրանցվել են և հետո լքել դահլիճը»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբան, պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց Քոչարյանի քրեական գործը` ասելով, որ վերջինս կալանավորված է եղել ավելի երկար ժամանակով, քան Ջհանգիրյանը, ապա ՍԴ որոշմամբ 301.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական ու քրեական հետապնդումը դադարեցվել:

Վարդևանյանը պնդեց, որ Ջհանգիրյանը մինչ այդ պաշտոնում ընտրվելը ջանասիրաբար պաշտպանում էր այդ հոդվածը, հետաքրքրվեց, թե արդյոք նա պատրաստվում է դիրքորոշում հայտնել, որ քրեական հետապնդումն ապօրինի է եղել և ներողություն խնդրել, որ ժամանակին պաշտպանել է նման «խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը»:

Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց` իր դիրքորոշումն արտահայտելիս եղել է անկախ իրավաբան ու արտահայտել մասնագիտական տեսակետ, և անկախ ՍԴ կայացրած որոշումից իր տեսակետը չի փոխել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter