HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մեղվաբուծությունը պետք է դարձնել տնտեսության հենասյուներից մեկը եւ պետական հոգածություն ցուցաբերել»

Այս տարվա գարունը հայ մեղվաբույծների մեծ մասի համար սկսվեց անկած փեթակների հաշվարկով: Պակասը նոր մեղվաընտանիքներով լրացնելն առաջացած պրոբլեմի մի մասն էր, եւ բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու միակ հույսը առատ բերքն էր: Սակայն երաշտ տարին այս հարցում էլ ձեռնունայն թողեց մեղվաբույծներին: «Մենք երեւի բացառություն ենք եղել,-ասում է 90-ամյա մեղվաբույծ Հովսեփ Ենգոյանը,- գարնանը ոչ մի մարած փեթակ չենք ունեցել, ինչքան որ ուղարկել էինք ձմեռացման, էդքանն էլ գարունը հանել ենք»:

Տարեց ամուսիններ Հովսեփ ու Ասյա Ենգոյանները Շիրակի մարզի Արփենի գյուղում 28 տարի է՝ զբաղվում են մեղվաբուծությամբ: Հովսեփ Ենգոյանին «Հետք»-ի ընթերցողները կհիշեն անցած տարի պատերազմի օրերին «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի կողմից իրականացվող «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին 1 մլն դրամի փոխանցման պատմությունից: Թոշակառու ամուսինները հայրենիքի համար տվել էին իրենց հաշվեհամարին հավաքած ու նեղ օրվա համար պահած ողջ գումարը: 

«Մեղուն երեխու պես է, պիտի լավ նայես,- անկորուստ գարնան իրենց գաղտնիքն է հայտնում Ասյա տատը,- պիտի ժամանակին ամեն ինչը անես՝ հատկապես բուժումները: Անցած տարի էլ, էս տարի էլ բուժումները չենք ուշացրել: Օգոստոսին հենց մեղրը քաշեցինք, բուժում ենք տվել վառատոզի (Varroasis apium, Варрооз) դեմ, հետո եվրոպական փտախտի դեմ ենք բուժում տվել, արդեն վերջացրել ենք էդ պրոցեսները: Մեկ ամսից, երբ օրերը ցրտեն, մեղուն կկծկվի, ինչքան առանց մեղու ռամկա եղավ, կհանենք, մնացածը կմնա։ Խտացնում ենք, բունն ենք փոքրացնում, որ տաք մնան, ինչքան տեղը տաք լինի՝ էդքան ավելի ճիշտ կձմեռեն ու անկորուստ գարուն կելնենք»:

Գարունն անկորուոստ են դիմավորել, սակայն ամռանը 2-3 փեթակի անկում ունեցել են Ենգոյանները, դա էլ կապում են երաշտի հետ: «Մինչեւ հուլիս ամիսը օժանդակ բերքի սեզոնն է,- բացատրում է Ասյա տատը,- մեղուն էդ ժամանակ ինչ բերեց, բերեց: Էս տարվա չորային եղանակն ու քամիներն իրենց չար խաղը խաղացին՝ բերքը միանգամից կտրվավ: Եթե տարածքում բուսականությունը կսկսե չորանալ, մեղուն ուզե-չուզե պիտի ավելի հեռուն գնա ու համ քիչ կբերե, համ էլ հավանականությունը մեծ է, որ ուժասպառ լինի ու տեղ չհասնի: Երեք փեթակի կորուստն էս տարի էդ պատճառով եղավ»

Ենգոյանները մեղվաբուծության ավանդական եղանակներն են հիմնականում կիրառում: Կովկասյան գորշ եւ դեղին մեղվին արտերկրից ներմուծվող այլ տեսակներով չեն փոխարինել, փեթակները փայտից են՝ այլ նյութից առաջարկվող ավելի թեթեւ տեսակները նրանց չեն գրավում, մեղուներին չեն տեղափոխում՝ համարելով, որ տարածքը լիարժեք բավարար է մեղվաընտանիքների համար: Հովսեփ պապը հորդորում է մեղվաբույծներին՝ սկսնակ, թե երկարամյա, պահպանել ոսկե մի կանոն. մեղվաընտանիքները տեղափոխելիս՝ 3 կմ շառավղով պահպանել հեռավորություն մեկ այլ մեղվաբույծի տնտեսությունից: «Մեղուները իրար խանգարում են, բերքը շուտ է պրծնում: Բերում, դնում են իրար կողք, մեղուներին դաշտը հերիքում է մեկ օր, մնացած ժամանակ պիտի հեռու գնա, որտեղից կամ քիչ են բերում, կամ ճամփեն հոգնեցին՝ տեղ չեն հասնի»,- մտահոգվում է Հովսեփ պապը:

Կարդում, ուսումնասիրում ու վերլուծություններ են անում նաեւ «Սարգսյան մեղր» ապրանքանիշի հիմնադիրները: Հայր եւ որդի Սարգսյանները, որ սեփական տնտեսություն են վարում Մեծ Սարիար գյուղում, միաժամանակ համագործակցում են Շիրակի մարզից 17 մեղվաբույծի հետ: Ի տարբերություն Ենգոյանների, թե՛ Սարգսյանները, թե՛ մարզից այլ մեղվաբույծներ, գարունը դիմավորել են մեղվաընտանիքների կորստով: «Մեր տվյալներով, այս տարի մարզում 75 տոկոս անկում է գրանցվել, մարդիկ համ անկած փեթակներ են ունեցել, համ քիչ մեղր են ստացել,- ասում է Աղվան Սարգսյանը,- անձամբ մենք, գարնանը, համարյա 80 տոկոս կորուստ ենք ունեցել՝ ստիպված եղանք նորից մեղվաընտանիքներ գնել, սակայն դա էլ չփակեց ծախսը, քանի որ նորմալ բերք չունեցանք»: 

Զրուցակիցս նշում է, որ խնդիրները սկսվել էին դեռ անցած տարվա հուլիս-օգոստոսից՝ եղանակը չորային էր, գրեթե անձրեւ չեկավ: Վառատոզի դեմ տրվող երկրորդ պարտադիր բուժումն էլ աչքաթող էր արել սեպտեմբերին սկսված պատերազմի պատճառով:

«Անցած տարի սեպտեմբերին էլ էր շոգ, պիտի հիշեք: Լորը երկրորդ անգամ ձվադրեց, որ անոմալ երեւույթ է: Էդպիսի բան 10-15 տարին մեկ է լինում: Չուն եղավ հոկտեմբերի 8-9-ի կողմերը, ձագերը լրիվ փետրավորված չէին, չկարողացան թռչել՝ սատկեցին: Սեպտեմբերի շոգերին նորից ի հայտ եկավ տիզը, որ սովորաբար լինում է հունիս ամսին: Պատերազմով պայմանավորված՝ բաց թողեցի երկրորդ պարտադիր բուժումը, հետո կերը շատ էի թողել փեթակների մեջ՝ մայրերը ձվարկությունը դադարեցրել էին: Մենք մեղվապահներով վերլուծեցինք ու եկանք եզրակացության, որ կոնկրետ իմ դեպքում պրոբլեմներից մեկը չորային եղանակն էր, մյուսը, որ կերը շատ թողեցի փեթակում` եղավ ծերացում եւ բուժումն ուշացնելը»:

Հայաստանը մեղվապահության հնագույն կենտրոններից է: Դեռևս Քսենոփոնն է հիշատակել, որ Հայաստանի լեռնային գյուղերում եղել են բազմաթիվ փեթակներ: Այդ մասին հիշատակումներ ունեն նաև հայ պատմիչներ Մովսես Խորենացին ու Հովհաննես Դրասխանակերտցին: Հայաստանում տարածված են եղել դեղին և գորշ մեղուները՝ առաջնայնությունը տրվել է դեղին մեղվին: Մարտին Սարգսյանը նշում է, որ կոնկրետ իրենց տոհմը 150 տարի զբաղվում է մեղվապահությամբ, ու եթե նախկինում շատ մեծ խնդիրներ չեն եղել, ներկայում հնին ավելացել են նորերը, որոնք լուծելուն ուղղված գործիքներն են մնացել նույնը, կամ՝ բացակայում են:

«Ես մեղվապահ չեմ, հիմնականում զբաղվում եմ արդեն պատրաստի արտադրանքի իրացմամբ, այսինքն ավելի շատ շփվում եմ շուկայում առաջարկվող նորարարությունների հետ,- ասում է Մարտինը,- վերջին տարիներին սկսել են նոր սերնդի մայր մեղուներ ներմուծել եւ վաճառել: Նախկինում միշտ մեր կովկասյան գորշ մեղուն է եղել ու հնարավոր է, որ ներմուծվող տեսակները կամ վատ են ադապտացվում, կամ հիվանդություններն իրենց հետ են բերում: Այս մասին շատ չի խոսվում, որովհետեւ մարդիկ գումար են աշխատում: Հնարավոր է, որ նոր սորտերը տարբեր կլիմայական պայմաններում իրենց տարբեր կերպ են դրսեւորում, հնարավոր է հիվանդություններն են մուտացիայի ենթարկվում, եւ տեղի բուժումներն անարդյունավետ են դառնում: Էս մասին, որ խոսում ես, մեղվապահներն անմիջապես ասում են՝ չէ՛, անկումները դրանից չեն, բայց կարծում եմ սա եւս պետք է դիտարկել եւ կատարել ուսումնասիրություն»:

Զրուցակցիս համոզմամբ՝ մեղվաբուծության ոլորտը պետք է դարձնել տնտեսության հենասյուներից մեկը եւ պետական հոգածություն ցուցաբերել:

«Վերցնենք անասնապահությունը. որ կենդանիների մեջ հիվանդություն է ընկնում, անկումներ են լինում, անմիջապես խառնվում են իրար, ստուգումներ են անում, ինչ-որ բաներ են արգելում, պատասխանատուներ են պատժվում եւ այլն: Մեղվաբուծության պարագայում ամեն մեղվապահ իր պրոբլեմների տխուր պատմությունն ինքը պիտի վերլուծի, ինքը պիտի ուղիներ գտնի, ինքնուրույն հաղթահարի,- նկատում է Մարտին Սարգսյանը,- ես որքան նկատել եմ, մեղվապահները փակ բնավորություն ունեն, միմյանց հետ կապը թույլ է՝ ինֆորմացիայի փոխանակում գրեթե չկա: Սեփական փորձով կիսվելու, իրար փոխանցելու շահագրգռվածություն չկա: Բայց դա շատ կարեւոր է, որպեսզի մեկի չստացված փորձը մյուսը չկրկնի: Սրան էլ ավելանում է կենտրոնացված ուշադրության բացակայությունը»:

Մարտինը խոսում է դրսի շուկայում հայկական մեղրի դերի ու զբաղեցրած տեղի մասին: Հայկական բազմածաղիկ մեղրը քիչ քանակությամբ է արտահանվում, սակայն իր որակի շնորհիվ ճանաչելի է ու շատ է գնահատվում:

«Արտերկրում մեղվապահները հիմնականում գնում են մոնոֆլոր մեղրի արտադրության ճանապարհով: Ասենք հեկտարներով մի տեսակի բույս են աճեցնում ու մեղվաընտանիքները տեղադրելով այդտեղ՝ կոնկրետ ստանում են մի տեսակի մեղր: Ես ուսումնասիրել եմ դրսի շուկան, որտեղ մենք մեր տեղն ապահովում ենք որակի հաշվին, քանի որ մեղրի քանակով մրցունակ չենք: Բազմածաղիկ մեղրը, որ արտադրվում է Հայաստանում, բարձր է գնահատվում դրսում ու որակի հաշվին կարող է իրեն թույլ տալ շուկայականից բարձր գին առաջարկել,- նշում է Մարտինը,- բայց էս տեմպերով հնարավոր է ապագայում մենք էդ ունեցած տեղն էլ կորցնենք: Ոլորտի նկատմամբ, իմ կարծիքով, պետք է լինի նաեւ պետական հոգածություն, մեղապահներին միավորող ուժ, պետք են ռեսուրսներ, պետք են մասնագետներ, մենակ մեղվապահի մակարդակով հնարավոր չէ ոլորտն ուսումնասիրել, ռազմավարություն մշակել: Մեղվապահը կարող է նայել էդ տարի անձրեւը շատ է, թե քիչ, բայց շատ ու քչով գլոբալ խնդիրները չեն լուծվում»

Ըստ Մարտինի՝ մեղվաբուծությունն այս վիճակում է, որովհետեւ կա ընդունված կարծիք, թե այն թոշակի անցած մարդկանց զբաղմունք է՝ երկու-երեք փեթակ դնեն, տան համար մի քիչ մեղր ունենան, մի քիչ էլ ավել մեղր լինի՝ վաճառեն: Հայաստանում հատուկենտ են երիտասարդ մեղվապահները՝ հիմնականում 50 տարեկանից բարձր մարդիկ են զբաղվում մեղվաբուծությամբ: Երկու սերունդների միջեւ կապը թույլ է, փորձի փոխանակումն ինտենսիվ չէ: Մեկ տասնյակից ավելի մեղվաբույծներով միավորվելով Շիրակի մարզում` ներկայում փորձում են ամրապնդել երիտասարդ սկսնակ եւ տարեց, փորձառու մեղվաբույծների կապը, որքան որ դա հնարավոր է: Գործընթաց, որ դարձյալ անձանց մակարդակով է արվում, սակայն ոչ բոլոր հարցերին է լուծում տալիս, եւ պետական մոտեցումը կարող է շատ բան փոխել:

«Մենք շատ ժամանակ պրոբլեմներից էնքան կխոսանք, որ լուծումներին ժամանակ չի մնա: Տարիներով կքննարկենք, բայց լուծումը չենք առաջարկե, ու խնդիրը կմտնի փակուղի,- նկատում է Մարտինը,- ուզում եմ անպայման նշել զրո տոկոսով սուբսիդավորվող վարկի մասին, որից այս տարի ես էլ եմ օգտվել: Վարկի տոկոսները բանկին տալիս է պետությունը, բայց կարելի է չէ՞ այդ գումարը ծախսել ոլորտի ռիսկերի նվազեցման ու զարգացման վրա, որ հետագայում ոչ թե սուբսիդավորվի ոլորտը, այլ բանկը հասկանա, որ զարգացող ճյուղ է, ռիսկերը նվազագույն են, եկամտաբեր է ու ինքը գնա ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրման»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter