
Կապի ոլորտն աստիճանաբար վերականգնվում է
2021 թվականի առաջին կիսամյակում կապի ոլորտի հասույթը Հայաստանում կազմել է 70.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համադրելի գների համեմատությամբ 4.5%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ):
Նախորդ տարվա առաջին կիսամյակում կապի ոլորտի հասույթը ընթացիկ գներով կազմել էր 68.9 մլրդ դրամ, իսկ նախաքովիդյան 2019-ին՝ 71.8 մլրդ դրամ:
Այս դինամիկան ցույց է տալիս, որ կապի ոլորտն աստիճանաբար վերականգնվում է 2020 թվականի անկումից հետո: Այստեղ էական դեր է խաղում հեռահաղորդակցության ոլորտը՝ ինտերնետի և բջջային կապի ծառայությունները:
Հեռահաղորդակցության ծավալները 4.7%-ով աճել են
2021 թվականի առաջին կիսամյակում միայն հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 64.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 4.7%-ով:
Ինտերնետ հասանելիության ապահովման ծառայություններից ստացված հասույթը կազմել է 31.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 8.1%-ով:
Բջջային շուկայի հասույթը կազմել է 19.6 մլրդ դրամ՝ աճելով 2.3%-ով: Այս տվյալները կարող են վկայել, որ օգտագործվող ինտերնետի ու բջջային կապի պահանջարկը բարձրանում է: Մյուս տարբերակը, որով կարող է պայմանավորված լինել բջջային կապի և ինտերնետի հասույթի աճը, գների բարձրացումն է: Սակայն, Վիճկոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ այս ընթացքում կապի ոլորտում էական գնաճ չի գրանցվել:
Բջջային շուկայի, թեկուզ, փոքր աճը հատկանշական է, քանի որ վերջին տարիներին այս շուկայում անընդմեջ անկում է գրանցվել: Եթե մինչև 2019 թվականը բջջային կապի շուկան հասույթով գերազանցում էր ինտերնետին, ապա 2019 թվականից ինտերնետի շուկան առաջ է անցել:
2020 թվականին, համավարակի և պատերազմի պայմաններում, ինտերնետի օգտագործման ծավալները շարունակել են աճել, իսկ բջջային կապինը՝ կրճատվել:
Հեռահաղորդակցության ոլորտն ընդգրկում է նաև լարային հեռախոսային կապը, որի հասույթն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 3.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն կիասմյակի համեմատ նվազելով 7.5%-ով:
10%-ով էլ աճել է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ծառայություններից ստացված հասույթը՝ կազմելով 3.7 մլրդ դրամ:
Ոլորտի մաս կազմող մյուս ծառայությունների հասույթը կազմել է մոտ 6.5 մլրդ դրամ՝ աճելով 0.6%-ով:
Հեռուստառադիոլորտի հասույթը ևս ավելացել է
Բացի հեռահաղորդակցությունից, կապի ոլորտի մի մասն է կազմում նաև հեռուստառադիոհեռարձակումը:
Մասնավորապես, 2021 թվականի առաջին կիսամյակում հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման հասույթը կազմել է 5.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 2.4%-ով:
Ռադիոծրագրերի հեռարձակումից ստացվող հասույթը կազմել է 1.2 մլրդ դրամ՝ աճելով 6.9%-ով:
Մեկնաբանել