HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանին, փորձում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ նոր զիջումներ կորզելու համար»

Հարցազրույց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարոն Սաֆրաստյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, որոնք իրենք կգնահատեն եւ դրականին դրականով կպատասխանեն: Ի տարբերություն սրա՝ պոլսահայ որոշ քաղաքական-հասարակական շրջանակներ չեն տեսնում նման ազդակներ, հակառակը՝ նշում են, որ Թուրքիայի նպատակը Հայաստանին ծնկի բերելն է: Դուք վստահաբար հետեւում եք Թուրքիայի տրամադրություններին: Ինչպիսի՞ն է այդ երկրի իրական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ:

-Կարծում եմ՝ իրական դիրքորոշումը խորապես տարբերվում է այն հռետորաբանությունից, որ վերջին ժամանակներս լսում ենք Թուրքիայից: Թերեւս նմանատիպ հռետորաբանություն արդեն լսել ենք տասնյակ տարիներ: Իսկ դա հետեւյալն է՝ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց իրական քաղաքականությունը դրանից տարբերվում է այն առումով, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր նախապայմանների քաղաքականությանը եւ նույնիսկ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա:

Իմ գնահատմամբ՝ ոչ մի իրական դրական քայլ չի արվել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, իսկ մինչեւ այդ դրական քայլը չլինի, հույս ունենալ, թե Թուրքիան փոխել է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, կարծում եմ՝ իմաստ չունի:

-Երբ 2009 թվականի Սարգսյան-Գյուլ ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվեց, նույն թուրք փորձագետների մի մասը պնդում էր, որ դրանում իր դերակատարումն է ունեցել այն ժամանակվա վարչապետ Էրդողանը: Այն ժամանակ Թուրքիան նախապայմաններ առաջադրեց Արցախի հարցում: Հիմա, երբ իրավիճակը փոխվել է, Թուրքիան էլի պայմաններից է խոսում, մասնավորապես՝ տարածքային ամբողջականություն ճանաչելուց: Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ Թուրքիան գոնե Էրդողանի օրոք միշտ էլ նախապայմաններ է առաջադրելու Հայաստանին:

-Թուրքիան երեք նախապայման է առաջադրել Հայաստանին եւ դա արել է սրանից տասնյակ տարիներ առաջ: Բացի Արցախի խնդրից, որ Հայաստանը դադարի պաշտպանել Արցախի Հանրապետության իրավունքները, կարեւոր երկու նախապայման են Թուրքիայի համար այն, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման քաղաքականություն վարելուց, երկրորդ՝ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ ճանաչում է Կարսի պայմանագիրը, այսինքն՝ ժամանակակից Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները: Այսինքն՝ երեք նախապայման, որոնք տասնյակ տարիներ առաջադրված են եղել Թուրքիայի կողմից, մինչեւ հիմա մնում են ուժի մեջ:

Պատահական չնշեցի, որ Թուրքիան, փաստորեն, արցախյան այս երկրորդ պատերազմը հրահրելով, մասնակցելով, սպաներ, վարձկաններ, զենք-զինամթերք ուղարկելով ադրբեջանական բանակ եւ ղեկավարելով գործողությունները, փոխեց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ դարձնելով ավելի թշնամական: Պատերազմից հետո տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է կոշտ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ անընդհատ տեղի են ունենում զորավարժություններ, հրահրում է Ադրբեջանի կողմից գործողությունները, սադրանքները, այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ եւ օգտագործելով Ադրբեջանին՝ փորձում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ նոր զիջումներ կորզելու համար:

-Երբ Էրդողանը խոսում է տարածքային ամբողջականությունից, դա միայն իրե՞ն է վերաբերում, մասնավորապես՝ Կարսի պայմանագիրը ճանաչելուն ու Ցեղասպանության հարցում պահանջատիրությունից հրաժարվելուն, թե՞ նաեւ Ադրբեջանին՝ Արցախի կարգավիճակից հրաժարվելուն:

-Իհարկե, դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն: Պատահական չէ, որ Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ պահանջեց, որ Հայաստանը հրաժարվի հարեւան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ ունենալուց: Նա չնշեց Թուրքիայի նկատմամբ, այլ հարեւան երկրների, նկատի ուներ նաեւ Ադրբեջանը՝ Արցախի հիմնահարցը, այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի Հանրապետությունը եւ այլն: Թուրքիան, փաստորեն, համարում է, որ մենք պաշտպանում ենք Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության իրավունքները, եւ դա համարում տարածքային ոտնձգություն Ադրբեջանի դեմ: Դա այն դիրքորոշումն է, որը 100 տոկոսով համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ:

-Ըստ Ձեզ՝ նոր պատերազմի հավանականություն կա՞:

-Կարծում եմ՝ միշտ պետք է հաշվի առնենք պատերազմի հավանականությունը, պետք է պատրաստ լինենք, մանավանդ, որ ունենք այնպիսի հարեւաններ, ինչպիսիք Թուրքիան եւ Ադրբեջանն են: Եթե ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատենք, կարծում եմ՝ կոնկրետ այս պահին անմիջական պատերազմի վտանգ չկա, սակայն ինչպես ասացի, միշտ պետք է պատրաստ լինենք դրան: Եվ դա չի նշանակում, թե մոտ ապագայում այդ վտանգը չի դառնա 100-տոկոսանոց իրական: Դրա համար էլի ասում եմ, որ վերականգնենք մեր զինված ուժերը, մեր անվտանգային համակարգը, մեր հեղինակությունը միջազգային թատերաբեմում, ավելի ակտիվ, թիրախավորված արտաքին քաղաքականություն վարենք, ամեն րոպեն պետք է օգտագործենք, որ վերացնենք այն բացասական հետեւանքները, որ թողել է արցախյան վերջին պատերազմը: Այդ ուղղությամբ պետք է շատ լուրջ աշխատել:

-Այլ ոչ թե խոսենք խաղաղասիրությունից, որ պարբերաբար կրկնում են իշխանությունները:

-Տասնյակ տարիներ ուսումնասիրելով Թուրքիայի քաղաքականությունը՝ կարող եմ ասել, որ դա հռետորաբանություն է, որը նպատակ ունի, այսպես ասած, մոլորության մեջ գցել աշխարհին: Թուրքական դիվանագիտությունը հենց դրանով էլ աչքի է ընկնում՝ մի բան ասում է, հակառակ բանն անում է: Այնպես որ, սա եվրոպական երկիր չէ, սա Թուրքիան է: Մենք միշտ պետք է հաշվի առնենք դա:

-Թվում է, թե ներկա իրավիճակում ԱԳՆ-ն առավել քան երբեւէ ունի մասնագիտական խորհրդատվության կարիք թուրքագետների կողմից: Շփումներ եղե՞լ են արեւալեգետների հետ պատերազմից հետո:

-Պատերազմից առաջ եղել են, պատերազմից հետո արդեն Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն չէի եւ չեմ կարող ասել՝ մեր ինստիտուտի հետ եղել են, թե ոչ: Բայց, կարծում եմ, ԱԳՆ նոր ղեկավարությունը եկել է, որ որոշ ժամանակ խորամուխ լինի գործերում, շփումներ կլինեն:

-Իսկ անձամբ Ձեզ հետ՝ որպես թուրքագետի, եղե՞լ են շփումներ պատերազմից հետո:

-Արտգործնախարարությունից չեն եղել, բայց անվտանգության խորհրդից եղել են:

-Եթե հրապարակավ մի քանի կարճ խորհուրդ տալու լինեիք, ի՞նչ կասեիք ՀՀ իշխանություններին այս թեմայի շուրջ:

-Պետք է փորձենք հաշվի առնել մի քանի կարեւոր հանգամանք եւ աշխատել դրանց վրա:

Առաջին՝ տասնամյակների փորձից ելնելով, ոչ միայն ուսումնասիրել եմ Թուրքիան, այլեւ շփվել եմ թուրքական վերնախավի ամենատարբեր ներկայացուցիչների հետ, համոզված եմ, որ այն, այսպես ասած, դրական, խաղաղասեր հռետորաբանությունը, որ ժամանակ առ ժամանակ կիրառում է Թուրքիան, զուտ հռետորաբանություն է, դա պետք չէ լուրջ ընդունել:

Երկրորդ՝ ընդհանրապես մեր քաղաքականությունը ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ, այլեւ գլոբալ առումով պետք է ենթարկվի փոփոխության: Մեր քաղաքականությունը պետք է հիմնված լինի այն արժեքների վրա, որոնք մեր ժողովուրդը ստեղծել է հազարամյակների ընթացքում, եւ դրանք մաս են կազմում համաշխարհային քաղաքակրթության, այն արժեքների, որոնք հայկական քաղաքակրթությունն է ստեղծել: Պարզ ձեւակերպելով դա՝ մենք պետք է ճանաչելի լինենք աշխարհի համար, պետք է տարբերվենք այլ երկրներից: Դրա համար ունենք համապատասխան նախադրյալներ:

Արտաքին քաղաքականության այս մոտեցումը, որ հիմնված կլինի արժեքների վրա, իհարկե, պահպանելով ազգային շահերը, դիվանագիտական այլ միջոցներ, այսինքն՝ ինքնության վրա հիմնված արտաքին քաղաքականությունը, վերջին շրջանում սկսել է տեսական հետազոտությունների թեմա դառնալ: Սա նոր ուղղություն է միջազգային հարաբերությունների տեսության մեջ, եւ մենք այն երկիրն ենք, այն ժողովուրդն ենք, որը կարող է այդպիսի քաղաքականություն անցկացնել:

Բացի դրանից, կարծում եմ, մեր արտաքին քաղաքականությունը պետք է հնարավորինս կարողանա օգտվել այն հնարավորություններից, որ մեզ տալիս է ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ, եւ ըստ իս, այստեղ կան հնարավորություններ ավելի լավ օգտվելու: Մյուս կողմից՝ պետք է ավելի բազմաբնույթ, բազմազան ուղղություններով վարենք արտաքին քաղաքականությունը, ավելի խորացնենք մեր համագործակցությունն աշխարհի տարբեր երկրների հետ՝ լինեն արեւմտյան, թե արեւելյան, մասնավորապես՝ մեզ համար լավ հնարավորություններ են բացվում համագործակցությունը խորացնելու Հնդկաստանի հետ: Պակիստանն ակնհայտորեն արդեն հանդես է գալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակից: Սա շատ կարեւոր հանգամանք է, որ կարողանանք Հնդկաստանի նման կարեւոր երկիրը դարձնենք մեր դաշնակից: Էլ չեմ ասում Չինաստանի հետ հարաբերությունների մասին: Եթե որոշ առումով Չինաստանի հետ հարաբերությունները զարգացրել ենք, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա Հնդկաստանը լրիվ նոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության համար:

Այսինքն՝ սկզբունքորեն պետք է փոխել մեր արտաքին քաղաքականությունը՝ արժեքային դարձնելով, այն ուղղությունները, որոնք մինչ այս ունեինք, ավելի խորացնել եւ նոր ուղղություններ բացել մեր արտաքին քաղաքականության համար:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter