
Էրդողան. «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Նիկոլ Փաշինյանի հանդիպելու առաջարկը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալության թուրքական բյուրոն։ Վերջինիս փոխանցմամբ Էրդողանն այդ մասին հայտարարել է Նյու Յորք նախատեսվող այցից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին, որտեղ Թուրքիայի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին։
Էրդողանը նշել է, որ եթե վարչապետ Փաշինյանը ցանկանում է հանդիպել իրեն, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում ունենալու առաջարկը։ Բայց դրա համար Հայաստանը պետք է ձեռնարկի դրական քայլեր։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան էլ կհաստատի դիվանագիտական հարաբերություններ»,- նշել է Էրդողանը։
Բացի դրանից, Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը կարող է նպաստել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն ու Էրդողանը հայտարարել էին, որ երկկողմ դրական ազդակներ են ստանում հարաբերությունների կարգավորման համար։ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում։ «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրականով կպատասխանենք»,- նշել էր Փաշինյանը։
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման հայտարարությունների ֆոնին։ «Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է կառուցողական մոտեցում։ Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանական հարաբերությունների զարգացումը պետք է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հայաստանի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ինքնաթիռում լրագրողներին հայտարարել էր Էրդողանը՝ Սարաևո կատարած այցից վերադարձի ճանապարհին։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել