HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանից ստացվող դրական ազդակների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացվող դրական ազդակների մասին։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանն այդ հայտարարությունն արել է «հինգի» կամ «վեցի» հարթակի մասին խոսելիս։

«Դա այն է ինչ մենք անվանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Ներկայումս Փաշինյանից դրական ազդակներ են ստացվում այդ հարցի վերաբերյալ։ Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում փոխել իրավիճակը դեպի լավը»,- Նյու Յորքի Türkevi երկնաքերում, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է Էրդողանը։ 

Ըստ նրա՝ այդ հարցը լինելու է այն հարցերի օրակարգում, որոնք ինքը սեպտեմբերի վերջին քննարկելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես ամսվա վերջին կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,- նշել է Էրդողանը:

Նա նաև հայտարարել է, որ Իգդիրից Նախիջևան կկառուցվի երկաթուղի։ «Ներկայումս իրականացվող քայլերի հետ միասին, մենք հույս ունենք Իգդիրից Նախիջևան նոր ճանապարհներ կառուցել, ներառյալ երկաթուղի։ Այդ ճանապարհի կառուցումը շատ կարևոր քայլ կլինի»,- հավելել է Թուրքիայի նախագահը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին քննարկում են Հարավային Կովկասում «Վեցի հարթակի» ստեղծման մասին, որը կնպաստի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Հարթակին կարող են միանալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում», նաև Հայաստանը։

Ավելի ուշ, Էրդողանը հայտարարել էր, որ եթե եյդպիսի հարթակ ստեղծվի, ապա տարածաշրջանում ավելի հանգիստ իրավիճակ կլինի։ Նա ընդգծել էր, որ հարցը քննարկել է Պուտինի ու Ալիևի հետ, իսկ առաջիկայում այդ մասին պատրաստվում է խոսել նաև Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter