
Վարչապետ․ «Պետությունը հոգում է, որ մարդիկ անվճար ստանան պատվաստում, քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի, թե չանի»
18 բժշկական կենտրոնում կորոնավիրուսով հիվանդների համար այս պահին ծավալված է 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը։ Կորոնավիրուսով հիվանդ 11 470 քաղաքացուց 286-ն է պատվաստված, իսկ հիվանդանոցում գտնվող 2006 հիվանդից միայն 38-ն է պատվաստված։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պատվաստանյութը 97,5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից, իսկ հոսպիտալացումից՝ 98,2 տոկոսով։
Անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, որով չպատվաստված աշխատողները պետք է ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնեն՝ վարչապետն ասաց, որ մարդկանց համար որևէ լրացուցիչ ծախս չի առաջանում, քանի որ նրանք դա անելու անհրաժեշտությունը և կարքիը չունեն․
«Պետությունը հոգում է, որ այդ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում։ Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի, թե չանի։ Ավելի քան 300 000 պատվաստումներից չունենք որևէ հիշատակման արժանի բարդություն։ Կառավարությունն առաջինն ինքն է պատվաստվել։ Դահլիճում նստած բոլոր մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են։ Եթե հակամարմինների հետ կապված զգանք անհրաժեշտություն, որ նորից պետք է պատվաստվենք, պետք է դա անենք։»։
Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ վերջին երկու օրը պատվաստումների թվի շեշտակի աճ կա։
«Սեպտեմբերի 22-ին իրականացվել է 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում։ Քաղաքացիների մոտ վստահության մեծացում կա»,- նշեց նախարարը։
Մեկնաբանել