
Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջ է քաշել այն նախապայմանը, որի պարագայում Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ։ Այս մասին նա խոսել է ադրբեջանական Report գործակալության հետ։ «Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- նշել է Չավուշօղլուն։
Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա քայլերի իրականացման ժամանակ Թուրքիան կգործակցի Ադրբեջանի հետ։ «Մեր ձգտումը հարաբերությունների կարգավորումն է։ Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ»,- նշել է նա։
Չավուշօղլուն հավելել է, որ եթե Հայաստանը սկսի իրական գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է բացեն սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ «Սակայն Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական արդյունքներ տվող քայլեր»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում են երկկողմ դրական ազդակների մասին։ Նախօրեին, Էրդողանը նշել էր, որ, այսպես կոչված, «հինգ»-ի կամ «վեց»-ի հարթակների մասով Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել։ «Դա այն է, ինչ մենք անվանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Ներկայում Փաշինյանից դրական ազդակներ են ստացվում այդ հարցի վերաբերյալ։ Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում փոխել իրավիճակը դեպի լավը»,- Նյու Յորքի Türkevi երկնաքերում, պատասխանելով լրագրողի հարցին, նշել էր Էրդողանը։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 24-ին վերահաստատել էր Հայաստանի պատրաստակամությունը կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ նշելով, որ և՛ նախըտրական փուլում, և՛ ընտրություններից հետո իրենք խոսել են ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու մասին։ «Այդ տրամաբանության շրջանակում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Դրա տրամաբանությունների շրջանակում էլ կատարվել են նման հայտարարություններ և քաղաքական քայլեր»,- նշել էր Գրիգորյանը։
Լուսանկարը՝ Adem ALTAN/AFP
Մեկնաբանել