HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի դաշտում մնացածները․ նրանց դեռ փնտրում են

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած արցախյան պատերազմից հետո բազմաթիվ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ համարվում էին անհետ կորած, հարյուրավոր աճյուններ մնացել էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

2020թ. նոյեմբերի 13-ից Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողական ջոկատները սկսել են և մինչ օրս շարունակում են ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և անհետ կորածների որոնման աշխատանքները։

Ծառայության օպերատիվ շտաբի պետ Դավիթ Աբաղյանն ասում է, որ չկա որևէ տարածք, որտեղ որոնումներ չեն կատարել, ու աշխատանքները շարունակելու են:

«Տարածքը շատ մեծ է, այդ պատճառով հաճախ է պատահում, երբ նույն տարածքը երկրորդ անգամ մի քիչ այլ կերպ ենք նայում, էլի աճյուն ենք գտնում»,- ասում է Աբաղյանը։

Որոնողական աշխատանքների յուրաքանչյուր ելքին մասնակցում են մեկ կամ մի քանի փրկարարական ջոկատներ, տարածքը նախապես ստուգող սակրավորներ և տեղանքին ծանոթ ուղեկցողներ։ Փրկարարական ջոկատի որոնողական աշխատանքներ իրականացնելու ամեն ելքից մեկ օր առաջ համաձայնություն է ձեռք բերվում ադրբեջանական կողմի հետ։ Վերջնական ճշգրտումները՝ կապված ուղղությունների, որոնվող կետերի քանակի հետ, կատարվում են հենց նույն օրը՝ կողմերի անմիջական հանդիպումով, ժամը 09։00-ին, Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում։

Լինում են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հրաժարվում է թույլատրել որոնումներ կատարել` պատճառաբանելով տվյալ տարածքում տարվող աշխատանքները, հերթափոխը, տոն օրերը, կամ պարզապես մերժում է առանց մեկնաբանության։ Եղել են դեպքեր, երբ որոնողական աշխատանքները հետաձգվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Որոնողական աշխատանքների ելքը եւ հաճախականությունը շատ հաճախ կախված է անհետ կորած անձանց աճյունների գտնվելու հնարավոր վայրերի մասին փրկարարների ունեցած տեղեկություններից։

Դավիթ Աբաղյանի խոսքով՝ որոնողական աշխատանքների ամենամեծ խնդիրը հենց ինֆորմացիայի պակասն է։

«Օրինակ, պատերազմին մասնակից զինվորի ծնողը զանգում է, ասում՝ երեխես չկա, ճշտում ենք, եթե մարդ կա, որ տեսել է՝ ոնց է զոհվել, կամ ասում է, որ վիրավոր է տեսել, բայց մինչև էս պահը չկա, հավանական է, որ տղան զոհվել է։ Տվյալ մարդու ուղեկցությամբ գնում ենք ու սկսում տեղանքը զննել»,- ասում է Աբաղյանը։

Փրկարարները դուրս են գալիս ելքի նույնիսկ քիչ հավանական տեղեկությունների դեպքում:

Օպերատիվ շտաբի պետ Աբաղյանը անհետ կորած զինծառայողների, կամավորների ծնողների, հարազատների հետ անընդհատ կապի մեջ է, հարցին՝ դժվա՞ր է աշխատել հոգեբանական ծանր վիճակում հայտնված հարազատների հետ, Աբաղյանը պատասխանում է, որ սկզբում դժվար էր, ամեն մեկը մի կերպ է տանում վիշտը, և ամեն մեկի հետ շատ տարբեր է, բայց հետո ծանոթանում են, սկսում է ապրումակցել բոլորին և փորձում օգնել անորոշության մեջ գտնվող ծնողներին և հարազատներին:

«Ծնող կա, որ արդեն 3-4 անգամ իր ասած մարդկանց հետ գնում, որոնում ենք, նորից ասում է՝ մի անգամ էլ գնանք, արդեն ավելի լայն որոնենք, չենք մերժում, ընդառաջում ենք, նաև բացատրում ենք, որ ցանկացած դեպքում պետք է ծնողը էնտեղ իրեն հանգիստ ու զուսպ պահի»,- ասում է Դավիթ Աբաղյանը։

Փրկարարների համար աշխատանքները բարդ են նաև հոգեբանական առումով, փրկարարները դուրս են գալիս որոնողական աշխատանքների ոչ թե կյանքեր փրկելու, այլ զոհվածների աճյուններ, մասունքներ փնտրելու։ Փրկարարների հետ աշխատում է հոգեբան, չնայած, նրանց խոսքով, ոչ մի խնդիր չունեն, դժվարությունը հաղթահարել են առաջին օրերին։

Մեզ հետ զրույցում փրկարարները նշեցին, որ ամենածանրը այն օրերն են, երբ հերթական տարածքից վերադառնում են առանց արդյունքի՝ հասկանալով՝ ինչ նշանակություն ունի ամեն մի զոհվածի աճյունը, մասունքը հարազատի համար։

Պատահում են նաև դեպքեր, երբ փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում վտանգում են իրենց կյանքը։ Երբեմն, երբ ադրբեջանական կողմը տալիս է շատ կարճ ժամանակ տարածքը զննելու համար, իսկ այն հիմնականում ականապատված է լինում, փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ առանց սակրավորների՝ տարածքի զննության, որպեսզի հասցնեն զննել տեղանքն ամբողջությամբ։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից մինչ 2021 թ.-ի սեպտեմբերի 28-ը հայտնաբերել և տարհանել են 1670 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։ Հայտնաբերված աճյունների, մասունքների վերջնական նույնականացումը կատարվում է դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Որոնողական աշխատանքների արդյունքների հիման վրա կազմել ենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից դուրս բերված աճյունների տվյալների ընդհանուր բազա:

Հիմնվելով այդ բազայի վրա՝ ստեղծել ենք ինտերակտիվ քարտեզ: Մոտեցնելով քարտեզը և սեղմելով երևացող շրջանակների վրա՝ կարելի է տեսնել, թե որ տարածքից, երբ և քանի աճյուն է դուրս բերվել։ 

Քարտեզի աջ մասի օրացույցի միջոցով հնարավոր է ընտրել ամսաթիվը և տեսնել այդ օրվա արդյունքները։ Քարտեզի վրա, ըստ աճյունների քանակի, շրջանակների գույները կանաչ են, դեղին, նարնջագույն՝ աճման կարգով:

Ադրբեջանական կողմը 26 տարբեր օր՝ հայկական կողմին է փոխանցել 482 աճյուն։ Աճյունները փոխանցվել են արցախա-ադրբեջանական սահմանագծի տարբեր հատվածներում՝ բացառությամբ մեկ դեպքի: 30 զինծառայողի աճյուն փրկարարներին փոխանցվել է առաջնագծից 32 կմ հեռավորության վրա գտնող Բեյլագան քաղաքում: Հունվարի 23-ին Արցախի որոնողական ջոկատը ադրբեջանական կողմի ուղեկցությամբ ուղևորվել էր Բեյլագան, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով դուրս էին բերել բժշկական պարկերով երեսուն զինծառայողի անճանաչելի, բայց ամբողջական աճյուն, որոնցից մեկը եղել է գլխատված։ Նախնական տվյալներով՝ աճյունները պահվել են Բեյլագան քաղաքի դիահերձարանում։

Մինչ օրս ամենաշատ աճյունները փոխանցվել են որոնողական աշխատանքներ սկսելու հենց առաջին օրը։ Շուշիի մոտակայքից հայկական կողմին է հանձնվել 114 զինծառայողի աճյուն։ Աճյունների մյուս մեծաթիվ փոխանցումը եղել է փետրվարի 16-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մոտակայքում, փոխանցվել է 106 աճյուն։ Այս դեպքերի մասին Ադրբեջանը որևէ մեկնաբանություն չի տվել։

«Հետքը» շարունակելու է հետևել որոնողական աշխատանքների ընթացքին և պարբերաբար թարմացնել ներկայացված քարտեզը։

 

Գլխավոր նկարը՝ Լիլի Պետրոսյանի

Քարտեզը՝ Արամ Խաչատրյանի

Վիդեոն, լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter