
Ուռուտում նոր հանքավայրի հետազոտության համար հանրային երրորդ լսումները նույնպես չկայացան
Արդեն երրորդ անգամ Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի տեղամասի բազմամետաղների հանքավայրում երկրաբանական աշխատանքներ կատարելու շրջակա միջավայրի գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները չեն կայանում:
«Հետքի» հետ զրույցում Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը հայտնեց, որ այսօր նույնպես Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում գյուղացիները դեմ են արտահայտվել, ինչի պատճառով հանրային լսումները կրկին չեն կայացել:
Հիշեցնենք, որ սրանք արդեն երկրորդ անգամ ձախողված հանրային լսումներ էին․ առաջին անգամ այս տարվա մայիսի 14-ին դրանք նույնպես չէին կայացել, քանի որ համայնքի բնակիչները միջամտել և դեմ էին արտահայտվել իրենց համայնքում հնարավոր հանքավայրի բացմանը։ Երկրորդ լսումները` օգոստոսի 10-ին, չէին կայացել, որովհետև ընկերության ներկայացուցիչները չէին ներկայացել հանրային քննարկմանը:
Ուսումնասիրություններն իրականացնելու հայտը ներկայացրել է այս տարվա փետրվարին հիմնադրված «Ջին հոլդինգ լիմիթիդ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Աշոտ Տիգրանի Քալանթարյանն է։
Լուսանկարը՝ civilnet.am-ից
Մեկնաբանել