
Վարչապետի աշխատակազմին հատկացվել է 60 միլիոն դրամ պարգևավճար
Անկախության 30-ամյակի առթիվ վարչապետի աշխատակազմի 430 աշխատողներ պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով: Պարգևատրման ընդհանուր ֆոնդը (հարկերը ներառյալ) կազմել է 60 միլիոն 33 հազար դրամ: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են կառավարությունից:
Ըստ հարցման պատասխանի` այդ գումարից աշխատակիցներին փաստացի վճարվել է շուրջ 44 միլիոն դրամ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցներին խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին պարգևատրելու կարգադրության մասին, հայտնել էր, որ Անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են ոչ միայն պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը, այլև ամբողջ պետական ապարատը:
Չնայած Տիգրանյանը «սիմվոլիկ գումար» էր բնորոշել պատգամավորների պարգևատրման գումարի չափը, սակայն պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումից պարզ դարձավ, որ սիմվոլիկ գումարը շուրջ 400 հազար դրամն է: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են պարգևավճարից հրաժարվելու մասին:
Մենք հարցում էինք ուղարկել կառավարություն՝ ճշտելու, թե ի՞նչ միջոցների հաշվին է պետական համակարգի աշխատակիցների պարգևատրումն իրականացվելու, որքա՞ն է պարգևատրման ֆոնդը, քանի՞ աշխատակից է այդ պարգևատրման շրջանակում գումար ստացել կամ ստանալու, և պաշտոնային դրույքաչափի քանի՞ տոկոսի չափով, ինչպես նաև տեղեկատվություն, թե ո՞ր գերատեսչության պարգևատրման ֆոնդը որքա՞ն է կազմել: Կառավարությունից հայտնել են միայն վարչապետի աշխատակազմի տվյալները` կոչ անելով յուրաքանչյուր գերատեսչությունից առանձին-առանձին ճշտել հարցերի պատասխանները:
Խորհրդարանի և մյուս գերատեսչությունների պարգևատրումներին «Հետք»-ն առաջիկայում կանդրադառնա։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել