HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում երկու գերիների վերադարձի մասով հայտարարություն անելը

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Հետք»-ը գրել էր, որ Բաքուն Հայաստանին է վերադարձրել հուլիսի 14-ին Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մոլորված երկու զինծառայողներին՝ մայոր Արթուր Նալբանդյանին և Արամայիս Տոռոզյանին։ Փոխարենը Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևին։

Գերիների փոխանակումը սովորական գործընթաց կլիներ, եթե աչքի չընկներ այն հանգամանքը, որ պետական որևէ մարմին պաշտոնապես հաղորդագրություն չտարածեց նրանց վերադարձի վերաբերյալ։

Այդ նպատակով սեպտեմբերի 8-ին հարցում էինք արել Կառավարությանը՝ հասկանալու, թե ինչու պետական որևէ գերատեսչություն, որը պատասխանատու է գործընթացի կամ գերիների վերադարձի համար, պաշտոնապես հաղորդագրություն չէր տարածել նախօրեին տեղի ունեցած փոխանակման վերաբերյալ։

Մասնավորապես, Կառավարությունից հարցրել էինք, թե Հայաստանի Հանրապետությունում ո՞ր պետական կառույցն է զբաղվում գերիների վերադարձով։ Ըստ Կառավարության պատասխանի, որն ստորագրված է Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունով, գործընթացով զբաղվում և բանակցություններ է վարում Ազգային անվտանգության ծառայությունը։ 

Այն հարցերին, թե ինչու պետական որևէ գերատեսչություն պաշտոնական հաղորդագրություն չտարածեց գերիների վերադարձի մասին կամ ինչու չհրապարակվեցին նրանց անունները, Կառավարությունը նշում է, որ գործընթացի առանձնահատկությունների հետ կապված որևէ պետական մարմնի կողմից նման բնույթի հաղորդագրություն տարածելը տվյալ պարագայում գտնվել է ոչ նպատակահարմար, և համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ 

Կառավարությունը չի մեկնաբանում ադրբեջանցի գերու վերադարձի մասին փաստը, ինչպես նաև չի մանրամասնում գերիների փոխանակման և վերադարձի վերաբերյալ բանակցությունների առանձնահատկությունները՝ նշելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն։

Կառավարությունից նշում են, որ հայ երկու գերիների վերադարձը Հայաստան կազմակերպվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից։ 

Կառավարությունը չի մեկնաբանում նաև այն հանգամանքը, թե ինչու գերիների վերադարձից մեկ օր առաջ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չուներ նրանց մասին։ 

Դեռ օգոստոսի 23-ին «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարությանը՝ հասկանալու, թե պաշտպանական գերատեսչությունն արդյոք ունի տեղեկատվություն մոլորված զինծառայողների գտնվելու վայրի, հնարավոր գերեվարման փաստի և կարգավիճակի վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունը լրացուցիչ ժամանակ էր խնդրել հարցմանը պատասխանելու համար՝ նշելով, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Լրացուցիչ ժամանակ խնդրելուց 7 օր անց պաշտպանական գերատեսչությունը պատասխանել էր մեր գրավոր հարցմանը՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի մայոր Արթուր Հայկի Նալբանդյանի ու բանվոր-զինծառայող Արամայիս Հրանտի Տոռոզյանի հնարավոր գերեվարման փաստի, հանգամանքների, նրանց վերադարձի շուրջ վարվող բանակցությունների ու հայ զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունը միայն նշել էր, որ 2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, մայոր Արթուր Նալբանդյանը բջջային հեռախոսով կապ է հաստատել և հայտնել, որ մառախուղի պատճառով մոլորվել են և հայտնվել հակառակորդի տարածքում, իսկ ՊՆ-ն փաստի առթիվ տեղեկացրել էր ՌԴ խաղաղապահ զորքերի հերթապահին։

Ստացվում էր, որ ՊՆ-ն տեղեկություն չուներ հայ զինծառայողների գերեվարման հնարավոր փաստի մասին, բայց հարցման պատասխանի հաջորդ օրը հայտարարվում էր Բաքվից նրանց վերադարձի մասին։ Բացի այդ, ինչպես կարող է ՊՆ-ն տեղեկություն չունենալ նրանց վերադարձի շուրջ վարվող բանակցությունների մասին, եթե սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը և, տրամաբանական է, որ քննարկել էին նաև գերիների փոխանակման հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter