HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դալարիկում քաղցկեղածին ազբեստե թիթեղները լցնում են ձորը

Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում են բնակելի շենքերի տանիքները։ Նախորդ տանիքները ծածկված են եղել ազբոթիթեղներով։ Շինարարական աղբն (ազբեստի շիֆեր) արդեն մի քանի օր է՝ լցվում է Դալարիկ-Լեռանգոգ խաչմերուկի հարևանությամբ գտնվող ձորը։

Ազբեստը շատ երկրներում արգելված է քաղցկեղածին լինելու հիմնավորմամբ, սակայն Հայաստանում այն դեռևս կիրառվում է։ 

Դալարիկ համայնքի ղեկավար Ալիկ Պողոսյանին ուղղված մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Վերջինս հաղորդագրությամբ նախևառաջ ճշտեց, թե ով է զանգահարել իրեն։ Իմանալով, որ իրեն զանգահարողը լրագրող է և տեսնելով մեր հարցերը՝ նա հաղորդագրությունն անպատասխան թողեց։

Համայնքի ղեկավարին խնդրել էինք պարզաբանել, թե ինչո՞ւ է համայնքի վարչական սահմաններում շինաղբ լցվել, արդյոք հայտնաբերվել է չսահմանված վայրում շինաղբ թափողը և պատասխանատվության ենթարկել։

Ալիկ Պողոսյանին ուղղված մեր հարցերից հետո պարզեցինք, որ սեպտեմբերի 24-ի առավոտյան ազբեստի շիֆերով լի աղբակույտերը ճանապարհի եզրից ծանր տեխնիկայով հրել և լցրել են ձորը։

Սեպտեմբերի 23-ին գրավոր հարցմամբ դիմել էինք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե արդյոք տեսչական մարմինը տեղյակ է, որ ազբեստի շիֆերը հայտնվել են ձորում, և թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում դա կանխելու համար։

Հարցմանն ի պատասխան՝ տեսչական մարմնից հայտնել են, որ Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 23-ին են տեղեկացել Դալարիկում՝ ձորի հատվածում, ազբոցեմենտի իրերի ջարդոնների (թիթեղ) առկայության մասին։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին տարածքային բաժնի աշխատակիցները այցելել են Դալարիկ և տեղում ուսումնասիրել աղտոտված տարածքը։

«Վերահսկողական աշխատանքներն ընթացքի մեջ են»,- տեղեկացրել է տեսչական մարմինը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ կիրականացնի նշված դեպքի առնչությամբ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter