HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմից հետո, կարծես, Հայաստանում հասկացել են, որ առաջընթաց չի կարող լինել առանց գիտության»

Դեռ 5 տարի առաջ Լոս Անջելեսի «ԱՐՓԱ» ինստիտուտի (Հայաստանի համար վերլուծահետազոտական եւ պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտ՝ Analysis Research and Planning for Armenia) նախագահ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ) դասախոս, ինքնաշխատ համակարգերի կառավարման բնագավառի մասնագետ Հակոբ Փանոսյանն առաջարկել էր Հայաստանի պաշտպանության ոլորտը բարելավել գիտության միջոցով:

«Իմ կարծիքով՝ կարեւորագույն խնդիրը Հայաստանի պաշտպանությունն է: Մեր գիտական բոլոր աշխատանքներն անպայման պետք է բաժին բերեն Հայաստանի պաշտպանությանը»,- 2016-ի հոկտեմբերին «Հետքի» հետ զրույցում ասել էր Փանոսյանը: Ըստ նրա՝ եթե մեկը տեսություն է գրել, ապա անպայման պետք է արդյունք տա, փորձարկումներ անի, հետազոտություն իրականացնի, կարճ ասած՝ պետք է հզորացնել գիտության կիրառական բաժինը:

Թե ինչու անցած 5 տարիներին չի իրականացվել այդ առաջարկը, գիտնականը պատասխանում է, որ մոտեցումներն ու ռեսուրսները բավարար չէին: Այս տարիներին Փանոսյանն անմիջականորեն շփվել է գիտական ինստիտուտների հետ, հատուկենտ փոքր ծրագրեր իրականացվել են, ինչը, սակայն, ընդհանուր առմամբ, բավարար չէր ոլորտի զարգացման համար:

Հակոբ Փանոսյանն ասում է, որ Հայաստանին պետք են մեծամասշտաբ ծրագրեր: Պետք է ստեղծել հատուկ մասնագետներից կազմված մի կառույց, որը կսահմանի խնդիները, ապա դրանց լուծման ուղիներ կորոնի մասնագետների հետ: Մինչ օրս նման համակարգ չի ստեղծվել Հայաստանում, ինչի մասին իրենց առաջարկը Հ. Փանոսյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին:

Փանոսյանը որպես օրինակ բերում է ամերիկյան «DARPA» (Defence Advanced Research Projects Agency) գործակալությունը, որտեղ ընդգրկված են տարբեր բնագավառի մասնագետներ, որոնք ամերիկյան ռազմական ոլորտի տարբեր հատվածների հետ կապեր ունեն: Պաշտպանության նախարարությունն այդ մասնագետներին խնդիրներ է ներկայացնում, իսկ վերջիններս գիտականորեն սահմանում են եւ ներկայացնում ընկերություններին՝ նրանցից ակնկալելով լուծման տարբերակներ: Առաջարկները ստանալուց հետո կազմակերպությունը քննում է դրանք, ապա սկսվում է համապատասխան աշխատանքը: Զրուցակիցս ասում է՝ ԱՄՆ-ում պաշտպանության ամբողջ գործն այդպես է արվում: Եվ նախարար Խաչատուրյանի հետ հանդիպմանն առաջարկվել է հենց նման կառույց հիմնել: Նախարարն ասել է, թե այդ ուղղությամբ աշխատանք արդեն սկսել են:

«Մեր խնդիրները շատ են: Արդեն հստակ է, թե ինչի կարիք ունենք, բայց կան բաներ, որոնք պետք է ուսումնասիրվեն: Անշուշտ, մեզ պետք են ամենաառաջատար զենքեր, որ գոնե կարողանանք պաշտպանվել մեր թշնամիներից»,- նկատում է Հակոբ Փանոսյանը:

Գիտնականն ասում է՝ պատերազմից հետո, կարծես, Հայաստանում հասկացել են, որ գիտությունը շատ կարեւոր է երկրի համար, եւ որ առաջընթաց չի կարող լինել առանց գիտության: Նա նշում է՝ գիտության մակարդակը, գիտնականների աշխատավարձերը պետք է բարձրացվեն, գիտական, հետազոտական միջազգային կենտրոններ բացվեն, որպեսզի օտարերկրյա գիտնականներն էլ գան եւ հետազոտություններ անեն այստեղ:

«Եթե ունենանք առաջատար գիտական, հետազոտական կենտրոններ՝ սարքավորումներով, մասնագետներով, աշխարհի չորս կողմից կցանկանան գալ,- ասում է Հակոբ Փանոսյանն ու շարունակում,- մենք այլեւս սպասելու ժամանակ չունենք, մեզ թռիչքային փոփոխություններ են պետք, շատ հետ ենք մնացել: Դրանք հաղթահարելու համար մեծ ծրագրեր, նախագծեր են պետք: Մեր թիրախները պետք է բարձրացնենք՝ ամենալավ զենքերն արտադրելու, ամենալավ հետազոտություններն անելու, այսինքն՝ պետք է ձգտենք գիտության ամենաբաձր մակարդակին հասնել: Միակ միջոցը դա եմ տեսնում: Դա էլ գումարի, ծրագրավորման կարիք ունի: Արտասահմանում մասնագետներ ունենք, որոնց հետ համատեղ պետք է իրագործվեն այդ ծրագրերը»:

Նկատում է նաեւ, որ Հայաստանում բավական աշխույժ երիտասարդներ կան, ապա նշում, որ, օրինակ, օրերս հանդիպել է Ֆրանսիայից վերադարձած երիտասարդ գիտնականի, որ լաբորատորիա է հիմնել եւ առաջատար փորձարկումներ է կատարում:

«Երիտասարդներին ասում եմ՝ կառավարության վրա հույս մի դրեք: ԱՄՆ-ում էլ կառավարությունը նշանակում է օրենք, խստություն, արգելք, եթե դու բան պիտի անես, պիտի անես: Կառավարությանը ժողովուրդը պիտի պարտադրի, որ աշխատի»,- ասում է զրուցակիցս:

Կալիֆոռնիայի պետական համալսարանի դասախոսը, անդրադառնալով հայաստանյան գիտության ոլորտում փոփոխություններին, ասում է՝ ռեսուրսները պետք է կոնսոլիդացվեն: Հայաստանում գիտական ինստիտուտներ կան, որոնք նույն գործն են անում, բայց միմյանց հետ կապ չունեն, դրանք պետք է համատեղեն իրենց ուժերը: Կրթության եւ գիտության ոլորտները պետք է համագործակցեն՝ ուսանողը ոչ միայն պետք է դասերին հետեւի, այլեւ հետազոտություններ անի:

Հայաստանից դուրս ապրող գիտնականների խմբեր պատերազմից հետո դիմել են «ԱՐՓԱ»-ին՝ առաջարկելով միասին քննարկել, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է արվի երկրի համար: Փանոսյանի ձեւակերպմամբ՝ գոնե այդ խմորը հիմա կա, եւ առաջիկայում կերեւան արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter