HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նախատեսվում է 2022 թվականին բյուջեի 9.8%-ը ուղղել պետական պարտքի տոկոսավճարներին

Պետական պարտքի տոկոսներին ու մայր գումարներին բյուջեից ուղղվող գումարները շարունակում են աճել։ 

2022 թվականին Հայաստանի պետական պարտքի մարման և սպասարկման (տոկոսավճարներ) համար կպահանջվի 518.2 մլրդ դրամ, որից 303.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մայր գումարի մարումները, իսկ 214.6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները: Այս մասին նշված է 2022 թվականի պետական բյուջեի նախագծում, որը հաստատվել է  կառավարության կողմից և ուղարկվել Ազգային ժողով` քննարկումների: 

Մեր հաշվարկներով՝ միայն պետական պարտքի գծով տոկոսավճարները (214.6 մլրդ դրամ) կկազմեն  բյուջեի ծախսերի  մոտ 9.8%-ը: Իսկ պարտքի գծով մարումները (մարումներ մայր գումարից) սովորաբար կատարվում են նոր ստացվող արտաքին վարկերի և ներքին պարտքի հաշվին: 

Հիշեցնենք, որ ըստ բյուջեի նախագծի՝ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ  դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ և հետևաբար դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ: 

Ամեն տարի Հայաստանը ստիպված է լինում ավելացնել պարտքի տոկոսներին ուղղվող գումարները, քանի որ պետական պարտքը գնալով աճում է: Ավելանում է ինչպես ներքին պարտքը, այնպես էլ՝ արտաքին: Արդյունքում, պետությունը ստիպված է լինում բյուջեից ավելի շատ գումարներ հատկացնել պարտքի սպասարկմանը։ Գումարներ, որոնք կարող էին ուղղվել այլ ոլորտների։

Համեմատության համար՝ Ֆինանսների նախարարության հաշվարկներով  2021 թվականի տարեկան տվյալներով կառավարության պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները կկազմեն ընդհանուր առմամբ  185.5 մլրդ դրամ, 2020-ին կազմել են  164.7 մլրդ դրամ: 2022-ին կպահանջվի 214.6  մլրդ դրամ, որը ըստ կառավարության կանխատեսումների ՀՆԱ-ի 2.7%-ը կկազմի։ 

Նշված 214.6 մլրդ դրամից 129.4 մլրդ դրամը կուղղվի ներքին պարտքի տոկոսները վճարելուն, 85.2 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի։ 

Կախված սոցիալ-տնտեսական իրադարձություններից՝ երբեմն բյուջեով ամրագրված այս ցուցանիշները փոփոխվում են տարվա ընթացքում, սակայն ակնհայտ է, որ տարեցտարի պարտքի սպասարկման բեռը ծանրանում է։  Համեմատության համար՝ 10 տարի առաջ՝ 2012 թվականին, պարտքի սպասարկմանն ուղղվել է 40.6 մլրդ դրամ։

Ըստ նախագծի՝ 2022-ին պետական պարտքը 509 մլրդ դրամով կավելանա

2021 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 4 տրլն 509 մլրդ դրամ, իսկ մեկ տարի անց՝ 2022 թվականի վերջին, պարտքը կհասնի 5 տրլն 29 մլրդ դրամի: Նման կանխատեսումներ է արված 2022 թվականի պետական բյուջեի նախագծում։ Սովորաբար, բյուջեի ուղերձում պարտքի ցուցանիշները նաև դոլարային արտահայտությամբ էին նշվում, սակայն այս անգամ միայն դրամով են հաշվարկները։

Այդպիսով, կառավարության կանխատեսումներով  եկող տարվա ընթացքում պետական պարտքը ՀՀ դրամով հաշվարկած կաճի 520 մլրդ դրամով կամ 11.5%-ով: 

Սպասվում է, որ այս տարվա վերջում պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 64.1%-ը, իսկ եկող տարում այդ հարաբերակցությունը փոքր-ինչ կնվազի՝ հասնելով 63.9%-ի:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է։ Այն գերազանցելու դեպքում կառավարությունը բյուջեն պլանավորելիս արդեն որոշ սահմանափակումների է «ենթարկվում» և պետք է հստակ ծրագրով ներկայացնի այն հետագա տարում նվազեցնելու քայլերը: Կառավարությունը 2020 թվականից այս խնդրի առաջ է կանգնած:

Պլանավորվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը կկազմի 4 տրլն 779 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 60.7%-ը:  Նշենք, որ պետական պարտքի մի հատվածն էլ՝ 250 մլրդ դրամը, Կենտրոնական բանկի պարտքն է կազմելու, բայց օրենքի նշված սահմանափակումները վերաբերում են միայն կառավարության պարտքին։

 Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter