HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե 2022. Կառավարությունը պլանավորում է, որ եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը

Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը: Բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղություն է ընտրված սոցիալական ոլորտը: Պլանավորված է ավելացնել նաև կապիտալ ծախսերը այն դեպքում, երբ ինչպես այս տարի, այնպես էլ վերջին երեք տարվա ընթացքում, Կառավարությունը թերանում է կապիտալ ծախսերում՝ տուգանելով տնտեսությունը:

2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ  դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ և հետևաբար դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղյուրներից՝ պե­­տական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից: Այսպես է կանխատեսել Կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը նախագծելիս:

Բյուջեի նախագիծը երեկ (2021թ. սեպտեմբերի 30) ներկայացվեց Կառավարության նիստին: Գործադիրը հավանություն տվեց դրան և ուղարկեց Ազգային ժողով՝ օրենսդիրների դատին: Այլ խոսքով՝ սա բյուջեի վերջնական տեսքը չէ և դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել:

Բյուջեի նախագիծը կազմելիս Ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունել ինչպես նախորդ տարիների փաստացի ցուցանիշները, այնպես էլ այս տարվա համար նախապես հաստատված և կանխատեսվող տարեկան ցուցանիշները:

Կառավարությունն ականկալում է, որ եկող տարի բյուջեի մուտքերն ավելի արագ տեմպով կաճեն, քան ելքերը՝ ծախսերը: 

 Ըստ բյուջեի նախագծի՝ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշների համեմատ 2022 թվականին բյուջեի եկամուտները կաճեն մոտ 437 մլրդ դրամով կամ 28.9%-ով, իսկ ծախսերը՝ 337.5 մլրդ դրամով կամ 18.2%-ով: Քանի որ ծախսերի  աճն ավելի մեղմ է լինելու, քան եկամուտներինը, սպասվում է, որ դեֆիցիտը կկրճատվի: Այն կկազմի 242.2 մլրդ դրամ՝ 99 մլրդ դրամով կամ 29%-ով պակաս 2021 թվականի բյուջեով հաստատված ցուցանիշից: 

Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի պետական բյուջեն թե ՛ ծախսերի, թե ՛ եկամուտների մասով ընդալայնվել է մինչև 2020 թվականը, իսկ 2021-ի բյուջեի օրենքն ընդունելիս կրճատումներ են արվել: Դեֆիցիտն էլ զգալի ավելացել է: Արդեն 2022 թվականին դեֆիցիտի կրճատում է նախատեսվում: 

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab):

Ինչպես հնգամյա ծրագրում, այնպես էլ 2022 թվականի բյուջեում Կառավարությունը թիրախավորել է տարեկան առնվազն 7% տնտեսական աճը, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9%։ Տնտեսական աճի հաշվին էլ Կառավարությունը նախատեսում է ավելացնել բուջեի եկամուտները, այսինքն՝ տնտեսությունից ստացվող հարկերը:

«Կանխատեսված տնտեսական աճի հիմքում ընկած են ՀՀ կառավարության կողմից թիրախավորված տնտեսական աճի ներուժի բարձրացմանն ուղղված այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում, գործարար միջավայրի բարելավման, տեխնոլոգիական առաջընթացի ապահովման, տնտեսության արտահանելի հատվածի և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունները, որոնք կխթանեն ինչպես նեքին, այնպես էլ օտարերկրյա միջոցներով ֆինանսավորվող մասնավոր ներդրումների իրականացումը, կնպաստեն արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև ընդհանուր արտադրողականության բարձրացմանը»,- նշված է բյուջեի ուղերձում: 

Ավելին, Կառավարությունը պնդում է, որ «2021 թվականին ՀՀ տնտեսությունը թևակոխեց վերականգման փուլ» և 2021 թվականին սպասվում է 6.5 % տնտեսական աճ։ 2021 թվականին տնտեսական աճը, ըստ Կառավարության, պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների աճերով, իսկ 2022 թվականի աճի արագացումը կապահովեն արդյունաբերության և շինարարության ճյուղերը:

Կառավարությունը նաև հույս ունի, որ արտաքին աշխարհում տիրող իրավիճակը ևս եկող տարի դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա: Մասնավորապես, կպահպանվեն պղնձի միջազգային գները, որոնք վերջին տարում էապես բարձրացել են: Հայաստանը՝ որպես պղինձ արտահանող երկիր, շահում է այդ փաստից: 

Սոցիալական ոլորտի ծախսերն ամենամեծ տեղը կզբաղեցնեն բյուջեում

Վերջին առնվազն հինգ տարին Հայաստանի պետական բյուջեի ծախսերում գերակայել են սոցիալական բնույթի ծախսերը, որոնց միջինում բաժին է ընկել բյուջեի 44%: Այստեղ առավել մեծ տեղ է զբաղեցրել սոցիալական պաշտպանությունը և մասնավորապես՝ կենսաթոշակները, նպաստները և այլն:  Պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեությանը միջինում բաժին է ընկել 26%-ը, ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին բաժին է ընկել 21%-ը, տնտեսական ոլորտին՝ 9%-ը։ Այս միտումը կշարունակվի նաև 2022 թվականին։

Ինչպես նշվեց վերևում, 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը պլանավորված են 2 տրլն 188 մլրդ դրամ:

Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 929.3 մլրդ դրամ կամ բյուջեի 42.5%-ը: 2021 թվականի համեմատ այն կաճի 122.8 մլրդ դրամով կամ 15.2%-ով:

Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործ տողով հատկացվում է 518.8 մլրդ դրամ, որը կազմում է ծախսերի 23.7%-ը: Աճը՝ 10.7%:

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին և պահուստային ֆոնդին նախատեսվում է հատկացնել 500 մլրդ դրամ կամ բյուջեի 22.9%-ը: Աճը՝ 24.7%:

Իսկ տնտեսական ոլորտի ծախսերը կկազմեն 240 մլրդ դրամ կամ բյուջեի 11%-ը: Աճը՝ 37.5%-ը:

Առաջիկայում առանձին հոդվածով առավել մանրամասն կանդրադառնանք բյուջեի ծախսերի կառուցվածքին և վերջին հինգ տարվա դինամիկային:

Կապիտալ ծախսերի աճ է պլանավորվում ներկայիս թերակատարման ֆոնին 

Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարվա ընթացքում կապիտալ ծախսերը Հայաստանում թերակատարվում են: Կապիտալ ծախս են համարվում այն գումարները, որոնք բյուջեից ուղղվում են ենթակառուցվածքների բարելավմանը՝ ճանապարհների վերանորոգմանը, դպրոցների ու առողջապահական հաստատությունների կառուցմանը կամ վերանորոգմանը և այլն: Երբ Կառավարություն չի կատարում այդ ծախսերը, մի կողմից այդ գումարները չեն մտնում տնտեսություն, մյուս կողմից տուժում են քաղաքացիները, որոնք հարկ են վճարում բյուջե, բայց չեն ստանում այն «բարիքները», որոնք պլանավորված էին այդ բյուջեով:

2021 թվականի առաջին կիսամյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են 35.7%-ով։

Այդուհանդերձ, Կառավարությունը ծրագրել է ավելացնել եկող տարվա կապիտալ ծախսերը: Ըստ 2022 թվականի բյուջեի նախագծի՝ կապիտալ ծախսերը 2022 թվականին պլանավորված են 346.5 մլրդ դրամի չափով: 2021 թվականի հաստատված բյուջեում տեղ գտած կապիտալ ծախսերի ցուցանիշի համեմատ այն ավելի է 130.6 մլրդ դրամով կամ 60.4%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter