HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն իր օդային տարածքը փակել է ադրբեջանական ռազմական ավիացիայի համար

Իրանն իր օդային տարածքը փակել է ադրբեջանական ռազմական ավիացիայի համար, որն այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին։ Վերջինիս պնդմամբ՝ Իրանը ռազմական պաշտոնական ալիքներով ադրբեջանական կողմին արդեն իսկ հայտնել է իր որոշման մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ քայլն անվանում են «հերթական դավաճանությունն Ադրբեջանի նկատմամբ, որն արվել է Հայաստանի հրահանգով»։ «Իրանի հերթական փորձը՝ հարված հասցնելու Ադրբեջանին, ուժեղ չի անդրադառնա Նախիջևանի զորամասերի մատակարարման վրա։ Ադրբեջանը հազվադեպ է օգտագործում այդ երթուղին և նախընտրում է փոխադրումներն իրականացնել այլ երթուղիներով»,- հայտնել է աղբյուրը։

Ադրբեջանական մյուս լրատվամիջոցներն անմիջապես տարածել են լուրը՝ հոդվածներում շեշտադրումը դնելով Իրանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների իրականացման վրա, ինչից կարելի է ենթադրել, որ առաջիկայում Ադրբեջանն իր հերթին հնարավոր է սահմանափակումներ մտցնի իրանական բեռնափոխադրումների համար։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «փոխհրաձգություն է» տեղի ունենում Ադրբեջանի և Իրանի ռազմաքաղաքական էլիտայի միջև՝ ամենաբարձր մակարդակով։ Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Նախիջևանի հետ սահմանի մոտ, հոկտեմբերի 1-ին մեկնարկել էին այդ երկրի ցամաքային զորքերի «Խայբարի նվաճողները» անունը կրող զորավարժությունները։ Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ զորավարժություններին կմասնակցեն զրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև ուղղաթիռներ։ Ընդ որում, անօդաչուները կօգտագործվեն տեղանքի հետախուզման համար։

Այս զորավարժությունների փաստը դուր չէր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր՝ Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։

«Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այդ հարցերը տալիս է ադրբեջանական հասարակությունը, ոչ թե ես»,- նշել էր Ալիևը։ Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն իր բողոքն էր հայտնել Արցախ իրանական բեռնատարների երթևեկության հետ կապված՝ հայտարարելով, որ դրանով Թեհրանը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Ալիևի հարցազրույցին, հայտարարել էր, որ Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից և իր սահմանների մոտ չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայություն։

«Այն դեպքում, երբ երկու երկրի հարաբերությունները լավ են և կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա ու երկու կողմի միջև, ամենաբարձր մակարդակով, գոյություն ունեն կապի միջոցներ, արված այդ արտահայտությունները զարմանք են առաջացնում»,- նշել էր Խաթիբզադեն։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել էր, որ Ադրբեջանի սահմանի մոտ զինված ուժերի զորավարժությունները «կապված են ինքնիշխանության հարցի հետ և իրականացվում են ողջ տարածաշրջանում կայունության շահերից ելնելով»։

Ըստ նրա՝ Իրանը չի հանդուրժի սիոնիստական ուժերի առկայությունն իր սահմանների մոտ և այդ ուղղությամբ կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ գործողություն ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter