HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախուրյան գետը ճգնաժամային վիճակում է. 6-րդ հէկի կառուցման հայտը մերժվել է

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Մուսահա» ՍՊԸ-ի` Ախուրյան գետի վրա նոր հէկ կառուցելու նախագծին:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Շ. Կարապետյանը եզրափակիչ մասում որպես հիմնավորում արձանագրել է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմայի իրականացմանը զուգահեռ Հայաստանում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման, գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտների, բնակչության սոցիալական վիճակի և կյանքի որակի հետ կապված խնդիրներ: Բացի դրանից, մասնագետը նշել է, որ Ախուրյան գետը գտնվում է ճգնաժամային վիճակում գետի գերշահագործման պատճառով: Ախուրյան գետի ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, փոքր հէկի աշխատանքն արդյունավետ չէ, քանի որ ջրի քանակը ճիշտ չէ հաշվարկված: Կա կոնֆլիկտ Ախուրյան գետի ջրօգտագործողների միջև: Չի վերահսկվում ոռոգման համար գետից վերցվող ջրառը և չի հաշվարկվում, թե ոռոգումից հետո որքան ջուր է մնում գետում փհէկի աշխատելու և գետի էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:  

Փորձաքննական հիմնավորումներից մեկն այն է, որ բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս Ախուրյան գետի դիտակետ-Ամասիա կայանի 2014 թվականի երկրորդ և երրորդ տասնօրյակներում ջրի նվազագույն տասնօրյակային ելքը չի համապատասխանում 0,4 խմ/վ ելքին, քանի որ Ախուրյան գետի դիտակետ-Ամասիա հիդրոլոգիական կայանը շրջանցում է «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» փհէկը: Վերոնշյալ դիտակետի տասնօրյակային նվազագույն ելքով հաշվարկված բնապահպանական թողքի արժեքները չեն համապատասխանում 2018թ. հունվարի 25-ի որոշման պայմաններին, չեն համապատասխանել նաև Ախուրյան-Ամասիա հիդրոլոգիական դիտակետի 1985-2020թթ. ժամանակահատվածի միջին ամսական տվյալները:

Ախուրյան գետում, որտեղ կառուցվելու է փհէկը, հանդիպում են մի շարք ձկնատեսակներ` կողակ, Կուրի ենթաբերան, կովկասյան թեփուղ, Կուրի բեղաձուկ, արևելյան տառեխիկ, անգորական լերկաձուկ, Կուրի լերկաձուկ, Կարմիր գրքում գրանցված Հաշամ, Կուրի սպիտակաձուկ, արծաթափայլ կարաս, ամուրյան նրբաձկնիկ:

Ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` «Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման», Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանում 2021թ. օգոստոսի 19-ին կատարվել են փոփոխություններ, որի հաստատումից կամ դրանում փոփոխություններ կատարվելուց հետո «Մուսահա» ՍՊԸ-ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը չի վերանայվել: 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամ Արտակ Ադամյանին է պատկանում «Մուսահա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 42.5 %-ը: Վերջինս նաև Ախուրյանի վրա շահագործում է «Մարմաշեն» հէկը: «Մուսահա» ՍՊԸ-ի 7,5 %-ը Արտակ Ադամյանի կնոջ անունով է՝ Մարինա Խաչատրյանի։ Մնացած 42,5 %-ը ընկերության տնօրեն, գյումրեցի Սաշա Անդրիասյանինն է, իսկ 7,5 %-ը նրա հետ նույն հասցեում հաշվառված Սիրանուշ Ամիրջանյանինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter