HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեկ գերի` օդային սահմանի դիմա՞ց

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այդ պահին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում Արթուր Բորիսի Դավիդյանին, որն անհետ կորել էր 2021 թվականի օգոստոսի 22-ին։

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուր Բորիսին, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսի 22-ին: Արդեն Հայաստանում է»,- հայտարարել էր Պապիկյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը օգոստոսի 23-ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Ավելի ուշ, լրատվամիջոցները պարզել էին, որ Արթուր Դավիդյանն անհետացել է Սև լճի հատվածից։ Մասնավորապես, Ազատություն ռադիոկայանին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել էր, որ պետք է նշանակվի ծառայողական քննություն, որը կպարզի, թե ինչու է մոլորվել կամ այդ ժամին ինչու է մենակ հայտնվել այդտեղ զինծառայողը։ «Թող ծառայողական քննություն կատարվի, պարզվի՝ ինչո՞ւ է մոլորվել կամ էդ ժամին ինչո՞ւ է ինքը մենակ հայտնվել այդտեղ։ ․․․ Դրա համար ծառայողական քննության պետք է կատարվի, արդյունքները իմանաս, ճիշտ որոշում ներկայացնես, այդ սխալը​ բոլորի համար ի գիտութուն՝ ամբողջ բանակի, որպեսզի նման բաներ նորից չկրկնվի: Ես չգիտեմ՝ ինչ հանգամանքներում ինքը սխալվել է, ինչքան էլ տեղանքը ծանոթ լինի, ամենաճիշտը ճիշտ ղեկավարումից է կախված, ամեն մի հարց, ամեն մի շարժ պետք է լինի հրամանատարի գիտությամբ»,- նշել էր Սյունիքի մարզպետ, նախկին զինվորական Մելիքսեթ Պողոսյանը։

Ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանի հայրենադարձությունը կարող էր հերթական լավ լուրը լինել, եթե չլիներ մի կարևոր հանգամանք։ Այն համընկնում է իրադարձությունների մի շղթայի հետ, որոնք հնարավոր է միմյանց հետ փոխկապակցված լինեն։ Այսպես, այսօր առավոտյան հայաստանյան մեդիադաշտը և սոցիալական հարթակների օգտատերերը քննարկում էին միայն մեկ թեմա. Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը, 2014 թվականից ի վեր առաջին անգամ, իր թռիչքն իրականացրել է Հայաստանի օդային տարածքով՝ իրականացնելով Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթը։ Օրվա երկրորդ կեսին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այդ երկրում Եվրոպական միության նորանշանակ ներկայացուցիչ Պետր Միխալկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է»։

Մենք, բնականաբար, չենք կարող պնդել, թե հայ գերու վերադարձը կարող էր լինել Հայաստանի օդային տարածքն օգտագործելու գինը, սակայն հաշվի առնելով, որ վերջին շաբաթներին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը փոխանակվում են դրական ազդակներով, այս գործընթացը բացառել չի կարելի։ Եթե անգամ այս գործընթացները միմյանց հետ փոխկապակցված են, հարց է առաջանում՝ ինչու միայն մեկը։

Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը, այն մի փոքր շփոթմունք է առաջացնում։ Նախ նա նշում է, որ Արթուր Դավիդյանը անցել է Արցախի սահմանը, այնինչ նա անհետացել է Սև լճի հատվածից, որը Սյունիքի մարզում է։ Միգուցե փոխվարչապետը Արցախի սահման ասելով ի նկատի ուներ Ադրբեջանին հանձնված Լաչինի շրջանը (Արցախի նախկին Քաշաթաղի շրջանի մաս)։ Պապիկյանն իր խոսքում նաև ասում է, որ վերադարձած ավագ լեյտենանտը գտնվում է Հայաստանում։ Այնինչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է, որ Դավիդյանը գտնվում է Ստեփանակերտում և քիչ անց կտեղափոխվի Երևան՝ Մուրացան զինվորական հոսպիտալ։

Մինչ օրս անհասկանալի է նաև, թե ինչ պայմաններում է անհետացել Դավիդյանը։ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ ավագ լեյտենանտն անհետացել է մառախուղի և վատ տեսանելիության պատճառով։ Ընդորում, պաշտպանական գերատեսչությունը հստակ ընդգծում էր, որ ավագ լեյտենանտն իր մշտական տեղակայման վայրը լքել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության։ Փոխարենը, Դավիդյանի կինը՝ Հասմիկ Աբգարյանը, հայտարարում էր, որ տեսնող է եղել, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները տարել իր ամուսնուն. «Օգոստոսի 17-ին, երբ այդ տարածքում արածող ոչխարներն անցել էին դեպի ադրբեջանական զինուժի տեղակայման հատված, ամուսինս գնացել, նեյտրալ գոտուց հետ է բերել հովվի ոչխարները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմն իր տեսադաշտում է պահել Արթուրին և առևանգել է»,- հայտարարել էր Աբգարյանը։

Արթուր Դավիդյանի անհետացման հանգամանքների և վերադարձի մասով մենք հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարությանը և ԱԱԾ-ին, որոնց պատասխանը կներկայացնենք ստանալուն պես։

Լուսանկարը՝ արխիվային/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter