
Վրաստանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափի մասին. «Դժվար կլինի, բայց անհրաժեշտ»
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կարծում է, որ Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն, վստահ է, որ երկիրն ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական մեծ նախագծերում։ Այսպես է Վրաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունը, որին հնարավոր է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից և Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ մյուս կողմից։
«Այդ աշխարհաքաղաքական մեծ նախագծերում և հարաբերություններում պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինենք, բայց, անկասկած, ոչ ի հաշիվ պետական շահերի և ինչ-որ զիջումների...»,- հայտարարել է Զալկալիանին։ Նա նշել է, որ երբ չկա որևէ առաջընթաց Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցում, «շատ դժվար է նստել այդպիսի ձևաչափում և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին»։
Ինչպես ընդգծել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հանդիսանում են կարմիր գիծ։ «Բայց անհրաժեշտ է, որ մենք հետ չմնանք այդ գործընթացներից, որոնք զարգանում են տարածաշրջանում և պարտադիր մասնակցենք բոլոր նոր, նույնիսկ ենթակառուցվածքային նախագծերին։ Հակառակ դեպքում դրանք կարող է շրջանցեն Վրաստանը, և այդպիսով Վրաստանը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որպեսզի մեր երկրի շահերը չտուժեն»,- ընդգծել է Զալկալիանին։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քննարկվել է այդ ձևաչափի ստեղծման հարցը։ Ինչպես նշել է Լավրովը, Իրանը դրական վերաբերմունք ունի նախաձեռնության վերաբերյալ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն աշխատանք է իրականացնում հայկական կողմի հետ։ Լավրովի խոսքերով՝ ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանը, չնայած իր խնդիրներին, կկարողանա իր շահը տեսնել այդպիսի մեխանիզմի ստեղծման հարցում։
Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել