HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հակասական արձագանքներ «3+3» ձևաչափի վերաբերյալ. Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է իր իսկ նախարարի խոսքերը

Վրաստանի արտաքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին հերքել է սեփական նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքերն առ այն, որ Վրաստանը ինչ-որ ձևով ցանկանում է ներկայացված լինել «3+3» ձևաչափում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան), որը զբաղվելու է Հարավային Կովկասում տնտեսական և հաղորդակցային կապերի ապաշրջափակմամբ։ 

Ավելի վաղ, Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած տարաձայնություններին, «Վրաստանը ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական այդ նախագծերին»։ 

«Ցավոք, սոցիալական ցանցերում տարածվում է Հանրային հեռուստաընկերությանը Վրաստանի արտաքին գործերի նախարարի հարցազրույցի սխալ մեկնաբանությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ չի դիտարկում Ռուսաստանի հետ «3+3» ձևաչափին մասնակցությունը։ Չնայած դրան՝ մտածված տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ իբր նախարարը հաստատել է Վրաստանի մասնակցությունն այդ ձևաչափին»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի հայտարարության մեջ։ 

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ քննարկվել է այդ ձևաչափի ստեղծման հարցը։ Ինչպես նշել էր Լավրովը, Իրանը դրական վերաբերմունք ունի նախաձեռնության վերաբերյալ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն աշխատանք է իրականացնում հայկական կողմի հետ։ Լավրովի խոսքերով՝ ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանը, չնայած իր խնդիրներին, կկարողանա իր շահը տեսնել այդպիսի մեխանիզմի ստեղծման հարցում։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության վրացական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter