HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան և Իրանը քննարկել են Կովկասում առկա իրավիճակը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 8-ի երեկոյան հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին քաղաքական խորհրդակցություններ են կայացել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ 

Անկարայում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սադաթ Օնալը և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին։ 

Քաղաղական խորհրդակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել թուրք-իրանական հարաբերությունների, ինչպես նաև Կովկասում, Սիրիայում, Աֆղանստանում և Եմենում տարածաշրջանային և միջազգային դրության շուրջ։ 

Թուրքիայում թուրք-իրանական քաղաքական խորհրդակցություններն ընթանում են իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի լարման մեջ։ Իրանը զորավարժություններ էր անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, բուն Նախիջևանում։ 

Իրանական զորավարժությունների փաստը դուր չէր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։

«Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այդ հարցերը տալիս է ադրբեջանական հասարակությունը, ոչ թե ես»,- նշել էր Ալիևը։ Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն իր բողոքն էր հայտնել Արցախ իրանական բեռնատարների երթևեկության վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրանով Թեհրանը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Ալիևի հարցազրույցին, հայտարարել էր, որ Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից և իր սահմանների մոտ չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայություն։

«Այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունները լավ են և կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա ու երկու կողմերի միջև, ամենաբարձր մակարդակով, գոյություն ունեն կապի միջոցներ, արված այդ արտահայտությունները զարմանք են առաջացնում»,- նշել էր Խաթիբզադեն։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել էր, որ Ադրբեջանի սահմանի մոտ զինված ուժերի զորավարժությունները «կապված են ինքնիշխանության հարցին և իրականացվում են ողջ տարածաշրջանում կայունության շահերից ելնելով»։

Ըստ նրա՝ Իրանը չի հանդուրժի սիոնիստական ուժերի առկայությանն իր սահմանների մոտ և այդ ուղղությամբ կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ գործողություն՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter