HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի արտաքին գործերի նախարարը առաջիկայում նախատեսում է այցելել Երևան և Բաքու

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Երևան և Բաքու։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ժամկետները դեռևս հստակ չեն։

Աբդոլահյանի խոսքով, Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է՝ ուշադրության կենտրոնում պահել հարևան երկրներին, այդ թվում՝ հյուսիսային։ «Հայաստանը և Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, այդ իսկ պատճառով մենք չենք կարող աշխատել նրանցից որևէ մեկի դեմ։ Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»,- հայտարարել է Աբդոլահյանը՝ հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է այցելել այդ երկրներ։ Նա չի հրապարակել, թե այցի օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։

Իրանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Թեհրանում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նշել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս կարող է այցելել Իրան:

Հիշեցնենք, որ վերջին օրերին խիստ սրվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի լարման մեջ։ Իրանը զորավարժություններ էր անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, բուն Նախիջևանում։ 

Իրանական զորավարժությունների փաստը դուր չէր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։

«Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այդ հարցերը տալիս է ադրբեջանական հասարակությունը, ոչ թե ես»,- նշել էր Ալիևը։ Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն իր բողոքն էր հայտնել Արցախ իրանական բեռնատարների երթևեկության առնչությամբ՝ հայտարարելով, որ դրանով Թեհրանը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, անդրադառնալով Ալիևի հարցազրույցին, հայտարարել էր, որ Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից և իր սահմանների մոտ չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը։

«Այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունները լավ են և կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա ու երկու կողմերի միջև, ամենաբարձր մակարդակով, գոյություն ունեն կապի միջոցներ, այդ արտահայտությունները զարմանք են առաջացնում»,- նշել էր Հաթիբզադեն։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել էր, որ Ադրբեջանի սահմանի մոտ զինված ուժերի զորավարժությունները «կապված են ինքնիշխանության հարցի հետ և իրականացվում են ողջ տարածաշրջանում՝ կայունության շահերից ելնելով»։

Լուսանկարը՝ AP Photo/Misha Japaridze, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter