Ա. Սիմոնյան. «Ճանապարհները բացելուց բացի, այդ ճանապարհներով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնությունում իր ունեցած հանդիպումները բավական արդյունավետ է գնահատում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սիմոնյանը:
«Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել է մեր ռազմագերիների հարցը, քննարկվել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Եւ ես կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում, և այն պատկերացումները, իրավիճակի գնահատականները, որոնք ունենք մենք, կարող եմ ասել՝ գրեթե ամբոջղությամբ կիսում են մեր ռուս գործընկերները»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ ԱԺ խոսնակի` ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել վերոնշյալ հարցերի առնչությամբ: Նա վստահեցրեց` մոտ ապագայում այդ պատրաստակամության շոշափելի արդյունքները կերևան:
Սիմոնյանը խոսեց նաև Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցների հետևանքով զոհված քաղաքացիական անձի դեպքի մասին: Նշենք, որ դեպքի ժամանակ տրակտորում եղել են նաև ռուս խաղաղապահներ: Սիմոնյանի տեղեկություններով`դեպքի առնչությամբ այժմ քննություն է ընթանում:
«Այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից, նաև քննություն է սկսվել»,- ասաց նա:
Սիմոնյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը և չի վերադարձնում ռազմագերիներին:
«Երբ ասում եմ` ընկալումը մեր ռուս գործընկերների մոտ նույնն է, նաև դա նկատի ունեմ, որ հայտարարության ութերորդ կետը պետք է կատարվի: Այսօր, երբ խոսում ենք ճանապահների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մի բան պետք է մշտապես ասենք, որ ճանապարհները բացելուց բացի, այդ ճանապարհներով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ նույնիսկ կոնկրետ անձանց վերաբերյալ քննարկումներ է ունեցել: Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող կին ռազմագերուն, որը, սակայն, Ադրբեջանը չի հաստատում: Այս հարցը Սիմոնյանը քննարկելու է նաև Կամիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ:
«Մեծ հույսեր ունեմ և վստահություն, որ մոտ ապագայում այդ բառակապակցությունը` ռազմագերի, միգուցե կթողնենք անցյալում»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել