HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանցիներն օգտագործում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Իրանի երկինքը

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի ինքնաթիռները շարունակում են Բաքու-Նախիջեւան-Բաքու կանոնավոր թռիչքներն իրականացնել Հայաստանի օդային տարածքը տարանցելու միջոցով: Հիշեցնենք, որ 2014 թ. նոյեմբերի 8-ից հետո առաջին անգամ ադրբեջանական օդանավերը կրկին Հայաստանի երկինք մտան հոկտեմբերի 6-ին՝ կատարելով Բաքու-Նախիջեւան ներքին չվերթը:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ ադրբեջանցիները հոկտեմբերի 6-ին մեր երկինք են մտել Ճամբարակ-Սոթք հատվածում, անցել Սեւանա լճի, Մարտունու եւ Խոսրովի արգելոցի երկնքով, ապա Զանգակատան հատվածում մտել Նախիջեւանի տարածք: Նշել էինք նաեւ, որ կա ավելի կարճ երթուղի՝ Սոթք-Վարդենիս-Վայոց Ձոր-Նախիջեւան, որից գուցե հետագայում ադրբեջանական կողմն օգտվի:

Flightradar24.com կայքում թռիչքների հետագծերը ցույց են տալիս, որ հոկտեմբերի 7-ից «AZAL»-ի ինքնաթիռները Նախիջեւանից Բաքու վերադառնալիս (թռիչքի համարը՝ J2 252) հենց Վայոց Ձորի երկնքով են մեկնում (տես վերեւում՝ Նախիջեւան-Վայոց Ձոր-Վարդենիս-Սոթք), իսկ Բաքու-Նախիջեւան չվերթի (J2 251) ժամանակ հոկտեմբերի 9-ից օգտագործում են Սոթքի օդային դարպասը (տես ներքեւում՝ Սոթք-Վարդենիս-Վայոց Ձոր-Զանգակատուն-Նախիջեւան), ինչը կարճացնում է երթուղին:

Ավելին՝ եթե մինչեւ այս ամիս ադրբեջանական ինքնաթիռները շրջանցում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի երկինքը, ապա ինչպես տեսնում ենք flightradar24.com-ում, հոկտեմբերի 8-ից «AZAL»-ն անցնում է նաեւ Արցախի երկնքով, մասնավորապես՝ Մարտակերտով ու Քարվաճառով:

Բանն այն է, որ տարիներ առաջ Ադրբեջանը միջազգային ճանաչում չունեցող Արցախի երկինքը հայտարարել է փակ ու, ինչպես հայտնի է, ժամանակին նույնիսկ սպառնում էր խոցել Երեւան-Ստեփանակերտ հնարավոր չվերթի քաղաքացիական օդանավերը: Ստորեւ՝ քարտեզում, երեւում է Արցախի երկնքի այն հատվածը, որը պաշտոնական Բաքուն հայտարարել է ոչ թռիչքային գոտի: Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը դրանից դուրս է, եւ հենց այդտեղով էլ թռչում են այսօր «AZAL»-ի օդանավերը: 

Ինչպես նշեցինք, Հայաստանի տարածքով իրականացվում են Բաքու-Նախիջեւան-Բաքու կանոնավոր թռիչքները (J2 251 եւ J2 252), սակայն զուգահեռ կատարվում են նաեւ թռիչքներ Իրանի երկնքով, որոնք, դատելով չվերթի համարից (J2 2251 եւ J2 2252) ու ոչ ամենօրյա բնույթից, ոչ կանոնավոր են (չարտերային):

Այս դեպքում ադրբեջանցիներն օտագործում են Բաքու-Թավրիզ-Նախիջեւան-Թավրիզ-Բաքու երթուղին: Ընդ որում՝ այն շահագործում են ոչ միայն «AZAL»-ի, այլեւ դրա դուստր ընկերության՝ բյուջետային (լոուքոսթեր) «Buta Airways»-ի օդանավերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter