HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանում ձուլարան չի կառուցվի. Երևանի քաղաքապետարանը բացասական կարծիք է տվել

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Ավանում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին:

Հիշեցնենք` Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղում «Քոփփեռ» ՍՊԸ-ն երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոններ է ընդունում և նախատեսվում էր այնտեղ նաև ձուլարան բացել: Սակայն սեպտեմբերի 16-ին կայացած հանրային լսումներին պարզվեց, որ Ավանի բնակիչներն այդ մասին տեղյակ չեն եղել, իսկ լսմանը ներկա ավանցիները ոչ միայն համաձայն չեն ձուլարանի բացմանը, այլ պահանջում էին անվավեր ճանաչել նախկինում կայացած լսումները: Ըստ նրանց, դրանք ձևական բնույթ են կրել, և իրականում ոչ մի բնակիչ դրան չի մասնակցել և համաձայնություն չի տվել: Այդ օրը ներկաները պահանջեցին հետաձգել հանրային լսումները և իրենց տրամադրել մինչ այդ կայացած 3 հանրային լսումների բոլոր արձանագրությունները, տեսագրություններն ու ներկայացված փաստաթղթերը:

Փաստորեն, նոր հանրային լսումներ այդպես էլ չեն նշանակվել, և փորձաքննություն իրականացնող մարմինը` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ը որոշել է միանգամից բացասական եզրակացություն տալ:

Ըստ փորձաքննության եզրակացության` փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:

Եզրակացությամբ արձանագրվել է, որ սեպտեմբերի 16-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նախատեսված գործունեության վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանը նախատեսվող գործունեության վերաբերյալ սեպտեմբերի 24-ի գրությամբ բացասական կարծիք է ներկայացրել: Հիմք ընդունելով այդ հիմնավորումները` հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ը «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացրած ձուլարանի նախագծին բացասական եզրակացություն է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter