HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, քիչ առաջ մերժեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների բողոքը: Տոնոյանը կշարունակի գտնվել կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նշենք, որ Տիգրան Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն է: Ազգային անվտանգության ծառայությունում համակարգչային մակագրման գործընթացին ենթադրյալ միջամտության առթիվ  քրեական գործի հարուցումից հետո, Վերաքննիչ  և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում գործերը դատարանների նախագահների կողմից են մակագրվում, և Սահակյանը, փաստորեն, իրեն է մակագրել Պաշտպանության նախարարի կալանքի դեմ բողոքը:

Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Նա կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Նույն գործի շրջանակներում այս պահին կալանավորված են նաև «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի Ստեփան Գալստյանը:

Նշենք, որ  հոկտեմբերի  11-ին Տոնոյանի պաշտպանական  խումբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, չի կատարել այն արարքը, որում իրեն մեղադրում են:

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:

Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:

Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար»,– ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter