HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ադրբեջանական նոր սահմանին. Գեղարքունիքի դիրքերում (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի դիրքերում ենք, սաստիկ ցուրտ է, 2900 մետր բարձրության վրա ենք։ Դիրքապահ շարքային Սուրիկ Սաֆարյանի ձեռքերը ցրտից կարմրել են։ Հարցնում եմ.

-Չե՞ս մրսում։

-Չէ, բա Դու՞ք։

-Ես մրսում եմ, դուք ձեռնոց չե՞ք դնում։

-Դնում ենք, բայց հիմա դեռ տաք ա։

Սուրիկն ամաչկոտ է, հրաժարվում է տեսախցիկի առաջ զրուցել։ Երկար համոզելուց հետո թույլ է տալիս միայն լուսանկարել։

«Ձերոնք գոնե նկարդ տեսնեն, ուրախանան»,- փորձում եմ համոզել ես։

«Է՜, դե լավ, նկարում եք նկարեք»,- վերջապես համաձայնում է։

Շարքային Սաֆարյանը 8 ամսվա ծառայող է՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ 

Խնդրում եմ մի քիչ իր մասին պատմել, ասում է, որ դպրոցն ավարտելուց հետո տարբեր աշխատանքներ է արել՝ գազալցակայանում, խանութում, հետո զորակոչվել է բանակ։ Զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր է սովորել, բայց դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտությամբ։

Սուրիկի հետ պայմանավորվում ենք հանդիպել զորացրվելուց հետո։

Մեկ այլ դիրքում միայն պայմանագրայիններ են ու եռամսյա զորահավաքի մասնակիցներ։

Կամո Գևորգյանը երկու որդիների՝ Ռուբենի ու Արշակի հետ կամավոր մասնակցում է պահեստազորայինների հավաքին, տանը թողել է երրորդ որդուն։

«Որոշել ենք, որ հիմա էլ պետք է գանք սահմանը պաշտպանենք»,- ասում է Կամոն։

Նա երկար տարիներ պայմանագրային զինծառայող է եղել։

Գեղարքունիքի մարզի նոր դիրքերն են, կառուցվել են պատերազմից հետո։ Սպայական անձնակազմից մեզ վստահեցնում են, որ այդ զորամասի բոլոր դիրքերը լավ վիճակում են՝ նորակառույց, կահավորված, բայց ճանապարհին տեսնում ենք նաեւ վրաններ, դրանք նույնպես մեր հենակետերն են։ Ադրբեջանական դրոշները տեսանելի են մի քանի հարյուր մետր հեռավորությունից։

Մայոր Մուշեղյանը շեշտում է՝ «նորմալ հաց ու ջուր հասնում ա տղեքին, ամեն ինչ կարգին ա»։

«Անհրաժեշտ պարագաներ՝ գիշերային տեսանելիության սարքեր, հեռադիտակներ ունե՞ք, տղաները տարածքում կարողանու՞մ են կողմնորոշվել»,- հարցնում եմ ես։

«Ամեն ինչ էլ ունենք, ամեն ինչն էլ կարողանում են»,- վստահեցնում է նա։

Մտնում ենք գետնատնակ (բլինդաժ), տղաների մի մասը, տեսախցիկը տեսնելով, ցրվում է։ Նրանցից մեկը՝ Նարեկը, մեզ սուրճ է առաջարկում։

«Շատ ենք, է, շատ լրագրողներ կան, էդքանի համար ո՞նց սուրճ դնեք»,- ասում եմ ես։

«Լավ, դե եկեք, գոնե նստենք»։

Արևշատ Ղազարյանն ու Նարեկ Իսկանդարյանը 8 ամսվա զինծառայողներ են։ 

Ծառայությունը սկսել են ինժեներական աշխատանքներ անելով, նրանք են փորել նոր դիրքերը։

«Կարճ ժամանակում ահագին բան ենք արել ու հակառակորդի ցանկացած հարձակման դեպքում կարող ենք արժանի պատասխան տալ»,- ասում է Արևշատն ու հավելում, որ ամենաբարդը կարոտն է, բայց դրան էլ են հարմարվում։

«Ու՞մ ես ամենից շատ կարոտում»,- հարցնում եմ ես։

«Դե, բնականաբար, մորս, հարազատներիս, ընկերներիս, ընկերուհուս»,- պատասխանում է զինվորը։

«Էստեղի պայամանները ոնց որ թե լավն են»,- ասում եմ ես։

«Հա, լավ կլիներ, որ սաղ պոստերում էսպես լիներ, սա նոր սարքած ա, դրա համար ա լավը»,- ասում է տղաներից մեկը։

Մեր ժամանակը կարճ է, անընդհատ շտապեցնում են, թե պետք է գնանք։ Կես ժամը տղաների հետ շփվելու համար շատ քիչ է, բայց երևի իրենք էլ գործեր ունեն, մեր ժամանակը չունեն։

Հաջողություն ենք մաղթում ու ճանապարհ ընկնում։ Ամբողջ ճանապարհին մտածում եմ, որ Սուրիկի ձեռքերը սառել էին, իսկ նրան փոխարինելուն դեռ մեկ ժամ կար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter