HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Դիտորդ» տատիկը

Գյումրու Նալբանդյան դպրոցում գտնվող ընտրատեղամաս մտնելիս նկատեցի քարի վրա նստած տատիկի, բարձր մտածեցի.

«Ինչ լավ տատիկ ա»։ Կողքից տեղացի կանայք զգուշացրին. «գործ չունեք, մի բան լինում ա, զանգում ա ոստիկանություն»։ Ընտրատեղամասից դուրս գալիս տեսա տատին էլի նույն տեղում՝ կուչ եկած, քարին նստած։ Մոտեցա, հարցրի՝ ինչու՞ է նստած մնացել, իրիկուն է, ցրտում է, կմրսի։ Առանց պատասխանելու գոգնոցից ընկույզ հանեց, տվեց, ասաց՝ փոքր ա, բայց լավն ա։ Անունը հարցրի, ասաց՝ Մարգուշ, ասացի՝ անձնագրո՞վ, նույն գոգնոցից ընկույզների մեջ խառնված ID քարտը հանեց՝ ցերեկը ընտրության մասնակցած. Թադևոսյան Մարգուշ, 1934թ.։

Ութսունյոթամյա Մարգուշ տատիկը, պարզվեց՝ առավոտվանից դպրոցի մոտի քարին նստած է․ «էդ իմ մշտական տեղն ա, ամեն օր գալիս եմ էստեղ, մենակ նստում եմ, էսօր առավել ևս ուշադիր եմ, որ հանկարծ ընտրություններին խախտումներ, կաշառակերություն չլինի, ես եմ իսկական դիտորդը՝ հավերժական»։

Մարգուշ տատիկը պատմեց, որ երկար տարիներ աշխատել է «Հայգորգ»-ում՝ որպես գծագրող։ Հետո ամուսնացել է, աշխատել ամուսնու մոտ՝ Գյումրու Տեքստիլ կոմբինատում։ Թե՛ գործում, թե՛ կյանքում ամենաթանկ բանը, ասաց՝ ազնվությունն է, արդարությունը։

«Մարդու աչքերը հոգու գիրքն են, նույնիսկ դեմքից երևում ա՝ ով ինչացու ա»,- ասաց Մագուշ Թադեւոսյանը։ Հարցրի՝ բա ինչու՞ եք մենակ, ինչու՞ եք ամեն օր էստեղ գալիս։ 1988-ի երկրաշարժին Գյումրու ծննդատանն են եղել ընտանիքով, աղջկան են դուրս գրելիս եղել։ Երկրաշարժից զոհվել են դուստրը, նորածինը, փեսան, ինքը ծանր կոտրվածքներ է ստացել, տարիներ առաջ էլ որդին է մահացել, մնացել է կրտսեր որդին, որը Մոսկվայում է, իսկ ինքն ամեն օր միայնակ գալիս է էստեղ, իր մտքերի, դարդերի հետ ու հսկում շուրջբոլորը։ Երկրաշարժի հետևանքով հաշմանդամություն ունի, առողջական լուրջ խնդիրներ։

«Ծանր ճակատագրով մարդը զգայուն է դառնում աշխարհի հանդեպ, դրա համար ուշադիր եմ ամեն ինչին, ծանր եմ տանում ամեն բան»,- ասաց Մարգուշ Թադեւոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter