HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆերիկի նորընտիր ավագանին հույս ունի, որ կառավարությունը կլուծի իրենց խնդիրները

Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի բնակիչներն այդքան էլ շահագրգռված չէին ՏԻՄ ընտրություններով, շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ այսօր ընտրություններ են. թեկնածուները քարոզարշավ չեն իրականացրել, ասում են՝ դրա կարիքը չկա. գյուղում բոլորը մի ընտանիքի պես են, գիտեն՝ ում ինչի համար են քվե տալու: 

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում այսօր ընտրում էին ավագանի: Ինքնաառաջադրվել էր վեց թեկնածու, որից ավագանու անդամ են դարձել հինգը: 

441 բնակիչ ունեցող գյուղն ամբողջությամբ եզդիաբնակ է, ընտրելու իրավունք ուներ 269 քաղաքացի։

«Ավագանու ընտրությունները մեզ մոտ էդքան էլ հետաքրքիր չեն, ուղղակի ասում են՝ ընտրի, ընտրում ենք»,- պատմում է Ֆերիկի բնակիչներից մեկը: Նա առավոտ վաղ էր գնացել ընտրությունների, հույս ունի, որ գյուղի արոտավայրերի խնդիրը գոնե այժմ կլուծվի:

Հիշեցնենք, որ 15 տարի առաջ գյուղի արոտավայրերն աճուրդով վաճառվել են նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին ու նրա ընտանիքի անդամներին: Սրա մասին բնակիչները իմացել են 2018 թվականին, երբ գյուղ է մտել լիբանանահայ Արա Թագեսյանը ու հայտնել, որ հողերը վաճառել են իրեն: Մինչև օրս համայնքի ղեկավարն ու գյուղի բնակիչները տարբեր դատական հայցերով փորձում են հետ բերել հողերը: 

«Հույս ունենք, որ նոր ավագանին կլուծի արոտավայրերի հարցը,- ասում է Ֆերիկ գյուղի բնակիչը,- հները ոչ մի բան չեն արել, որ իրենք հելնեն, թազաները, ինչ էլ լինի, կաշխատեն, մի բան կանեն»: 

Ֆերիկ գյուղը չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, խանութ, նախակրթարան: Համայնքի ներկայիս ղեկավար Ռուստամ Հասանյանը խնդիրների լուծումը կապում է բյուջեի հետ:

«Մեր բյուջեն շատ քիչ ա, 10 մլն-ի սահմաններում, որովհետև փոքր համայնք ա: Մենք ունենք խողովակների խնդիր, որը պետք ա նորոգենք, բայց մեր գումարը չի հերիքում: Բայց դե, ինչքան հերիքի, էն չափով էլ կանենք»,-ասում է Ռուստամ Հասանյանը:

Թեպետ գյուղի բյուջեն փոքր է, սակայն ավագանու թեկնածուներից Զահրաբ Շառոևը, ով արդեն ավագանու անդամ է, մտադրված է լուծել առաջին հերթին մշակույթի տան, ապա՝ հարևան գյուղի վարձակալած հողերի հարցը:

«Բյուջեն քիչ ա, դրա համար բարձրաձայնելու ենք: Կառավարություն կա, մարզպետարան կա, ինչով կարող են, կընդառաջեն: Մենք էլ գյուղապետի կողքին կկանգնենք»:

Քանի որ ընտրատեղամասում ընտրողներ չկային, հանձնաժողովի անդամները պարբերաբար հավաքվում էին իրար գլխի ու քննարկումներ անում կամ խաչբառ լուծում: Ասում էին՝  նման բան չեն տեսել: Սակայն հաշվարկից հետո հանձնաժողովի նախագահ Արգիշտի Ենգիբարյանը նշեց, որ սպասվածից շատ մարդիկ էին եկել: 

Ֆերիկ գյուղում գրանցված 269 ընտրողից ավագանու ընտրություններին մասնակցել է 77 անձ կամ 28,62%-ը: 

Արծվիկ Դավթյան, Անուշ Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter