HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները պայքարել են կանաչ գոտի ունենալու համար, Երևանի քաղաքապետարանն անտեսել է նրանց խնդրանքը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7 և 98/8 շենքերի բնակիչները ստորագրահավաք են նախաձեռնել ընդդեմ «ՄԼ մայնինգ»-ի՝ բազմաբնակարան համալիր կառուցելու նախագծի: Հիշեցնենք` ՀՔԾ նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ՍՊ ընկերութունը 8 hա տարածքի վրա «Նոր Երևան» անվամբ բազմաբնակարան համալիրի նախագիծ է իրականացնելու` բաղկացած 50 շենքից: Հարակից շենքերի բնակիչները պնդում են, որ այդ նախագծով իրենք զրկվում են կանաչապատ տարածք ունենալու երազանքից, հայտնվելու են քաոսային ու վտանգավոր իրավիճակում, զրկվելու են արևից և լույսից:

Բաբաջանյան փողոցի նշված հասցեի բնակիչները օդանավակայանի տարածքից են տեղափոխվել այստեղ 5 տարի առաջ: Իրենց ուժերով շենքի հետնամասում փոքր խաղահրապարակ են կառուցել երեխաների համար: Քանի որ չեն իմացել` դիմացն ինչ տարածք է և ում է պատկանում, իրենց` «Բաբաջանյան 98» համատիրության անունից նամակով դիմել են Երևանի քաղաքապետին` խնդրելով տարածքից որոշակի հատված հատկացնել իրենց` կարիճներից, օձերից և քարերից սեփական նախաձեռնությամբ այն մաքրելու, կանաչ գոտի դարձնելու նպատակով:

«Ստացանք պատասխան, որ տարածքն անհատների է բաժանված»,- ասում է «Բաբաջանյան 98» համատիրության կառավարիչ Նունե Սարգսյանը:

Քանի որ որևէ սեփականատեր երբևէ չի այցելել տարածք, և քաղաքապետարանն էլ չի հայտնել, թե ում են պատկանում այդ տարածքները, շենքի բնակիչներն, այնուամենայնիվ, ծառեր են տնկել, բարեկարգել են տարածքից մի հատված՝ իրենց կանաչ գոտին ապահովելու նպատակով, ֆուտբոլի փոքրիկ դաշտ են ստեղծել երեխաների զբաղմունքի համար:

2021թ. մարտին ևս մեկ անգամ «Բաբաջանյան 98» համատիրությունը նամակով դիմել է Կառավարությանը` 50 մ լայնությամբ այդ տարածքից իրենց տրամադրելու խնդրանքով: Ստացել են Աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Մելիք-Քարամյանի պատասխանը, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ` Աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնում` նշված տարածքում, քաղաքաշինական ծրագրերի իրականացման հայտեր չեն քննարկվում:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված տարածքում քաղաքաշինական ծրագրերի քննարկման պարագայում բնակիչների կողմից ներկայացված մտահոգությունները հաշվի կառնվեն»,- հայտնել է քաղաքապետարանի պաշտոնյան:

«Հետքի» հրապարակումից Բաբաջանյան փողոցի բնակիչները տեղեկացնել են նախագծի մասին և հայտնվել անելանելի իրավիճակում: Դրանով պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանը հաշվի չի առել բնակիչների` կանաչ գոտի ունենալու խնդրանքը: Փոխարենը 8 հա տարածքին տիրացել է կառուցապատող և հանքարդյունահանող` ՀՔԾ նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ՍՊ ընկերութունը:

Նունե Սարգսյանն ասում է, որ մինչ օրս իրենց որևէ մեկն այդ հարցով չի այցելել, բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, և հանրային լսումներ չեն եղել:

Բնակիչներն ուսումնասիրել են «ՄԼ մայնինգ»-ի նախագիծը և պարզել, որ կառուցվելիք շենքերի պատերը սկսվելու են անմիջական իրենց ճանապարհից հետո, ինչը նշանակում է, որ ոչ միայն կանաչ հատվածից են զրկվելու և տնկած ծառերից, այլև լույսից ու արևից, որովհետև 4-9 հարկանի իրենց շենքերը հայտնվելու են նորակառույց 20 հարկանիների ստվերում:  

«Փաստորեն երեխաները զրկվում են նորմալ խաղահրապարակ ունենալու հնարավորությունից, բնակիչները` հանգստյան և կանաչ գոտուց, որովհետև մի կողմից գազալցակայանն է, մյուս կողմից` բենզալցակայանը, իսկ աջ կողմում մետաղական կոնստրուկցիաների հսկայական խանութ-վաճառքի արտադրամասն է: Ասացինք` գոնե այս կողմից օգտվենք և ապահովենք մեր կանաչ գոտին»,- պատմում է համատիրության կառավարիչ Նունե Սարգսյանը:

Բնակիչները գիտակցում են, որ իրենց տնկած 80 ծառը` թխկիներ, բարդիներ, թույաներ, որոնք իրենք դույլերով են ջրել և աճեցրել, նոր նախագծով հանվելու են, իսկ դրանց փոխարեն բարձրահարկ շենքեր են կանգնելու: Ըստ նախագծի` 12 մետրանոց ճանապարհից և 7 մետր կանաչ տարածքից անմիջապես հետո սկսվելու են «ՄԼ մայնինգ» ընկերության շենքերի պատերը:

Նախագծից նաև պարզել են, որ նոր թաղամասի ճանապարհը նույնպես անցնելու է իրենց փոքր փողոցով, բազմաբնակարան շենքերի բնակիչների մեքենաների հոսքն այդտեղով ապահովելու համար, ինչն անտանելի է դարձնելու Բաբաջանյան 98 և կոտորակների շենքերի բնակիչների առօրյան, իսկ երեխաների բակում խաղալը` վտանգավոր:

«Գոնե շենքերի համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն: Ըստ պլանի՝ գալիս է մեր բակի միջով մտնում է, և եթե 4000 բնակարան կա, մի 5-6 հազար մեքենա կլինի, դա ահռելի թիվ է այս բակի համար: Առավոտը որ դուրս գաս գործի գնալու, կյանքում գործի չես հասնի»,- ասում է 98/5 հասցեի բնակիչ Գառնիկ Ղազարյանը:

«Շինթույլտվություն տալուց առաջ քաղաքային իշխանությունները պետք է մտածեն ենթակառուցվածքների` ճանապարհների կառուցման մասին: Նեղ ճանապարհների կողքին կառուցվում են բազմահարկ, այդ ճանապարհներին ոչ հարիր բարձրահարկ շենքեր, որոնք չեն նպաստում քաղաքի զարգացմանը, այլ ընդամենը ներդրողի գրպանը լցվելուն են նպաստում»,- ասում է 98/5 հասցեի բնակիչ Ֆլորա Վերդյանը:

Բնակիչների մեծ մասն արդեն միացել է ստորագրահավաքին: Նրանք պատրաստվում են ուղարկել իրենց խնդրանք-պահանջները Երևանի քաղաքապետին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շահագրգիռ այլ պետական կառույցների:

«ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միշտ էլ դժգոհողներ կլինեն, սակայն տեղի ունեցած հանրային քննարկումներին ոչ մի նմանատիպ դժգոհություն չեն լսել: Այդպիսով՝ տնօրենը հաստատեց, որ երկու հանրային լսումներ են տեղի ունեցել, և նախագիծը ներկայացվել է Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության, դեռևս պատասխանը չեն ստացել:

Այդուհանդերձ, տնօրենը նշեց, որ եթե նույնիսկ իրենց տարածքում տնկված ծառեր լինեն, դրանք նախագծի մեջ ընկնելու պարագայում կամ կտեղափոխվեն, կամ կհանվեն, փոխարենը կտնկվեն նորերը: Ավելին, իրենք շատ մեծ կանաչ տարածք են նախատեսել շենքերի բակում, իսկ բակեր մուտքը բաց է լինելու քաղաքացիների համար:

Էդուարդ Մարգարյանին խնդրեցինք հատակագծի չափերով հայտնել, թե որտեղից է սկսվելու իրենց կառույցները, վերջինս ուղարկեց նախագծի՝ բնակիչներին հարող հատվածի լուսանկարը, որտեղ երևում է, որ ճանապարհից անմիջապես հետո սկսվում է 22 մետրանոց կանաչ գոտի։ 

Ինչ վերաբերում է ճանապարհի գերբեռնվելուն, ապա, ըստ տնօրենի, բնակիչների բակով միայն մեկ մուտք է նախատեսված, համալիրն ընդհանուր 4 մուտք է ունենալու, այսինքն` ևս 3 մուտք կլինի նախագծի մյուս կողմերից:

Մեր դիտարկմանը, թե հանրային քննարկումներին բնակիչները չեն մասնակցել, քանի որ ծանուցված չեն եղել և տեղյակ չեն եղել, Է. Մարգարյանը պատասխանեց, որ օրենքով սահմանված ծանուցումներն արվել են, հետևաբար, բնակիչները հնարավորություն ունեցել են ներկա գտնվել:

Նշենք, որ նախագիծը Շրջակա միջավայրի նախարարության կայքում դեռևս տեղադրված չէ ՇՄԱԳ-ի ներկայացված նախագծերի բաժնում: Ովքեր են եղել հանրային քննարկմանը, հայտնի չէ, սակայն նախարարությունը դրանց արձանագրությունները ստանում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter