HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Քաշաթաղում

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Արցախի Քաշաթաղի շրջանում։ Համաձայն Պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 19-ին մեկնարկել են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Զորավարժություններն անցկացվում են տեղանքում, քարտեզների օգնությամբ, ինչպես նաև տեղանքի մանրակերտի վրա՝ կապի միջոցների լայն կիրառմամբ։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում ստուգվում է ցամաքային զորքերի և մյուս զորատեսակների փոխգործակցությունը՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ։

Ադրբեջանին Քաղաթաղի շրջանի հանձնումից հետո սրանք երկրորդ զորավարժություններն են այդ հատվածում։ Դեռ այս տարվա սեպտեմբերին Քաշաթաղում համատեղ զորավարժություններ էին արել Ադրբեջանն ու Թուրքիան։ Ըստ տարածված հաղորդագրության՝ զորավարժությանը մասնակցում էին երկու երկրի զինված ուժերի ներկայացուցիչները։ Նպատակը փոխգործակցության և ռազմական գործողությունների ժամանակ մարտական ներդաշնակության բարձրացումն էր, այդ թվում՝ հրամանատարների կողմից ռազմական որոշումների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել տեղանքի բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից մարտական տեխնիկայի և այլ ռազմական միջոցների օգտագործման հմտությունների բարելավմանը»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

Արցախի Քաշաթաղի շրջանը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության, Ադրբեջանին էր հանձնվել 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ներկայում միայն Լաչինի միջանցքն ու Բերձոր քաղաքն են գտնվում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։

Լուսանկարը՝ արխիվային/Sputnik / Aleksey Kudenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter