HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու՞ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն գրանցել 3-րդ եռամսյակում

Հայաստանում կենսաթոշակային պարտադիր ֆոնդերի բազմաթիվ մասնակիցներ եռամսյակը մեկ հաշվետվություն են ստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարչից, որտեղ տեսնում են, թե տվյալ եռամսյակում որքան գումար է կուտակվել իրենց աշխատավարձից, պետության կողմից և որքան  եկամուտ է ապահովվել այս ու նախկինում կուտակված գումարների կառավարումից: Շատերը նկատել են, որ այս տարվա երրորդ եռամսյակում (2021 թ. հուլիս-սեպտեմբեր) ֆոնդերը բացասական եկամտաբերություն են գրանցել: «Այսինքն՝ իմ և պետության կողմից կուտակած գումարից «մինուս» է գնացել՝ ի տարբերություն նախորդ եռամսյակների, երբ դրանց գումարվում էր կառավարման արդյունքում ստացված եկամուտը»,- ասում է  29-ամյա ֆինանսիստ Լուսինե Բարսեղյանը, որը ևս ամեն եռամսյակ հետևում է իր կենսաթոշակային հաշվի փոփոխություններին: 

 Կենսաթոշակային ֆոնդերին և առհասարակ ֆինանսական շուկային հետևողների համար սա անակնկալ չէր: Նկատվում էր, որ ֆոնդերի փայերի արժեքն ու եկամտաբերությունը նվազում է: Մասնագետներն ու ֆոնդերի կառավարիչները դա պայմանավորում են տեղական և արտասահմանյան արժեթղթերի գների անկմամբ, որտեղ ներդրվում են կենսաթոշակային գումարները, ինչպես նաև՝ երրորդ եռամսյակում դրամի արժևորմամբ (արտարժույթը դրամի վերածելիս ավելի ցածր ցուցանիշ է կազմել): 

Մեր աշխատավարձից ու պետության կողմից կուտակված գումարները ընդհանուր հավաքվում են մեր կենսաթոշակային հաշվին: Այդ գումարների դիմաց մենք ձեռք ենք բերում փայեր: Ֆոնդի կառավարիչը պարտավորվում է այդ գումարներն այնպես կառավարել, որ դրանք լրացուցցիչ եկամուտ բերեն: Օրինակ՝ ներդնում է պետական պարտատոմսերում, բանկային ավանդներում, տարբեր արժեթղթերում: 

Շատ պարզ ասած՝ այս տարվա երրորդ եռամսյակում այդ փողերը ոչ միայն եկամուտ «չեն բերել», այլև որոշակի չափով նվազեցում է եղել պետության և քաղաքացու կուտակումներից: Սա առաջին դեպքը չէ, նախկինում ևս եղել են եռամսյակներ, երբ ֆոնդերի եկամտաբերությունը բացասական է եղել:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը շեշտում է, որ կենսաթոշակային ֆոնդում կուտակված գումարների դիմաց մասնակիցների ձեռք բերված փայերի գինը կարող է ինչպես իջնել, այնպես էլ բարձրանալ: Պետք է նկատի ունենալ, որ դա կայուն եկամուտ չէ, ինչպես, օրինակ, ավանդը: Հետևաբար, եկամտաբերությունը միշտ չէ, որ պետք է դրական լինի: 

«Սա ավանդ չէ, որ դու ունենաս կայուն եկամուտ ու տոկոս ստանաս: Սրանք փայեր են, որոնց գինը կարող է իջնել կամ բարձրանալ: Ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհի  շատ երկրներում 2020 թվականից փայերի արժեքները երբեմն կտրուկ տատանվում են, որը պայմանավորված է նոր կորոնավիրուստի տարածման հետևանքով ֆինանսական շուկաներում առաջացած անկումներով: Մարդիկ սովոր չեն այս փայերին: Այդ գինն իջնում և բարձրանում է: Դա երկարաժամկետ ներդրում է, պետք է համբերատար լինել: Կարող է տնտեսությունն անկում ապրել և ֆոնդերի փայերի գինն իջնել: Հայաստանում ֆոնդերի պատմությունը դեռևս քիչ է դատողություններ անելու համար»,- նշում է տնտեսագետը: 

Ըստ նրա՝  ֆինանսական շուկայի միտումները հուշում են, որ եկող տարվա սկզբից արդեն ֆոնդերը կսկսեն դրական եկամտաբերություն գրանցել։ 

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է լիցենզավորված երկու կազմակերպություն: Դրանք են՝ ֆրանսիական ծագմամբ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Դրանցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:

Մասնակիցների թվով առյուծի բաժինը պահպանողական ֆոնդերինն է՝ Ամունդի-ԱԿԲԱ պահպանողական (AMCON) և Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական (CQCON): 

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն՝ դեռևս այս տարվա հուլիսից թե ՛ AMCON-ի և թե ՛ CQCON-ի փայերի արժեքը գնալով նվազում է: Եթե հունիսին մեկ փայի արժեքը գերազանցել է 1900 դրամը, ապա հուլիսից աստիճանաբար նվազել է: Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ AMCON-ի մեկ փայի արժեքը կազմել է 1885 դրամ, CQCON-ի արժեքը՝ մոտ 1866 դրամ: 

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, 2020 թվականի առաջին եռամսյակում ևս փայերի գնի կտրուկ անկում է գրանցվել: Ամենայն հավանականությամբ, այդ եռամսյակում ևս մասնակիցներից շատերի եկամտաբերությունը բացասական է եղել: 

2020 թվականին, ըստ Կենտրոնական բանկի հաշվետվությունների, Հայաստանում գործող պահպանողական պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը կազմել է 11.29%, իսկ այս տարվա օգոստոսի տեղեկագրի համաձայն՝ տարվա սկզբից եկամտաբերությունը կազմել է 2.43%: 

Ֆոնդերի եկամտաբերության անկման մասին են վկայում նաև առանձին հաշվետվությունները:  

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերությունից նշում են, որ 2021 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքում ֆոնդերի բացասական եկամտաբերությունը պայմանավորված է եղել տեղական և արտասահմանյան պարտքային գործիքների (պարտատոմսեր, արժեթղթեր, ավանդներ) գների անկմամբ և դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի արժեզրկմամբ:

Նշված եռամսյակի ընթացքում Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն-եկամտային (CQFIX) կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը կազմել է -0.9%, Պահպանողական (CQCON) կենսաթոշակային ֆոնդինը՝ -1.3%, իսկ Հավասարկշռված (CQBAL) ֆոնդինը՝ -1.2%:

Ֆոնդերի կառավարիչը խորհուրդ է տալիս դիտարկումների և  կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը գնահատելու համար հիմք ընդունել ավելի երկար ժամանակահատված:  Օրինակ՝ 2021 թվականի 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ CQCON կենսաթոշակային ֆոնդի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է 8.63%, մինչդեռ նախորդ 5 տարիների միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է 8.88%:

«Նախկինում համաշխարհային բաժնային և պարտքային շուկաները ցուցաբերել են արագ վերականգնման միտում, սակայն կենսաթոշակային ֆոնդի փայի գինը կախված է ֆոնդի պորտֆելի բոլոր գործիքների գներից և դրանց վրա ազդող գործոններից»,- նշում են ընկերությունից: 

Մեր հարցին՝ կարո՞ղ են կանխատեսումներ անել՝ առաջիկա եռամսյակում ֆոնդերի եկամտաբերությունը դրակա՞ն, թե՞ բացասական կլինի, պատասխանել են, որ ֆոնդերի կառավարիչը իրավասու չէ տրամադրել փայերի գների և դրանից բխող եկամտաբերության վերաբերյալ որևէ խոստում:

Ընկերությունից նաև ընդգծում են, որ ստեղծման պահից ի վեր՝  2014 թվականից, ֆոնդերը գործել են 30 եռամսյակ, դրանցից 25-ում Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON) կենսաթոշակային ֆոնդը գրանցել է դրական եկամտաբերություն, իսկ 5-ում՝ բացասական:

Ինչպես ավելի վաղ գրել ենք, 2021 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանի կենսաթոշակային նշված վեց ֆոնդի ակտիվներն ընդհանուր կազմել են 412.6 մլրդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով մոտ 850 մլն ԱՄՆ դոլար: 

Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց են տալիս ֆոնդերի հաշվետվությունները, կուտակված գումարների մեծ մասը՝ 60-70%-ը, մնում է Հայաստանում՝ ներդրվելով մեծ մասամբ պետական պարտատոմսերում և բանկային ավանդներում։ 

Այսինքն՝ ֆոնդերի կողմից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարվող ներդրումները փոքր են:

Ֆոնդերի ակտիվների 30-40%-ն էլ դուրս է գալիս՝ հիմնականում ներդրվելով արտասահմանյան տարբեր ընկերությունների բաժնետոմսերում։

Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter