HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՍԴ-ն չորրորդ անգամ հետաձգեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցի սահմանադրականության քննությունը

Հոկտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) պետք է քններ Դիլիջան, Թումանյան, Տաշիր, Ալավերդի, Արթիկ և Զոլաքար համայնքների ղեկավարների դիմումների հիման վրա 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1. մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ, 9-րդ, 179-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

Հիշյալ համայնքների ղեկավարները դիմումը Սահմանադրական դատարան էին ներկայացրել 2021թ փետրվարի 14-ին էին։ Ապրիլի 1-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշումով գործի դատաքննությունը նշանակեց 2021թ հունիսի 22-ին։ Այս գործով զեկուցող նշանակվեց ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը:

Այս որոշումից հետո ՍԴ նույն բովանդակությամբ դիմում ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի արդեն նախկին ղեկավար Արման Ղազարյանը։ Հունիսի 22-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշումով միավորեց համայնքների ղեկավարների նույնաբովանդակ դիմումները, ուժը կորցրած ճանաչեց գործի դատաքննությունն սկսելու ժամկետը՝ 2021թ հունիսի 22-ի որոշումը, և որոշեց գործը քննել 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ գրավոր ընթացակարգով։

Սեպտեմբերի 14-ին ՍԴ-ն դարձյալ դատաքննությունը հետաձգելու մասին որոշում կայացրեց, և գործի քննությունը նշանակեց հոկտեմբերի 19-ին։

Հոկտեմբերի 19-ին ՍԴ-ն որոշեց հետաձգել դատաքննությունը և նշանակել նոյեմբերի 16-ին՝ «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից» ելնելով։

Համոզված չենք, թե այդ օրը ՍԴ-ն որոշում է հրապարակելու։ Կարծում ենք, կրկին գործի քննությունը հետաձգելու հերթական որոշումը կկայացնի քանի որ առջևում դարձյալ տեղական ինքնակառավարման ընտրություններ են։ Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ են նշանակված նաև այն համայնքներում, որտեղ վարչապետի որոշումով համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակված՝ Թալին, Վանաձոր, Ջերմուկ, Վայք և այլ համայնքներում։ 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ՍԴ դիմած համայնքների ղեկավարների դիրքորոշումն այն է, որ համայնքի ընտրված ղեկավարի պաշտոնավարումը պետք է երկարաձգել մինչև ընտրություններով նոր համայնքապետի ընտրվելը և ոչ թե կառավարությունը նոր ժամանակավոր պաշտնակատարներ նշանակի: Նշենք, որ այս տարի երկու տարբերակներն էլ լայնորեն կիրառեց գործադիր իշխանությունը։ Մարզպետները մի դեպքում երկարաձգեցին գործող համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, մեկ այլ դեպքում, հատկապես քաղաքային համայնքներում, վարչապետը նոր ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեց։ 

ՍԴ-ի շարունակական ձգձգումներից կարող ենք ենթադրել, որ պաշտոնակատարների նշանակումը օրենքի տեսանկյունից խնդրահարույց է։ Ամիսներ առաջ «Հայաստանի համայնքների միությունը» հայտարարություն  տարածեց, որով կառավարությանն ու ԱԺ խմբակցություններին կոչ էր անում հրատապ օրենսդրական փոփոխություններով

  1. վերացնել ՀՀ վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հակասահմանադրական նորմերը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման իրավասությունը ամրագրելով համայնքի ավագանուն։
  2. Սահմանել, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության, ինչպես նաև ցանկացած այն դեպքում, երբ անհնարին է անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, կամ այդ մարմինների լիազորություններն ավարտվում են ընտրությունների օրից ավելի վաղ, ապա այդ մարմինները պաշտոնավարում են մինչև նորընտիր ավագանու և/կամ համայնքի ղեկավարի պաշտոնավարման սկիզբը՝ ապահովելով տեղական ինքնակառավարման անընդհատությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter