HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում վաճառվող խմելու ջրի որակը չի ստուգվում

Արմավիրի մարզի 9 համայնքներում անհատների կողմից տեղադրվել են կրպականման սարքեր և լիտրով ջուր են վաճառում: Այդ համայնքներում խմելու ջուրը ստանում են արտեզյան հորերից, կամ «Վեոլիա ջուրն» է սպասարկում, բայց որակական շեղումներ ունի՝ խողովակների վատ վիճակի պատճառով: 

Խմելու ջուրը բնակիչները հիմնականում գնում են: Սարքավորումները մի քանի համայնքներում տեղադրվել են նույնիսկ համայնքապատկան հողատարածքների վրա, և համայնքապետարանները միջոցներ չեն ձեռնարկել թույլտվությունների տրամադրման կամ դրանք տարածքից հեռացնելու ուղղությամբ: Միայն «Հետք»-ի գրություններից հետո են համայնքապետերը «հիշել», որ համայնքում մարդկանց առողջությանը վերաբերող չկարգավորված հարց ունեն:

Չի ստուգվում նաև վաճառվող ջրի որակը, և հարց է ծագում՝ ծորակից հոսող «անորակ» ջո՞ւրն է ավելի վնասակար, թե՞ լիտրով վաճառվողը:  Համապատասխան մարմինները պնդում են, թե վաճառվող ջուրը ստուգելն իրենց վերահսկողությունից դուրս է: Ստուգումներ կիրականացվեն միայն դիմում-բողոքների դեպքում: Որևէ մեկը չգիտի, թե ցիստեռնով ջուրը որտեղից են բերում և լցնում սարքի մեջ։

Պատշաճ հսկողության դեպքում ամեն անգամ, երբ ջուրը ցիստեռնով բերվում և լցվում է սարքի մեջ, պետք է նմուշառում կատարվի։ Մինչդեռ նմուշառում առհասարակ չի կատարվում, ջրի որակը չի ստուգվում։

Ջրի վաճառքի սարքեր տեղադրվել են Արմավիր քաղաքում, Հացիկ, Խանջյան, Նորապատ, Մյասնիկյան, գ. Արմավիր, Այգեշատ (Արմավիրի տարածք), Սարդարապատ և Բամբակաշատ համայնքներում:

Ո’չ Արմավիրի մարզպետարանը, ո’չ համայնքապետարաններն ու պատկան մարմինները հետևություն չեն արել այս տարվա օգոստոսին մարզի Խանջյան համայնքում ջրի թունավորումից, որի հետեւանքով 31 մարդ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ դիմել էր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, նրանցից 10-ը հոսպիտալացվել էր: Եթե հետեւություն անեին, պատշաճ վերահսկողություն կիրականացվեր:

Համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Խանջյանի համայնքապետ Արտակ Արոյանի փոխանցմամբ՝ ջուրը մատակարարվում է խորքային հորից և համարվում է տեխնիկական: Խանջյանի բնակիչները խմելու նպատակով Թալինից ցիստեռններով բերված ջուր են գնում:

Հիվանդանոց տեղափոխվածներն իրենց անամնեզում նշել էին, որ ցիստեռնի ջուր են օգտագործել: Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ այդ օրը ցիստեռնով բերված և քաղաքացիների գնած ջրի նմուշներում որակական շեղումներ են հայտնաբերել, և հիմնական վարկածը մնացել է այն, որ քաղաքացիներն աղիքային վարակ են ստացել հենց ցիստեռնի ջրից:

Խանջյան համայնքում «Շուշան Բաբկենի Հարությունյան» ԱՁ-ն «Թալինի ջուր» գրառմամբ ջրի վաճառքի մեկ սարքավորում է տեղադրել: Համայնքապետ Արտակ Արոյանի տեղեկացմամբ՝ սարքավորումը տեղադրվել է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության: Սակայն, փաստաթղթերի ձեռքբերման գործընթացն ընթացքի մեջ է:

Հետաքրքրվել էինք, թե արդյոք սարքավորումը և վաճառվող ջուրը ստուգվում են։ Համայնքապետն ասաց, որ սեփականատերը ամեն շաբաթ սանիտարական մաքրում է կատարում:

Նշենք, որ սա միայն բանավոր հայտարարություն է: Սարքավորման մաքրման վերաբերյալ որևէ փաստաթուղթ համայնքապետարանում առկա չէ:

Մյասնիկյան համայնքում տեղադրված է ջրի վաճառքի երեք սարքավորում՝ «Թալինի ջուր» գրառմամբ: Երեքն էլ տեղադրել և շահագործում է համայնքի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Ավետիսյանը: Ջրի մեկ լիտրը վաճառվում է 8 դրամով:

Համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը գրավոր հայտնել է, թե համայնքապետարանը գրավոր թույլտվություն չի տրամադրել և այդ ուղղությամբ աշխատանք է տարվում՝ կողմերի միջև անհատույց պայմանագիր կնքելու վերաբերյալ: Համայնքապետի խոսքով՝ սարքավորումները ենթարկվում են սանիտարահամաճարակային ստուգումների ամիսը մեկ անգամ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)-ի կողմից:

Պատկերը միանգամայն այլ էր, երբ այցելեցինք Մյասնիկյան համայնք:  Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անուշիկ Խաչատրյանն ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն է սպասարկում համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգը: Սակայն, այդ ջուրն օգտագործվում է միայն կենցաղում, խմելու համար պիտանի չէ: Բնակիչները գնում են Թալինից ցիստեռնով բերված, ինչպես նաև՝ համայնքում տեղադրված երեք ապարատների ջուրը:

Անուշիկ Խաչատրյանը նշեց, թե ջրի վաճառքի ապարատները տեղադրվել են այլ քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող հողատարածքների վրա:

Աշխատակազմի քարտուղարն ասաց, որ ջրի որակի առնչությամբ անհանգստություն ունեն՝ հաշվի առնելով նաև Խանջյան համայնքում աղիքային ինֆեկցիայի դեպքերը: Անդրանիկ Ավետիսյանը հրավիրվել է համայնքապետարան և տեղեկացրել, թե «պայմանագիր ունի կնքած և ամիսը երկու անգամ սանեպիդից գալիս նմուշ են վերցնում, ախտահանման հետ կապված ինչ-որ գործեր են անում»:

Անուշիկ Խաչատրյանը նշում է, հատկապես ամռան ամիսներին ցիստեռնով ջուր ուշ-ուշ են բերում, և ապարատներից ջուր գնելը մարդկանց փրկում է հին ջուր խմելուց:

Հանդիպեցինք նաև ջրի վաճառքի սարքավորումները տեղադրած և շահագործող Անդրանիկ Ավետիսյանի հետ: Նա անընդհատ փորձում էր ճշտել, թե մենք ինչ իրավունք ունենք իրեն հարցեր ուղղելու: Հավաստիացնում էր, թե իր գործունեության վերաբերյալ ամեն ինչ «ինտերնետում գցած է»:

Նշեց, որ երեք սարքերից մեկը տեղադրվել է մոտ մեկ տարի առաջ, երկուսը «նոր են տեղադրել»՝ 6-7 ամիս առաջ: Անդրանիկ Ավետիսյանի խոսքով՝ սարքավորումները տեղադրված են ուրիշի հողերի վրա՝ առանց պայմանագրերի, հետևաբար համայնքապետարանից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա:

Առևտրային գործունեություն իրականացնելու համար համայնքապետարանը պետք է թույլտվություն տրամադրի, որի համար էլ գանձի տեղականն տուրք։ Մինչդեռ համայնքապետարանները զրկվում են եկամուտներից իրենց անհետևողական լինելու պատճառով։

Ա. Ավետիսյանի հավաստմամբ՝ սարքերի մեջ ջուրը քիչ է լցվում և ամեն օր թարմացվում է: Իսկ ջուրն ամեն օր իր սեփական ցիստեռնով բերում է Թալին քաղաքից:

«Սանէպիդից գալիս, ջուրը վերցնում տանում, ստուգում են: Այդ թղթերով լրիվ իրանք են զբաղվում: Ամիսը երկու անգամ, թե ինչքան, գալիս ջուրը վերցնում, տանում են»,-ասաց Անդրանիկ Ավետիսյանը՝ հավաստիացնելով, թե ստուգման բոլոր փաստաթղթերն առկա են:

Ընտանիքի անդամների հետ մոտ 40 րոպե ջրի նմուշի ստուգման եզրակացությունները փնտրելուց հետո նա ցույց տվեց անձնական սանիտարական (բժշկական) գրքույքը:

«Պատահականությամբ» մեկ տարի գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը բժշկական հանձնաժողովին դիմել էր այն օրը, երբ սարքավորումների վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել Արմավիրի մարզպետարան: Մյասնիկյանի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը խոստովանեց, որ մեր գրության մասին ավելի վաղ են իմացել, քան մարզպետի համապատասխան գրության ստացումը, որով սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքվել համայնքներից:

Երկար փնտրտուքներից հետո Անդրանիկ Ավետիսյանը գտավ միայն խմելու ջրի նմուշի սանիտարա-մանրէաբանական հետազոտության 2021թ. սեպտեմբերի 28-ի եզրակացությունը: Այլ եզրակացություններ, ըստ որի՝ ամիսը երկու անգամ ջրի որակը ստուգվել է, այդպես էլ չգտավ, մինչդեռ հավաստիացնում էր, թե բոլոր փաստաթղթերն առկա են:

Հիշեցնենք, որ «Հետքը» մարզպետարան այդ հարցով գրավոր դիմել էր սեպտեմբերի 22-ին, որտեղից էլ գրություններ էին ուղարկվել համայնքապետարաններ, այդ թվում՝ Մյասնիկյանի համայնքապետարան: Ստացվում է, որ շահագործողը եզրակացություն ստանալու համար լաբորատորիա դիմել է միայն «Հետք»-ի հարցումից հետո:

Սարքավորումներից ջրի նմուշը վերցրել են սեպտեմբերի 25-ին: Ըստ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մասնաճյուղի եզրակացության՝ ջրում շեղումներ չեն հայտնաբերվել:

Արմավիր քաղաքի վարչական տարածքում անհատ ձեռնարկատեր Սամվել Կարապետյանի և 2 քաղաքացու՝ Կարեն Հարությունյանի և Նարեկ Խաչատրյանի կողմից տեղադրվել է ջրի 13 սարքավորում:

Ըստ համայնքապետ Դավիթ Խուդաթյանի, Ա/Ձ Սամվել Կարապետյանի կողմից տեղադրվել է ջրի 11 սարքավորում, որից 5-ը՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում։ Դրանց համար օրենքով սահմանված կարգով՝ 2021թ. երրորդ եռամսյակում գանձվել է 118 հազար 125 դրամ տեղական տուրք և տրամադրվել է համապատասխան թույլտվություն:

Քաղաքացի Կարեն Հարությունյանը Բաղրամյան 33 շենքի դիմաց տեղադրել է ջրի մեկ սարքավորում սեպտեմբեր ամսին, գանձվել է 2000 դրամ տեղական տուրք և տրամադրվել թույլտվություն: Իսկ Նարեկ Խաչատրյանը ջրի մեկ սարքավորում է տեղադրել սեփականության իրավունքով իրեն պատկանող տան բակում, որի համար տուրք չի գանձվում:

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ տեղական տուրքերը սահմանվել են ավագանու 2020թ. դեկտեմբերի 14-ի թիվ 69-Ն որոշմամբ: Ըստ այդ որոշման՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար մեկ քառակուսի մետրի համար օրական 350 դրամ պետական տուրք է սահմանված:

Խուդաթյանի խոսքով՝ ինչպես ապարատով սուրճ վաճառողների վրա հսկողություն չունեն, այնպես էլ՝ ջուր վաճառողների: Համայնքապետարանը ստուգման որևէ մեխանիզմ կամ լիազորություն չունի, հետևաբար չունեն տեղեկություններ՝ համայնքի տարածքում սարքավորումներով վաճառվող ջուրը ստուգվում է, թե՞ ոչ:

Սամվել Կարապետյանի հայրը՝ Թևան Կարապետյանը, Արմավիր քաղաքում տեխնիկայի վերանորոգմամբ է զբաղվում: Նրան պատկանող վերանորոգման կետի դիմաց տեղադրված էր ջրի վաճառքի մեկ սարքավորում, որը չէր շահագործվում: Վերանորոգման կետի դուռը բաց էր: Երբ զանգահարեցինք պատին փակցված հեռախոսահամարով, Թևան Կարապետյանն ասաց, որ սպասում էր մեր զանգին: Արմավիրի համայնքապետարանից նրան էլ նախապես տեղեկացրել էին, որ լրատվամիջոցը հետաքրքրվում է սարքավորումներով:

Թևան Պողոսյանը նախ նշեց, որ տեղում չէ և չգիտի, թե երբ կգա: «Դռներն էլ բաց եմ թողել, որովհետև ներսը հոսանք կա քաշած, կամերաները ցույց ա տալիս»,-ասաց Թ. Կարապետյանը: Խնդրեցինք տրամադրել որդու՝ Սամվել Կարապետյանի հեռախոսահամարը, որը տեղադրել է սարքը: Հայրը նշեց, թե որդու բոլոր գործերից տեղյակ է:

Նրանից հետաքրքրվեցինք, թե որտեղ են պատրաստվում ջրի սարքավորումները և արդյոք իրենց ընտանիքի կողմից տեղադրված և շահագործվող ապարատները կամ վաճառվող ջուրը ստուգվում են: Տեղեկանալով, որ զրույցը ձայնագրվում է, Թ. Կարապետյանն անջատեց հեռախոսը:

Վերանորոգման կետի հարևանությամբ ապրող բնակիչները պատմեցին, որ ջրի վաճառքի ապարատների մի մասը պատրաստվել է Թևան Կարապետյանի կենցաղային իրերի վերանորոգման կետում, մի մասն էլ բերվել է այլ տարածքից ու տեղում պարզապես ներկվել:

Արմավիր քաղաքում սարքավորումներով վաճառվող ջրի մասին գրել էինք դեռևս 2019թ.-ին: Մինչ օրս պատկան մարմինների մտքով չի անցել հսկողություն սահմանել վաճառվող ջրի որակի նկատմամբ:

Այգեշատ համայնքում տեղադրված է «Թալինի ջուր» գրառմամբ մեկ սարքավորում: Համայնքապետ Արամայիս Մխիթարյանն ընդհանրապես տեղեկություն չուներ, թե ով է տեղադրել, արդյոք ջուրը ստուգվում է: Համայնքապետարանը որևէ թույլտվություն չի տրամադրել: Նա անտեղյակ է

Բամբակաշատ համայնքում ևս մեկ սարքավորում է տեղադրված՝ դպրոցի դիմացի մայթին: Համայնքապետ Արբակ Եղիազարյանի փոխանցմամբ՝ տեղադրողը ֆիզիկական անձ Գարիկ Ստեփանյանն է: Ըստ համայնքապետի՝ համայնքապետարանը ջրի վաճառքի թույլտվություն չի տրամադրել, սարքավորումն ու ջրի որակն էլ չեն ստուգվում: Այստեղ  մեկ լիտր ջուրը վաճառվում է 10 դրամով:

Մեկ սարքավորում է տեղադրված Արմավիր գյուղում: Այստեղ նույնպես համայնքապետարանը թույլտվություն չի տրամադրել տեղադրման կամ գործունեություն ծավալելու համար: Խմելու ջուր վաճառող ապարատը տեղադրվել է նույն Սամվել Կարապետյան անհատի կողմից, որը նմանատիպ սարքավորում շահագործում է Արմավիր քաղաքում:

«Այդ սարքավորումը ենթարկվել է սանիտարահամաճարակային ստուգման, թե ոչ՝ տեղեկություն չունենք»,-ասաց գ. Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը:

Հացիկ համայնքում մի քանի ամիս է, ինչ «Թալինի ջուր» գրառմամբ երկու սարքավորում է տեղադրվել: Դրանք տեղադրել է Մյասնիկյան համայնքի բնակիչ Հովհաննես Խաչատրյանը: Սարքավորումների տեղադրման որևէ թույլտվություն համայնքապետարանը չի տրամադրել: Մեր գրություններից հետո «հիշել» են ու Խաչատրյանին նախազգուշացրել՝ ներկայանալ համայնքապետարան և ստանալ թույլտվություն:

Հացիկի համայնքապետ Արթուր Եղիազարյանը գրավոր հայտնել էր, թե սարքավորումներով վաճառվող ջուրը պարբերաբար ենթարկվում է համապատասխան ստուգման սանիտարահամաճարակային կազմակերպության կողմից:

Երբ այցելեցինք համայնք և խնդրեցինք ցույց տալ ջրի որակի ստուգման փաստաթղթերը, համայնքապետը խոստովանեց, որ իրականում ջրի որակը չի ստուգվել, իրենք չեն տեսել ստուգման որևէ փաստաթուղթ:

Նորապատ համայնքում անհատին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա տեղադրվել է ջրի վաճառքի մեկ սարքավորում: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարգիս Արշակյանը չհայտնեց, թե ով է այն տեղադրել, և արդյոք ջրի որակը ստուգվում է:

«Ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ թույլտվության տրամադրման ուղղությամբ»,-ասաց պաշտոնակատարը:

Սարդարապատ համայնքի միջով անցնող Մ-5 միջպետական ճանապարհի եզրին խմելու ջրի վաճառքի երեք սարքավորում է տեղադրված, երկուսը՝ «Թալինի ջուր», մեկը՝ «Գառնիի ջուր» գրառմամբ: Ըստ համայնքապետ Բաբկեն Վարդանյանի, սարքավորումները տեղադրված են անհատ քաղաքացիների կողմից՝ իրենց սեփական հողատարածքներում:

«Մեր կողմից ոչ մի միջամտություն, թույլտվություն չի եղել: Նրանց կողմից այդ սարքավորումների միջոցով ջուր է վաճառվում ինչպես մեր, այնպես էլ հարևան համայնքների ազգաբնակչությանը: Սակայն, սարքավորումները ստուգվո՞ւմ են և համապատասխանո՞ւմ են սանիտարահամաճարակային նորմերին, մեզ հայտնի չէ»,-հավելեց Սարդարապատի համայնքապետը:

Պետական մարմինները չգիտեն, չեն տեսել, չեն լսել

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ կրպակատիպ սարքավորումներով վաճառվող ջուրը կենտրոնացված ջրամատակարարման համակարգով բնակչությանը մատակարարվող խմելու ջուր չէ: Այն պետք է համապատասխանի Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանում վերապահված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

«Միաժամանակ հայտնում եմ, որ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահված չեն»,-տեղեկացնում է Արտավազդ Վանյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք վերահսկողություն են իրականացնում միայն շշալցված և փաթեթավորված ջրի նկատմամբ, համայնքներում սարքավորումներով վաճառվող ջրի նկատմամբ վերահսկողության լիազորություն չունեն:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանն էլ հայտնել է, որ մեր ուղղած հարցերը դուրս են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրավասության շրջանակներից, քանի որ բնակչությանն անհատական սարքավորումների միջոցով իրացվող խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ առկա չէ տեսչական մարմնին վերապահված, գործող նորմատիվ իրավական ակտ։

«Տեսչական մարմինը գործող նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում ջրամատակարարման կենտրոնացված համակարգով բնակչությանը տրվող խմելու ջրի վերաբերյալ իր գործառույթներն իրականացնում է ռիսկի վրա հիմնված ստուգումների, ինչպես նաև՝ վարչական վարույթների շրջանակներում՝ հիմք ընդունելով բնակիչների կողմից տրված դիմում-բողոքները և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տված տեղեկատվությունը»,-պատասխանել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը:

Պատկան մարմիններին ոչ միայն չի հուզում քաղաքացիներին վաճառվող խմելու ջրի որակը, այլև, թե ինչ սարքավորումներով են դրանք վաճառվում: Փաստացի յուրաքանչյուր ոք կարող է տանը նմանատիպ սարքավորում պատրաստել և ջուր վաճառել: Իսկ գուցե սարքավորումների պատրաստման համար օգտագործվող նյութերը վտանգավո՞ր են մարդկանց առողջության համար: Պատասխանը ոչ ոք չգիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter