HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկան մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկա Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Հատուկ քննչական ծառայության քննիչների, Ոստիկանության էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու մեջ: Գործը դատարանում է:

Գրիգորյանի նկատմամբ սպանության գործի նախաքննության սկզբնական շրջանում պաշտպանության միջոց է կիրառվել, վերջինս հանդես է եկել Արմեն Սարգսյան կեղծանվամբ:

Ըստ մեղադրանքի՝ նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, Գրիգորյանն  ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, այն է՝ 2017 թվականի ապրիլի 11-ին ծանր հանցագործության վերաբերյալ գրավոր հաղորդում է տվել Հատուկ քննչական ծառայությունում, իսկ հետագայում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այն մասին, որ 2016 թվականի հունիսի 4-ին Նուբարաշենում տեղի ունեցած՝ Եղիշե Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ քննված քրեական գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժնի ավագ քննիչ Գառնիկ Մաթևոսյանը, նույն բաժնի քննիչ Գրիգոր Մղդեսյանը, Ոստիկանության էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, այնուհետև, երբ քրեական գործն արդեն քննվել է Հատուկ քննչական ծառայությունում, նույն ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանը, սպառնալիք գործադրելով և այլ ապօրինի գործողություններով հարկադրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքով կեղծ ցուցմունքներ տալ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 4-ին Նուբարաշենի խճուղում՝ No problem ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ սպանվել է 58-ամյա Եղիշե Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի` Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ: Գործի դատաքննության ընթացքում Արարատ Նիկողոսյանը մահացել է, սակայն մահվան հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, և նրա մասով ևս քննությունը շարունակվում է: Այս գործի քննությունը դեռևս դատարանում շարունակվում է:

Դավիթ Գրիգորյանը դատարանում վկայի կարգավիճակով ցուցմունք տալիս հայտնել է, որ  «Արմեն Սարգսյան» կեղծանվամբ սուտ ցուցմունքներ է տվել, և այս ցուցմունքներն է, որ իրեն ստիպել են տալ Էրեբունու այն ժամանակվա ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը, Քննչական կոմիտեի էրեբունու քննիչներ Գրիգոր Մղդեսյանն ու Գառնիկ Մաթևոսյանը: Գրիգորյանը նաև դատարանում ասել է, որ ինքը տեղի ունեցածի մասին պատմել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանին, ով ոչ միայն գործին ընթացք չի տվել, այլ ինքը ենթադրյալ ապօրինություններ է կատարել գործի քննության շրջանակներում:

Սուտ մատնության վերաբերյալ գործի շրջանակներում Գևորգ Հակոբյանը, Գառնիկ Մաթևոսյանը, Դավիթ Կոստանդյանը և Գրիգոր Մղդեսյանը տուժողի կարգավիճակ ունեն:

Դավիթ Գրիգորյանը No problem ավտոտեխսպասարկման կետի աշխատակից է: Թեև նախաքննության սկզբնական շրջանում հանդես է եկել կեղծանվամբ՝ հետո բացահայտվել և իր անունից է ցուցմունքներ տվել:

Ըստ դատարանում տված ցուցմունքի` միջադեպի օրն ինքն ու մեկ այլ աշխատակից` Մերուժան Բադալյանը, մեքենայի տակ մտած` աշխատելիս են եղել, երբ ձայներ են լսել: Դուրս են եկել, տեսել երկու երիտասարդի, որոնք փորձել են տեխսպասարկման կետում վիճաբանություն առաջացնել, որը, սակայն կանխվել է:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Եղիշե Խաչատրյանի սպանության օրը տաքսու վարորդ Սանասար Բադալյանն, ով այս գործով տուժող է, մեքենայով գնալիս է եղել ավտոտեխսպասարկման կետ, և դեպքի վայրով անցնելիս ապակին իջեցրել ու միջադեպի մասնակիցներին նախատել է, ինչն ամբաստանալներ Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել ու նրան հետապնդել, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել: Գրիգորյանը, սակայն, դատարանում հայտնել է, որ ինքը հայհոյանքներ չի լսել, ըստ էության՝ միջադեպ տեղի չի ունեցել, որովհետև իրենց կողմից այն կանխվել է:

Գրիգորյանը դատարանում հայտնել է, որ ինքը որևէ մեկին չի դիմել՝ իր նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու խնդրանքով. նման որոշում կայացվել է գործի քննությամբ զբաղվող մարմնի կողմից:

Վկան հայտարարել է, որ ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանն իրեն համոզել է, որ խճուղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտնի հանգամանքներ, որոնց ինքն իրականում ականատես չի եղել: Արդյունքում Գրիգորյանը պաշտպանված վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալ Արտաշես Չիչոյանին տեսել է Եղիշե Խաչատրյանին հարվածելիս: Ըստ Գրիգորյանի ցուցմունքի՝ Հայկ Պետրոսյանն իրեն ասել է, որ Էրեբունու ոստիկանապետը` Գևորգ Հակոբյանը, տեղյակ է, իր մտերիմն է, որևէ խնդիր չի առաջանա: Նշենք, որ Գևորգ Հակոբյանը դեպքից մոտ մեկ ամիս անց ազատվել է Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից ու ոստիկանության մեկ այլ բաժնում աշխատանքի անցել: 

Էրեբունու քննչական բաժնում, ըստ Դավիթ Գրիգորյանի, երկու քննիչ իրեն ուղղորդել են ու ցույց տվել ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի նկարը, որպեսզի վերջինիս ճանաչման ներկայացնելիս ինքը կարողանա մատնացույց անել Կոսյանին: Նշենք, որ սպանության դեպքից հետո քննչական խումբ է ձևավորվել, որում ներգրավված են եղել քննիչներ Գրիգոր Մղդեսյանը և Գառնիկ Մաթևոսյանը: Այն ժամանակ, երբ Կոսյանն ու ևս երեք անձ ճանաչման են ներկայացված եղել, քննիչներից մեկն, ըստ վկա Գրիգորյանի, իրեն հուշել է, թե կանգնած չորս տղաներից որն է Կոսյանը, իրեն փորձել են համոզել նաև Կոսյանի վերաբերյալ կեղծ ցուցմունքեր տալ, ինչը, սակայն, ինքը չի արել:

Նշենք, որ Գրիգոր Մղդեսյանը հետագայում  աշխատանքի է անցել Հատուկ քննչական ծառայությունում, իսկ դեպքի ժամանակ քննիչ եղած Գևորգ Մաթևոսյանն այժմ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետն է:

Ըստ վկա Գրիգորյանի` երբ Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանին հանդիպելով` պատմել է վերը նշված հանգամանքների, իր նկատմամբ ճնշում գործադրելու մասին, քննիչն ասել է, որ ինքը պետք է քննություն կատարի այն նյութերի հիման վրա, ինչ իրեն փոխանցել են: Այսինքն` ըստ էության, վկա Դավիթ Գրիգորյանի խոսքից ստացվում է, որ քննիչ Դավիթ Կոստանդյանն անտեսել է հանցագործության մասին վկայի հաղորդումը: Ավելին, ըստ վկայի խոսքի, ՀՔԾ-ում իրեն «սպառնացել են», որ եթե փոխի արդեն իսկ տված ցուցմունքներն ու այլ տեղեկություններ հայտնի, կարող է «դրա համար դատվել»: Վկան նաև դատարանում հայտնլ է,  որ երկու անգամ քննիչ Կոստանդյանը իրեն արդեն իսկ գրված ցուցմունքներ է բերել, որոնք ինքը ստորագրել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter